November 7, 2024
  • Homepage
  • >
  • Thematic
  • >
  • Politics
  • >
  • Արևելքը մերն է. պնդում են թուրք խորհրդարանականները

Արևելքը մերն է. պնդում են թուրք խորհրդարանականները

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Ազգ, 30 սեպտեմբերի, 1992թ.

Վերջերս Ստամբուլում Ռուսաստանը և Թուրքիան ստորագրեցին համաձայնությունների մի փաթեթ: Ինչպես ասում էր պետքարտուղար Գենադի Բուրբուլիսը, այն կատարվեց ռուս-թուրքական հարաբերությունների կեսդարյա ֆոնի վրա: Ջերմ խոսքեր արտասանվեցին նոր Ռուսաստանի և հին Թուրքիայի միջև համագործակցության և նույնիսկ բարեկամության մասին: Թվում է, թե երկու պետությունների միջև գործերը լավ են ընթանում: Սակայն մոսկովյան ազդեցիկ «Լիտերատուրնայա գազետա» թերթը մի քիչ այլ կարծիքի է, որն արտահայտվեց թերթի վերջին համարում:

Քչերին է հայտնի, որ վերջին ամիսներին թուրքական իշխանությունները հաճախ փակում են օդային տարածքները Ադրբեջանի մատույցներում: Մերժում են նաև քաղաքացիական ինքնաթիռների թռիչքը բավականին մեծ գոտում: Ինչո՞ւ:

Անցյալ գարնանից թուրքական ռազմաօդային ուժերի ինքնաթիռներով Էրզրումից Ադրբեջան են տեղափոխվում թուրքական «պահեստային» սպաները, որոնք ավարտել էին իրենց ծառայությունը Թուրքիայի ազգային բանակում: Նրանց տարիքը 30-35 տարեկան է: Միանգամայն ակնհայտ է, որ այդպիսի երիտասարդ տարիքում առհասարակ ծառայությունից չեն ազատում: Տեղում նրանցից յուրաքանչյուրը ստանում է ադրբեջանական մարտիկների մի վաշտ: Ուստի թուրքական «պահեստայինները» առանց դժվարության ուսուցանում են զորակոչիկներին, որից հետո մեկնում են Ղարաբաղ:

Ընդհանուր առմամբ Ադրբեջան են տեղափոխվել 5-6 հազար թուրքական պահեստային սպաներ: Դեպի Ադրբեջան է հեղեղվում թուրքական զենքը, ռազմամթերքը և ռազմական տեխնիկան: Որտեղի՞ց է Թուրքիան ստացել այդ զենքը: Մի՞թե «անհայտ բարեկամներից»: Ոչ, զենքը, ռազմամթերքը և ռազմական տեխնիկան Թուրքիան ստացել է Գերմանիայից՝ «քրդերի դեմ պայքարելու համար»:

Թուրքիայի ուշադրությունն Անդրկովկասի եղելությունների նկատմամբ սոսկ տուրք չէ պատմությանը: Պարզվում է, որ կա նաև թուրքական գեներալ, որը, ինչպես պնդում են, ղեկավարում է Ղարաբաղում տարվող ռազմական գործողությունները: Նրա անունն է Խալիլ փաշա: Խոսքը Բաքվում Թուրքիայի դեսպանության կից ռազմական կցորդ գեներալ Խալիլ Քայլաջիի մասին է: Իր մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությունում, բնական է, բացառում է: Եվ բավականին յուրօրինակ ձևով: Այսպես, պատասխանելով թուրքական «Հյուրիեթ» թերթի թղթակցի հարցին, Խալիլ Փաշան հայտարարեց, որ ինքն անձամբ չի եղել Ղարաբաղում:

Ինչո՞ւ է Մոսկվան, Ստամբուլից և Անկարայից հավաստիքներ լսելիս, բավականին անտարբեր դիտում Թուրքիայի անզուսպ ակտիվությունը նախկին խորհրդային հանրապետություններում, որոնք, ի դեպ, ԵԱՀԽ-ի անդամներ են: Ռուսաստանի սահմանների անվտանգությունը պետք է ապահովվի անշեղորեն, այդ թվում նաև անդրկովկասյան թևում: Պարոն Սուլեյման Դեմիրելը և թուրքական այլ քաղաքագետները իրենց կարծիքը ունեն այնտեղ առաջացած խնդիրների նկատմամբ: Այո, նա ստորագրեց Ռուսաստանի հետ բարեկամության մասին մոսկովյան նոր պայմանագիրը (1992թ. մայիսին): Սակայն միաժամանակ դրանից առաջ հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է քաղաքական դեր խաղալ Անդրկովկասից մինչև Չինաստան ձգվող շրջանում: Այստեղից է, ի դեպ, Անկարայի այրող հետաքրքրությունը Հարավսլավիայի նկատմամբ: Թուրք խորհրդարանականները բացեիբաց ասում են, որ «Արևելքը (այսինքն Անդրկովկասի և Միջին Ասիայի հանրապետությունները) մերն է»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives