Հայաստանի աշխատավոր, 8 հուլիսի, 1919թ., թիվ 90
Ադրբեջանի հանրապետության կառավարությունը, հանձինս առևտրական, արդյունաբերական և պարենավորման նախարար Աղա-Ամինովի մի կողմից և Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանձինս իր Ադրբեջանում դիվանագիտական ներկայացուցիչ՝ Տիգրան Բեկզադյանի մյուս կողմից՝ պայմանագիր կնքեցին հետևյալի մասին.
1. Ադրբեջանի երկաթուղային ճանապարհով Հայաստանի սահմաններից դեպի Ադրբեջան և Ադրբեջանի սահմաններից դեպի Հայաստանի սահմանները ուղարկվող ապրանքների համար վերականգնվում է ազատ փոխանցումն (տրանզիտ), այսինքն՝ փոխանցումն առանց մաքսի:
2. Ադրբեջանի կառավարությունը թույլատրում է Հայաստան բերել հայկական երկաթուղային կարիքների համար հարկավոր քանակությամբ նավթ, մազութ, օծանելի յուղ, որոնց քանակությունը, սակայն, չպիտի անցնի ընդհանրապես, ամբողջ պայմանական շրջանում ութ միլիոն փթից: Պահանջված նավթի ու նավթամթերքների քանակը այս հոդվածում մատնանշված կարիքների համար որոշվում է երկու կողմերի ներկայացուցիչներից հավասար թվով կազմված խառն հանձնաժողովում: Հանձնաժողովի տեղը նշանակված է Բաքվում:
3. Ադրբեջանի կառավարությունը ընդհանուր հիմունքներով՝ թույլատրում է Հայաստանի բնակչության կարիքների համար Հայաստան բերել նավթ և նավթամթերքներ: Իր հերթին Հայաստանի կառավարությունը թույլատրում է նույն հիմունքներով Ադրբեջան արտահանել զանազան ապրանքներ և մթերքներ:
4. Ներկա պայմանագրի երկրորդ հոդվածի համաձայն, հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի երկաթուղիների կարիքների պահանջի չափով, որ չպիտի անցնի ութ միլիոն փութից, Հայաստան ներմուծելիք նավթն ու նավթամթերքներն ազատվում են մաքսից:
5. Երկրորդ կետում նշանակված նավթի ու նավթամթերքների քանակը թույլատրվում է փոխադրել հավասարաչափ քանակություններով:
6. Հայաստանի կառավարությունը թույլատրում է Հայաստանի սահմաններից դեպի Ադրբեջան զանազան տեղական արդյունաբերական ապրանքների և մթերքների արտահանումը, առանց մաքսի, բացառությամբ հացի, շաքարի ու կաշվի, ընդհանուր առմամբ նավթամթերքների արժողության համապատասխան, Հայաստանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչի կամ Ադրբեջանի կառավարության առևտրական արդյունաբերական ու պարենավորման նախարարի առանձին թույլտվությամբ:
7. Սույն պայմանագրի երկրորդ հոդվածի հիման վրա՝ Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստան արտահանվելիք նավթի ու նավթամթերքի արժեքը որոշվում է Բաքվում, արտահանելու ժամանակ այդ ապրանքների արտասահման արտահանելիք արժեքների համաձայն:
8. Հայաստանի կառավարությունը պարտավորվում է չթույլատրել Հայաստանի սահմաններից դուրս արտահանումը նավթի ու նավթամթերքների, որոնք ըստ պայմանագրի 2-րդ և 4-րդ հոդվածների, պիտի արտահանվին Արդնեջանի հանրապետությունից: Իր հերթին Ադրբեջանի հանրապետությունը պարտավորվում է չթույլատրել Ադրբեջանի սահմաններից դուրս արտահանել այն ապրանքները, որը Ադրբեջան է բերված Հայաստանից այս պայմանագրի 6-րդ կետի հիման վրա:
9. Անորոշ ուժերի հարձակման դեպքում պայմանագրվող կողմերը ազատվում են իրենց վրա վերցրած պայմանագրի պարտականություններից այն չափով, ինչ չափով հիշյալ երևույթները խոչընդոտ կհանդիսանան պայմանագրի որոշումները կատարելուն:
10. Ապրանքների փոխանցման գոյություն ունեցող սակագինը և Ադրբեջանից Հայաստան ու Հայաստանից Ադրբեջան բերված ապրանքների սակագինը կարող է փոխվել միայն երկու պայմանագրվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
11. Ապրանքների տեղափոխության վարձը, որ հիշված է 10-րդ կետում, բաժանվում է երկու պայմանագրվող կողմերի մեջ, յուրաքանչյուր պետության սահմաններում ապրանքների անցած տարածության չափի համեմատությամբ:
12. Համաձայն սույն պայմանագրի 2-րդ կետի, Հայաստան ուղարկվող նավթը և նավթամթերքները բերում է հայկական կառավարությունը իր սեփական ուղեգծային գնացքներով և ցիստերներ: Իսկ այդ ապրանքները Ադրբեջանի վագոններով ու ցիստերներով ուղարկվելու դեպքում Հայաստանի կառավարությունը պարտավորվում է վերադարձնել այն ցիստերններն ու գնացքներն այն կարգով, որ կմշակվի ու կառաջարկվի Ադրբեջանի Հանրապետության ճանապարհների հաղորդակցության նախարարության կողմից:
13. Այն դեպքում, երբ ներկա պայմանագրի 8-րդ կետով նախատեսված հանձնաժողովի համաձայնություն չկայանա, վիճելի հարցերը պետք է հանձնվեն միջնորդ դատարանի հանձնաժողովին, որի որոշումը երկու պայմանագրվող կողմերի համար պարտավորեցուցիչ կհամարվի:
14. Ադրբեջանից Հայաստան բերված ու Հայաստանից Ադրբեջան տարված նավթի ու ապրանքների համար, նույն պայմանագրի 3-րդ կետի հիման վրա, երկու պայմանագրվող կողմերին իրավունք է տրվում — Ադրբեջանի կառավարությանը՝ Հայաստանում և Հայաստանի կառավարությանը՝ Ադրբեջանում իրենց սեփական հայեցողությամբ լիազորված մարդկանց միջոցով ուղղակի կամ անուղղակի կերպով պահեստներ կառուցել, բերված ապրանքը տեղավորելու և ծախելու համար:
15. Երկու պայմանագրվող կողմերն էլ պատասխանատու են երկու պետությունների, ինչպես կառավարության, նույնպես մասնավոր քաղաքացիների ունեցվածքի ամբողջության ու պաշտպանության համար, բացառությամբ այդ ապրանքների երկաթուղային ճանապարհներում կատարված բնական պակսումի, որի համար պետությունը պատասխանատու չէ:
16. Հայաստանում ու Ադրբեջանում մասնավոր անհատների ձեռք բերած մթերքները, նավթ և այլն, բռնագրավման չեն ենթարկվում:
17. Հայաստանի կառավարությանը Բաքու քաղաքում ու Յամարով կայարանում իրավունք է վերապահվում նշանակելու ներկայացուցիչներ, որոնք հետևելու են պայմանագրի 8-րդ կետի իրագործման:
18. Ներկա պայմանագրի ժամանակամիջոց է նշանակված 4 տարի, վավերացման օրից սկսած:
19. Ներկա պայմանագիրը կազմված է երկու օրինակ, որոնցից մեկը մնում է Ադրբեջանի կառավարության, մյուսը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության:
Ադրբեջանում հանրապետության արդյունաբերության և առևտրի ու պարենավորման նախարար՝ Աղա-Ամինով, Ադրբեջանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ՝ Տիգրան Բեկզադյան