November 1, 2020

Ցվետանա Պասկալևա. Քելբաջարի գրավման վճռի հիմքը

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

«Հայություն», 1993թ. ապրիլ, թիվ 5 (23)

Մարտակերտի համար մղվող կռիվների օրերին Արցախի ռադիոյով և հեռուստատեսությամբ տրված լուրերից տեղեկացա, որ ադրբեջանական կառավարությունը իմ «հակաօրինական» գործունեության համար բողոքագիր է հղել Բուլղարիա։ Պաշտոնապես այդ փաստաթուղթը ինձ ներկայացվեց իմ հայրենիքում։ Բուլղարիայի արտաքին գործոց նախարարությանը ուղղված Մոսկվայի՝ Ադրբեջանական Հանրապետության ներկայացուցչության բողոքագրից հայտնի է դառնում, որ իրենց համբերության բաժակը լցվելու պատճառը եղել է 1993 թվականի փետրվարի 28-ին Ռուսաստանի «ՎԵՍՏԻ» լրատվական ծրագրով տրված իմ հաղորդումը, որը «ադրբեջանական ժողովրդին ու նրա բանակին սևացնելու, վարկաբեկելու մի հերթական փորձ է»։

Ի դեպ, բողոքագրի զվարճահարույց մի պարբերության մեջ ասված է, որ իբր թե ես ուրիշի հողը զավթող բանակի զինվորների հետ զենքը ձեռքիս կեցվածք եմ ընդունել հեռուստախցիկի առաջ։ Մինչդեռ, վստահաբար կարող եմ հայտնել, որ նման պատկեր ոչ ոք չէր կարող ցույց տալ, քանզի ես երբեք, կատակով անգամ, զենք չեմ վերցնում և չեմ վերցնի իմ ձեռքը, ուր մնաց թե կեցվածք ընդունեի։ Ինչ վերաբերում է «ուրիշի տարածքներ» արտահայտությանը, ապա, որքան ինձ է հայտնի, ես գտնվում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որի իշխանությունների թույլտվությունը ես ունեմ։ Այնուհետև շեշտված է. «Ց. Պասկալևայի գործունեությունն արդեն վաղուց է հարուցում մեր հանրապետության հասարակայնության արդարացի վրդովմունքը, որն արդարացիորեն ենթադրում է, թե նրա անթաքույց, հակաադրբեջանական գործողությունները նպաստում են ազգամիջյան հակամարտությունների հետագա հրահրմանը և չեն նպաստում ադրբեջանական և բուլղարական ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների հետագա ամրապնդմանը»։

Բողոքագրի վերջում հույս է հայտնվում, թե Բուլղարիայի արտաքին գործոց նախարարությունն անհրաժեշտ գնահատական կտա իր քաղաքացի Պասկալևային՝ նման գործունեության համար։ Երկրիս իշխանություններին տեղեկացրի, թե իմ հեռուստասյուժեները, նկարահանված կադրերը աղավաղված, խեղաթյուրված հնարածին կամ մոնտաժված չեն։ Իմ աշխատանքներով ես ասում եմ ճշմարտությունը և միայն ճշմարտությունը։ Իրազեկ հեռուստադիտողներին հայտնի է, որ հիշյահ Մարտակերտի շրջանի գյուղերի ազատագրման մասին պատմող սյուժեով ներկայացրել եմ ադրբեջանական բանակի գերի և զոհված զինվորներին։ Հասարակական դժգոհության ալիք բարձրացնելով՝ այդ հաղորդումը, ըստ երևույթին, շատ է գրգռել ադրբեջանական կառավարության վերին օղակներին։ Մինչդեռ ես փորձել եմ զգուշացնել ադրբեջանցի մայրերին` ցույց տալով, թե իրականում ինչ ճակատագրի են արժանանում իրենց զավակները։ Չգիտեմ, դրա հետ կապեմ, թե ոչ, բայց իմ այդ հաղորդումից հետո Մոսկվայում գտնվող Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցչության առաջ սկսվեցին լեզգիների ցույցերը. «Չենք ուզում զոհվել Ղարաբաղում», «Ավելի լավ է մեռնենք ազատ Լեզգիստանի համար» պլակատներով դուրս եկած երիտասարդ լեզգիները պատառոտում էին զինվորական ծանուցագրերը` բարձրաձայն հայտարարելով, որ չեն ծառայի ադրբեջանական բանակի շարքերում…

Առհասարակ, կարծում եմ, որ Բուլղարիայի կառավարությանն արված այդ բողոքն ավելորդ մի քայլ է։ Իմ երկրի արտաքին գործոց նախարարությունում մենք եկանք ընդհանուր այն եզրահանգման, որ ես անկախ լրագրող եմ և գործում եմ իմ խղճի ու մտքի թելադրանքով։ Այսինքն, ասածս պետք է ընկալվի որպես իմ և ոչ թե իմ երկրի խոսքը։ Եվ հասկանալի է, որ Բուլղարիան դիվանագիտական իր հարաբերությունները լրագրողի թելադրանքով չի կառուցում։ Թեև, անկեղծ ասած, դա ինձ համար ինչ-որ տեղ նաև շատ շոյիչ գնահատական է։ Գոնե իմ երկրի (կարծում եմ նաև Խորհրդային Միության) մամուլի պատմությունը նման փաստ չի գրանցել։ Բացի այդ, այն որոշ չափով անսպասելի՝ գովազդի դեր կատարեց ինձ համար։ Մինչև հիմա իմ հասցեին արված առանձին սպառնալիքներ եղել էին, բայց ես չէի կարծում, թե իմ գործերը կարող են ադրբեջանական կառավարության կառույցներն այդ աստիճան ցնցել։ Մնում է ենթադրել, որ դրանց հիմքերն այնքան էլ ամուր չեն…

Ինչևէ, սա փաստ է, որն իմ հետագա գործունեության վրա որևէ կերպ չէր կարող անդրադառնալ, և ես կրկին մեկնեցի առաջին գիծ, ուր մարտերը ընթանում էին Քելբաջարի ուղղությամբ։

Հիմա արևմտյան մամուլում և առհասարակ դրսում շատ են խոսում հայկական ագրեսիայի մասին։ Հեռվից մակերեսային գնահատական տալու պարագայում գուցե և կարելի կլիներ օգտագործել այդ արտահայտությունը։ Բայց բանիմաց մեկնաբանները, քաղաքագետները, առավել ևս քաղաքական գործիչները գիտեին, որ ներքին մի շարք պատճառների գոյությունն է նման հարկադրական քայլերի մղել հայկական ուժերին։ Եվ քանի որ արդեն երկու տարի է, ինչ ես դիտում և լուսաբանում եմ այս պատերազմը, ինձ նույնպես հայտնի է, թե ինչն էր մարտական վճռական այդ գործողությունների հիմքը։

Որպեսզի փրկվի Արցախի երիտասարդ հանրապետության անկախությունը և պահպանվի երկրի շնչափող դարձած Լաչինի միջանցքը, հայկական ուժերը ստիպված եղան հանգցնել բոլոր այն կրակակետային պահոցները, որոնք տեղադրվել էին Քելբաջարում։ Լաչինի մարդասիրական միջանցքը միշտ էլ վտանգի տակ է եղել երկու՝ Քելբաջարի և Կուբաթլիի կողմից։ Առաջինի կրակակետերը մարեցին։ Իսկ Կուբաթլիից դեռ շարունակում են հրետակոծել։ Այնպես որ Արցախը արտաքին աշխարհի հետ կապող հանգույցը դեռ այնքան էլ անվտանգ չէ։ Առհասարակ, ես հումանիստ եմ։ Ուժի, մարտական գործողությունների միջոցով որևէ խնդրի կամ հակամարտության լուծումն ինձ համար միշտ անհասկանալի, անընդունելի է եղել։ Բայց ռազմական իրադարձություններով հագեցած այս երկու տարիներն ապրելով՝ սկսեցի կամաց-կամաց հասկանալ, որ արցախցիների համար պարզապես ուրիշ ելք չկար։ Չգրված մի օրենքով նրանք միջազգային հասարակայնությունից, քաղաքական շրջանակներից հենարանի փոխարեն մասնակի ցավակցություններ և մարդասիրական օգնություն են ստացել։ Դրանցով հնարավոր չէր պաշտպանվել հրետակոծումներից ու ռմբակոծումներից, թեթևացնել ծանր վիճակը։ Ստացվել է, որ միայն զոհերի ու կորուստների, ուրեմն և մեծ տառապանքի տեր են դարձել։ Քելբաջարը ստեղծված այս անտանելի իրավիճակից դուրս գալու միակ ելքն էր։ Անհրաժեշտ էր պահպանել Լաչինի միջանցքը և Մարտակերտի շրջանի հյուսիսային պաշտպանական գծերը։ Անհրաժեշտ էր փակել Գյանջայի կողմից լեռնանցքով անցնող այն ճանապարհը, որով հզոր ուժեր՝ ռազմամթերք և կենդանի ուժեր էին տեղափոխվում Մարտակերտ և Լաչինի միջանցք։ Ճիշտ է, դա ձմռանը դժվարանցանելի ճանապարհ էր, բայց ձնհալից հետո բանուկ էր դարձել։ Հետևաբար, այդ հատվածը պետք էր վնասազերծել։ Այն լուրերը, թե իբր Քելբաջարում հազարավոր խաղաղ բնակիչներ են տուժել, թե դաժանություններ են կատարվել կամ էլ թե մեծաթիվ զոհեր են եղել, ստահոդ հայտարարություններ են։ Հայկական ուժերը գիտեին, որ վերջիվերջո իրենց կրկին ագրեսորի պիտակն են կպցնելու։ Այդուհանդերձ, ամեն ջանք գործադրվեց, որ մարտական գործողությունները Քելբաջարի խաղաղ բնակչության համար հնարավորին չափ ցավազուրկ և անկորուստ անցնեին։ Նախ՝ հատուկ հրաման կար (ընդհուպ մինչև զինվորական ատյան) բնակչությանը ձեռք չտալու և նրա հեռանալը չարգելելու մասին։ Իսկ եթե զոհվել են, ապա՝ ճանապարհին՝ պատահական արկերից։ Ի՞նչ արած, պատերազմ է։ Խստություն է հանդես բերվել միայն նրանց հանդեպ, ովքեր դիմադրություն էին ցուցաբերում կամ խոչընդոտում ռազմամեքենաների տեղաշարժմանը և այլն։ Ծեր մարդկանց, կանանց ու երեխաների եմ տեսել, որոնց հայ զինվորները տեղափոխում էին Ստեփանակերտ։ Ճանապարհվելուց առաջ բոլորին կերակրում էին։ Ըստ երևույթին, երկու հանրապետությունների միջև ընդհանուր պայմանավորվածությունից հետո կլուծվի նաև այդ մարդկանց ճակատագիրը։ Ի դեպ, գրավված բնակավայրերի տները չհրկիզելու հատուկ հրաման էլ կար։ Ամեն մի գյուղի մոտենալիս հայերը բարձրախոսով բնակիչներին հեռանալու, իսկ զինվորներին հանձնվելու կոչ էին անում։ Շատ գյուղեր արդեն հասցրել էին դատարկվել։ Մնացել էին փոքր, մի քանի ավանատիպ գյուղեր, որոնց փախուստը չէր կազմակերպված։ Հիմնականում մնացել էր չքավոր այն խավը, որը փոխադրամիջոց չուներ։ Ասում էին նաև, որ ադրբեջանական զինվորները չէին թողել, որ բնակիչները ժամանակին հեռանան, թեև արդեն գիտեին օրավուր մոտեցող վտանգի մասին և ուզում էին լքել իրենց տները։

Ինչ խոսք, հակառակորդը նահանջում էր կռվելով, և հատկապես վերոհիշյալ Գյանջա տանող լեռնանցքի մոտ բավական խոշոր մարտեր տեղի ունեցան։ Բանն այն էր, որ ադրբեջանական զորամասը այս ճանապարհը հսկող հայկական բանակի դիրքերին մոտենալիս սպիտակ դրոշակ էր պարզել: Արդեն հազարամյակներ է, ինչ բոլոր ժողովուրդների համար սպիտակ դրոշակը բանակցություններ վարելու կամ հանձնվելու պայման է նշանակում։ Բայց ադրբեջանցիները, մոտենալով դիրքերին, կրակ բացեցին։ Իրենց այդ նենգության համար շատ խիստ պատժվեցին,..

Հանդիպել ու զրուցել եմ թե՛ խաղաղ բնակիչների, թե՛ գերի վերցված ադրբեջանցիների հետ։ Առաջինները, օրինակ, հուզված ասում էին. «Մենք դրկիցներ ենք և այսպես էլ ապրելու էինք միշտ, ինչո՞ւ ղարաբաղցիներին չեն թողնում հանգիստ ապրել իրենց հողում, որ մենք էլ հանգիստ ապրենք…»։ Գերի զինվորները պատմում էին, որ ընդամենը երկու օր առաջ իրենք Բաքվի փողոցներում խաղաղ զբոսնում էին։ Միանգամից զորակոչել, զենքը ձեռքներն են տվել, բերել ռազմաճակատի առաջին գիծը։ Ասացին թե՝ որպես կանոն ռազմի դաշտ են ուղարկում հատկապես չունևորներին։ Նրանք, ովքեր հարուստ են, խոշոր գումարների կաշառք տալով՝ ազատվում են զինծառայությունից։ Նման պատմություններ լսելիս ակամա խղճահարությամբ ես լցվում այդ անմեղ զոհերի հանդեպ, զարմանում ադրբեջանական կառավարության վարած քաղաքականության վրա։ Բայց մի կառավարություն, որը ռազմական կամ շահադիտական ինչ-ինչ նպատակներ հետապնդելով՝ սեփական ժողովրդի կամքին հակառակ է գործում, չի կարող երկար դիմանալ։ Թեպետ, վստահ եմ, որ Արցախի այս վերջին վճռական քայլը, ինչպես Ադրբեջանին, այնպես էլ շահագրգռված մի քանի երկրների պետք է սթափեցնի։ Եվ վերջապես, բանակցությունների սեղանի շուրջը, հավասար հիմունքներով պետք է ներկա գտնվի նաև Արցախը։ Մինչև հիմա Արցախի հիմնահարցերը քննարկելու ժամանակ արցախյան կողմը միայն դիտորդի վիճակում է եղել։ Հիմա ապացուցվեց, որ եթե իրեն օգնություն չի ցուցաբերվում, և որևէ մեկի վրա հույս դնել չի կարելի, ապա ինքը, կամք դրսևորելով՝ կարող է ստիպել, որ իր հետ հաշվի նստեն։ Ծիծաղելի է, իհարկե, որ շատերին թվում է կամ համոզված են, որ վերջին այս հաջողությունները ոչ թե բուն արցախցիների, այլ դրսից եկած ուժերի (այսինքն՝ ռուսների) օգնությամբ են իրականացվել։ Սա ճշմարտությանը բացարձակապես հակասող կարծիք է։

Ռուսներ, առհասարակ, այնտեղ չկային։ Դրսից եկածները միմիայն հայ կամավորներ էին։ Բայց նրանք միշտ էլ եղել են։ Ոչ ոք չի կարող արյան կանչին արգելք դառնալ… Քելբաջարի հաջողությունները նաև ռազմավարական մշակված ծրագրի հմուտ իրագործման արդյունք են։ Թեև անհասկանալի են ադրբեջանական բանակի ի սկզբանե խուճապի մատնվելու պատճառները։ Մանավանդ որ տեղանքը բավական նպաստավոր էր։ Ենթադրվում է, որ հայկական հետախուզական ուժերը շատ լավ էին աշխատել… Մարտական գործողություններն իրականացվում էին առանց վրիպումների և, որ շատ կարևոր էր, աննշան կորուստներով։

Ցավալի է, բայց զոհեր հետո, թիկունքում եղան՝ ականների պայթյունից, այսինքն՝ այսպես կոչված, անազնիվ կռվում… Հատուկ մշակված իր առաջընթացով Արցախի հայկական բանակն ապացուցեց, որ ռազմավարական բարձր կարողությամբ է օժտված։ Այժմ ռազմաճակատում հարաբերական դադար է։ Երևի պետք է սպասենք Պրագայի հանդիպման արդյունքներին, թեև պատերազմի անիվը գլորվում է այնպիսի արագությամբ, որ հենց հիմա դժվար թե կանգնեցվի…

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives