«Երկիր», 1993թ., 13 մարտի, 46 (387)
Կար ժամանակ, որ մայրաքաղաքի իշխանությունները, ընդօրինակելով քաղաքաշինության միջազգային փորձը, քաղաքի բանուկ խաչմերուկներում կառուցում էին ստորգետնյա անցումներ, որոնք աստիճանաբար դառնում էին առեւտրի ու հասարակական սննդի մարդաշատ կենտրոններ։ Բայց դա անցյալում։ Մայրաքաղաքի նախկին իշխանությունների ակտիվ ջանքերով նկուղների վրա կոոպերատորների գրոհը ավարտվեց հաջողությամբ։ Թվում էր՝ ամեն ինչ պեղված է։ Բայց մետրոյի «Երիտասարդական» կանգառին կից խաչմերուկի գետնուղու հետ կատարվածը հուշում է, որ առաջիկայում նոր գրոհ է սպասվում ստորգետնյա անցումների վրա։ Նշված անցումի աջ ու ձախ թեւերում մարդկանց ճանապարհին հայտնված երկաթյա ճաղերը փակել են լույս աշխարհ տանող ուղիները, եւ բանից անտեղյակ բնակչությունը մի պահ շվար կանգնում է ճաղերի առջեւ եւ զարմացած ու բարկացած նորից հետ դառնում՝ այլեւս ստորգետնյա անցում չմտնելու հաստատ որոշումով։ Մնում է հարցնել մայրաքաղաքի նոր իշխանություններին, այս երեւույթը «անցյալի մնացո՞ւկ» է, թե՞ նոր նախաձեռնություն։