October 27, 2020

Վ.Կազիմիրով. «Առանցքայինը հուսալիությունն է»

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off

«Երկիր», 19 օգոստոսի, 1993թ., թիվ 156 (497)

«Մենք միայն ուրախ կլինեինք, եթե հակամարտող կողմերը կարողանային կարելվույն չափ շատ հարցեր լուծել միմյանց հետ»,– օգոստոսի 17-ին ՌԴ ԱԳ նախարարությունում կայացած մամլո ասուլիսում ասել է Վ. Կազիմիրովը՝ մեկնաբանելով Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ ուղղակի բանակցությունները։ Միաժամանակ նա գտնում է, որ «իննյակը» կարող է լուծել այդ խնդիրը, թեեւ ուղղակի բանակցությունները, նրա կարծիքով, կարեւոր են փոխադարձ անվստահությունը նվազեցնելու առումով։

Կազիմիրովը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրով ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի անդամ երկրների Հռոմի հանդիպման (22.07 -12.08.93թ) արդյունքներով «իննյակը» մշակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822 եւ 853 բանաձեւերի կատարման վերանայված ծրագիր, որով նախատեսվում է հայկական կազմավորումները դուրս բերել Ադրբեջանից բռնազավթված տարածքներից, 60 օրով դադարեցնել ռազմական գործողությունները, վերսկսել հանդիպումները Մինսկի խմբի շրջանակներում։ «Ռուսաստանը,– ասել է,– Կազիմիրովը, բոլոր կողմերին առաջարկում է կրակը դադարեցնել գոնե 10 օրով»։

Պատասխանելով ԼՂՀ-ն ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ հարցին՝ պրն Կազիմիրովը նշել է, որ թեեւ այդ հարցը մշտապես բարձրացվում է «իննյակի» նիստերում, ինքը դա առաջնահերթ չի համարում։ Տվյալ պահին գլխավոր խնդիրը, ասել է նա, աստիճանական կարգավորման հիման վրա պատերազմը դադարեցնելն է։

Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի բանաձեւի կատարմանն ուղղված անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցը նախատեսում է ոչ միայն ադրբեջանական տարածքներից օկապացիոն ուժերի դուրսբերումը, այլեւ բովանդակում է ռազմական բոլոր գործողությունները եւ թշնամական ակտերն անհապաղ դադարեցնելու պահանջ։ Այն համալիր կատարում է պահանջում: «Ամբողջ խնդիրն այն է, որ ամեն ինչ կատարվի մշակված ժամանակացույցին համապատասխան»,– ընդգծել է Կազիմիրովը:

Մամլո ասուլիսի ավարտից հետո պատասխանելով Մ. Ռաֆայելլիի` իբրև Լեռնային Ղարաբաղի խնդրով Մինսկի համաժողովի նախագահի, հետագա ճակատագրին վերաբերող «Հայլուրի» թղթակցի հարցին, Կազիմիրովն ասել է. «Ժամանակին Մինսկի համաժողովի նախագահության վերաբերյալ որոշումն ընդունվել է ԵԱՀԽ-ի գործող նախագահի կողմից և այժմ այդ հարցը նա պետք է լուծի»:

Խոսելով հակամարտության խնդրում Ադրբեջանի դիրքորոշման մասին` Կազիմիրովը նշել է. «Մենք հիմքեր չունենք կասկածելու, որ Ադրբեջանի ներկայացուցիչներն անկեղծորեն ձգտում են կարելվույն չափ շուտ վերջ տալ հակամարտությանը, որպեսզի շուտափույթ վերադարձվեն Ադրբեջանի տարածքները: Խնդիրն այլ է: Հարկավոր է մի մեխանիզմ որը կբացառի ռազմական գործողությունների վերսկսումը: Մեր կարծիքով առանցքայինը ռազմական գործողությունների դադարեցման հուսալիությունն է»: Իսկ թե ինչպես կարելի է դրան հասնել, ռուս դիվանագետը պատասխանել է. «Անհրաժեշտ է ձեռնարկել մի ամբողջ շարք կազմակերպական, քաղաքական և ռազմատեխնիկական միջոցառումներ: Դա առավել լուրջ հիմնահարցերից մեկն է: Մինսկի խմբում սկսել են գիտակցել այդ…

Ռուսաստանը շատ է խորհել և շարունակում է ուղիներ որոնել, որպեսզի ստեղծվի համակարգիչ հանձնաժողով, որը հակամարտող բոլոր կողմերի մասնակցությամբ և ԵԱՀԽ-ի գործող նախագահի ներկայացուցչի նախագահությամբ լուծի ռազմատեխնիկական կոնկրետ հարցերը»:

Թղթակցի այն դիտողության առնչությամբ, թե Թուրքիան անաչառ կողմ չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, Կազիմիրովն ասել է. «Այդ հարցի շուրջ տարբեր տեսակետներ կան: Թուրքիայի արտգործնախարարի այցի նախօրեին ես գերադասում եմ ձեռնպահ մնալ մեկնաբանություններից»:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives