Ազգ, 30 սեպտեմբերի, 1992թ.
Խաղաղ բնակավայրերը հրետակոծության տակ
Ինչպես հայտնում են Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի շտաբից, սեպտեմբերի 28-ի երեկոյան ադրբեջանական կազմավորումները լայնածավալ գրոհ են ձեռնարկել Մարտակերտի շրջանի Կիչան և Վաղուհաս գյուղերի ուղղությամբ: Գյուղի պաշտպաններին ի վերջո հաջողվել է թշնամուն ստիպել նահանջել նախկին դիրքերը: Նույնը տեղի է ունեցել նաև շրջանի արևմուտքում՝ Վաղուհաս գյուղի մատույցներում, որտեղ սեպտեմբերի 29-ի գիշերը տեղի ունեցած ծանր մարտերից հետո թշնամին նահանջել է Գետավանի ուղղությամբ:
Ըստ Ղարաբաղի «Նորություններ» գործակալության տվյալների, Մարտակերտի շրջանում տեղի ունեցած մարտերի ընթացքում հայկական կողմը տվել է 8 զոհ և 19 վիրավոր: Ադրբեջանական բանակը տվել է մինչև 35 սպանված:
Միաժամանակ ադրբեջանական ՍՈՒ-25 գրոհային ինքնաթիռները սեպտեմբերի 28-ի երեկոյան ռմբակոծել են Ասկերանի և Հադրութի շրջանների բնակավայրերը, որոնց հետևանքով վիրավորվել են 6 խաղաղ բնակիչներ: Երեկ առավոտյան հեռահար հրետանուց և Գրադ կայանքներից հրետակոծվել են Մարտակերտի շրջանի Կիչան, Հադրութի շրջանի Էդիլլու և Ասկերանի շրջանի Խաչեն գյուղերը: Հետևանքների մասին տեղեկություններ առայժմ չկան:
Մինչդեռ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, թե Ղարաբաղի հայկական ուժերը Գրադ կայանքներից հրետակոծել են Աղդամ և Ֆիզուլի քաղաքները, ինչպես նաև Աղդամի շրջանի Շելլի գյուղը: Կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է: