December 7, 2024

Բաքվի իսկական դեմքը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 9 հունվարի, 3(345)

«Ազատության»» ռադիոկայանի «Կայսրություննից հետո» բաժնով վերջերս տրվեց հաղորդում, որն անուղղակի պատասխան է Աշոտ Բլեյանի՝ անցած տարվա նոյեմբերի 14-ի «Ազգում» տպագրված տխրահռչակ, շինծու, ամոթաբեր «ռեպորտաժին»։

Այսօրվա Բաքուն ներկայացնող Դմիտրի Բելավիցկին շեշտում էր,  որ  մռայլ է  քաղաքը,  մրրիկը տակնուվրա է արել այն,  «փողոցներում  թափթփված  կեղտը  երկինք  է  բարձրացել՝ այս ու  այն կողմ շպրտելով հին իրերի կտորներ… Փողոցներում մարդ չի երեւում, լույսերը խավար են, բնակարաններում  գազ  չկա, հացը քառապատիկ թանկացել է.  այս մասին  արդեն  խոսում  են  շատ–շատերը, իսկ Էլչիբեյը հակված է ողջ Ադրբեջանում  հայտարարել  արտակարգ դրություն։

Բաքու ժամանելուն պես Բելավիցկուն առաջինը հանդիպել էր կայարանում սպասող մի ռուս աղջիկ։ Հարցին, թե ինչ եք անում այստեղ, աղջիկը պատասխանել է. «Գնում ենք Ռուսաստան, այստեղ հնարավոր չէ ապրել։ «Պարզվեց, որ Բաքվից եզակիներ չեն փախչում… Ռուս, հրեա, լեզգի, մոլդովացի… Ընտանիքներով, հարյուրներով, պատճառը ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական-հասարակական իրավիճակն է, մարդկային հարաբերությունները, արժանապատվության ոտնահարումը, ազգայինի ոչնչացումը…»։

Դմիտրի Բելավիցկին ներկայացնում է հարեւան հանրապետության արդի քաղաքական կացությունը։ Միակ ազդեցիկ կուսակցությունը ժողովրդական ճակատն է, որի շուրջ համախմբված է մոտ 80 հազար մարդ։ Մնացած 13 կուսակցությունները գրեթե ոչ մի ազդեցություն չունեն։

Բայց ժողովրդական ճակատը նույնպես օրեցօր հեղինակազրկվում է։ Հանրապետությունում մոլեգնում է «Ստոլիպինյան ռեակցիան»։ Դիկտատուրան դաժան հարձակման է պատրաստվում։ Էլչիբեյի վարչակարգը հաշվեհարդար է տեսնում խորհրդային կարգերի օրոք ղեկավար պաշտոններ զբաղեցրածների կամ ներկայիս իշխանավորներին «լավ չվերաբերվողների» հետ։ Այս հարցում, շեշտում է Դ. Բելավիցկին, Ադրբեջանի նախագահը հետեւողական է։

Թաքցվում է Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ կռիվներում զոհվածների ահռելի  քանակը, զրահատեխնիկայի կորուստը։ Բնակչությունն անտեղյակ է իրական վիճակից։ 200 մլրդ  տարեկան բյուջեից 80 միլիարդը նախատեսված է այս տարի ծախսել զուտ «պաշտպանական»» կարիքների համար։ Դրամ  չկա։ Վերջերս Ա. Էլչիբեյը Աղդամ էր գնացել։ Այս առթիվ  տարբեր  մեկնաբանություններ  կան,  նշում է  լրագրողը։ Ոմանց կարծիքով, իբր ցանկացել է տեսնել իր  «հերոս տղաներին», մյուսները պնդում են, որ ուզում է տիրանալ  այստեղ  գտնվող  13 մլն առձեռն դրամին…

«Ադրբեջանը չի շտապում ավարտել հայ –ադրբեջանական կռիվը, թեեւ այս կռվում նրա անհաջողություններն ավելի շատ են, քան նվաճումները։ Ադրբեջանցին չի իմանում, որ իր որդին, եղբայրը, հարազատը սպանված է, ռազմի դաշտում պարտություն է կրում, տասնյակ, հարյուրավոր դիակներ մնում են անտեր ու անթաղ։ Ընդհակառակը, շեշտում է Դ. Բելավիցկին, երկինք է բարձրացվում ամենափոքր իսկ հաջողությունը։

Ադրբեջանի ներկա վհճակին ռուս լրագրողը նայում է իրատեսորեն։ Դ. Բելավիցկու աչքերով Ադրբեջանը օր-օրի հյուծվում, տնքում է հոգսերից, մարդիկ երես են թեքում իրենց ղեկավարից… Իսկ Աշոտ Բլեյանի Ադրբեջանը, Բաքուն, երանելի տեղ է. հեքիաթային մի աշխարհ, ուր կցանկանային լինել շատ-շատերը՝ «զգալու աշխարհի գեղեցկությունը, մարդկային հմայքը»։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives