«Երկիր», 1993թ., 12 հունվարի 4 (346)
Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ էլչիբեյը նախագահներ Բուշին եւ Ելցինին ուղղված իր ուղերձում բարձր գնահատական է տվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձգձգվող պատերազմի առիթով նրանց արտահայտած անհանգստությանը։
Միաժամանակ նա անբավարարվածություն է արտահայտել այդ հակամարտության շուրջ գերտերությունների եւ միջազգային կազմակերպությունների դիրքորոշումներից, ինչը արտահայտվում է «Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան չընդունելու մեջ։ Հայտարարագրում ասված է նաեւ, որ «Պատերազմը տեղի է ունենում Ադրբեջանի տարածքում, զավթված են ոչ միայն Ղարաբաղի վերին մասը, այլեւ Լաչինի, Զանգելանի, Ղազախի շրջանների եւ Նախիջեւանի ԻՀ մի շարք գյուղեր»։
Խաղաղ բանակցությունների խափանման ամբողջ մեղքը Ադրբեջանի նախագահը դրել է հայկական կողմի վրա, երկու նախագահների ուշադրությունը հրավիրելով այն «փաստին», որ «պատահականորեն չեն համընկել 1992թ. Խոջալուի, իսկ մայիսին էլ Շուշվա ու Լաչինի զավթումը, երբ զուգահեռաբար խաղաղ բանակցություններ էին անցկացվում Մոսկվայում ու Թեհրանում»։
Ադրբեջանի նախագահը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների հետ համերաշխ է նրանում, որ հայ-ադրբեջանական դիմակայությունը ոչ միայն բազմաթիվ մարդկային զոհերով է ուղեկցվում եւ անուղղելի վնաս հասցնում երկու պետությունների տնտեսություններին, այլեւ բացասաբար է անդրադառնում նրանց ժողովրդավարական ուղղվածության զարգացմանը։