Հայաստանի Հանրապետություն, 13 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 202 (547)
Ռուսաստանյան պաշտպանության նախարարության զինվորական դիտորդների առկայությունն իսկ ետ չի պահում ադրբեջանական կազմավորումներին, որոնք շարունակում են մարտական գործողություններ օդում և ցամաքում:
Հոկտեմբերի 10-ին Ստեփանակերտի երկնակամարում հայտնվեցին ադրբեջանական ռազմական երեք ինքնաթիռները՝ ավիառումբերի լրիվ հավաքանիով: Սակայն այս անգամ հաջողացնելով քաղաքի մատույցների վրա նետել միայն երկու ավիառումբ, ռմբակիրներից մեկը խփվեց հայ ինքնապաշտպանների պատասխան կրակից և ընկավ Ստեփանակերտից 5 կիլոմետր հեռու: Բնակելի թաղամասերը ռմբակոծելու եկած օդաչուն ինքը զոհվեց ինքնաթիռի պայթյունի հետևանքով:
Ինչպես հաղորդում է նորությունների Ղարաբաղի գործակալությունը, Ստեփանակերտում գտնվող զինվորական դիտորդները արձանագրել են ռմբակոծության պահը և ինքնաթիռներից մեկի անկումը: Զարմանալի է, որ Ադրբեջանական կողմում գտնվող ռուսաստանյան դիտորդները չեն նկատել ռազմական օդակայաններից ինքնաթիռների թռիչքը:
ԼՂՀ-ի պաշտպանության պետական կոմիտեն նրանց հնարավորություն է տվել լինել Ստեփանակերտում, անձամբ տեսնելու ադրբեջանական ինքնաթիռների բեկորները և ծանոթանալու զինվորական դիտորդների արձանագրություններին:
Չբավարարվելով մեկ ռմբարկուի կորուստով, հոկտեմբերի 11-ի առավոտյան ադրբեջանական «ՍՈւ—25» ինքնաթիռները նորից հայտնվեցին ԼՂՀ-ի տարածքում և ռումբեր նետեցին Մարտակերտի Առաջաձոր, Ասկերանի Շոշ բնակավայրերի գոտու և Հադրութի շրջանի Տող ու Մեծ Թաղլար գյուղերի միջև եղած տարածքի վրա: Տուժածներ չկան: Հավանաբար, վախենալով իրենց գործընկերոջ նախորդ օրը պատահածից, օդաչուները ավելի բարձր են թռել և խառնել հաշիվները:
Հակառակորդն օդային հարձակումներին զուգահեռ գործի է դնում նաև ցամաքային հեռահար զենքեր: Աղդամի և Ֆիզուլինի շրջանի Էդիլու գյուղը:
Թեև Քելբաջարի և Ղուբաթլիի կողմից անընդմեջ գործում են հեռահար հրետանին և «Գրադ» կայանքները, այնուամենայնիվ, Լաչինի մարդասիրական միջանցքը վստահորեն վերահսկվում է հայ ինքնապաշտպանների կողմից: Ավելին, վերջին օրերի մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական ուժերը մայրուղու թե՛ հյուսիսային և թե՛ հարավային հատվածներում զգալիորեն նահանջել են իրենց նախկին դիրքերից: