May 12, 2021

Ստեփանակերտը և Բաքուն բանակցում են առանց միջնորդների

  • by Archives.am
  • 28 Years ago
  • 0

Երկիր, 30 հուլիսի, 1993թ., 142(483), ուրբաթ

Բաքուն հրաժարվո՞ւմ է

1993թ. հուլիսի 28-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքում կայացավ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների ղեկավարության ներկայացուցիչների հանդիպումը: Ադրբեջանական կողմից հանդիպմանը ներկա էին պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ս. Աբիևը, պետնախարար Ի. Ալիևը, ԱԳՆ ներկայացուցիչ Զուլֆուգարովը, ռազմագերիների և պատանդների հարցերի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ի.Քյազիմովը, իսկ Լեռնային Ղարաբաղից՝ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ԱԱՊՎ ներկայացուցիչ Կ.Աբրահամյանը, ռազմագերիների հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Ա. Աղասարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվում էին հրադադարի՝ մի քանի օր առաջ ձեռք բերված պայմանավորվածության երկարաձգման և երկու հանրապետությունների ղեկավարների բարձր մակարդակի հանդիպման հնարավորության հարցեր: Քննարկվել են նաև ռազմագերիներին և պատանդներին առնչվող հարցեր:

Ղարաբաղյան կողմը ներկայացրեց երկարաժամկետ հրադադարի և մոտ ժամանակներս երկու հանրապետությունների ղեկավարների բարձր մակարդակի հանդիպման շուրջ համաձայնագրերի երկու նախագիծ: Ադրբեջանական կողմը հայտարարեց, որ այդ փաստաթղթերը կներկայացվեն Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության քննարկմանը որից հետո դրանց պատասխան կտրվի:

Կողմերը այն միտքը հայտնեցին, որ անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր քայլերը հակամարտության քաղաքական կարգավորման համար և նշեցին երկու հանրապետությունների ներկայացուցիչների բարձր մակարդակի պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը:

Կողմերը պայմանավորվեցին նաև հարցերի լայն շրջանակի շուրջ պարբերական շփումներ ապահովելու մասին: Իբրև բարի կամքի դրսևորում՝ հանդիպումից անմիջապես հետո ադրբեջանական կողմին հանձնվեց ռազմագերիներից մեկը:

Հաջորդ օրը՝ հուլիսի 29-ին, ԼՂՀ նախարարների խորհրդի նիստերի դահլիճում իր անդրանիկ մամուլի ասուլիսն անցկացրեց ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արկադի Ղուկասյանը: Բաքվից ստացված հեռախոսազանգը ընդհատեց ասուլիսը: Ինչպես հետո տեղեկացրեց պրն. Ղուկասյանը, Ադրբեջանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը հեռախոսով հայտնել էր, որ նախորդ օրվա բանակցությունները չեղյալ են հայտարարվել, քանի որ ադրբեջանական կողմի ներկայացուցիչները լիազորված չեն եղել հանրապետության ղեկավարների կողմից:

Անդրադառնալով նախորդ օրը տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին, ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ մոտ 1.5 ժամ տևած հանդիպման ժամանակ նախ առանձնազրույցներ են տեղի ունեցել պաշտպանության նախարարների, գերիների փոխանակման հարցերի հանձնաժողովների նախագահների, ինչպես նաև իր և Ադրբեջանի պետական նախարարի և ԱԳՆ ներկայացուցիչների հետ: Ներկայացուցիչների ընդհանուր հանդիպման ընթացքում բավական ժամանակ է պահանջվել ճշտելու, թե ում հետ են բանակցություններ վարում՝ ԼՂՀ հայկական համայնքի ներկայացուցիչների՞, թե ԼՂՀ պաշտոնական պատվիրակության: Ի վերջո, Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչները եկել են այն համոզման, որ գործ ունեն ԼՂՀ պատվիրակության հետ: Ընդունվել և ստորագրվել են հրադադարի երկարաձգման, պետական իշխանությունների ղեկավարների հանդիպում կազմակերպելու մասին համաձայնագրերը: Ադրբեջանական կողմը անմիջապես չի ստորագրել համաձայնագիրը, հայտարարելով, որ ինքը լիազորված չէ այդ անելու, դա կարվի միայն հանրապետության ղեկավարության հետ համաձայնեցնելուց հետո: Հուլիսի 28-ի լույս 29-ի առավոտյան հայտնի դարձավ, որ այդ համաձայնագրերը ստորագրվել են: Ավելի ուշ, փաստորեն, այդ լուրը հերքվեց:

Նախարարական իր առաջին հրապարակային ելույթի ժամանակ Արկադի Ղուկասյանը ներկայացրեց նաև նոր նախարարության ստեղծման անհրաժեշտությունը, նրա նպատակների ու խնդիրների հետ կապված մի շարք հարցեր, որոնք անմիջականորեն վերաբերում են Լեռնային Ղարաբաղի՝ դե ֆակտո հանրապետություն դառնալու և այդ հանրապետությունը միջազգային ասպարեզ հանելու խնդրի հետ: «Ինչպես գիտենք, առայսօր ԼՂՀ-ն միջազգային քաղաքական իրավունք է ձեռք բերել որպես հակամարտության կողմ և ոչ թե որպես հանրապետություն: Նորաստեղծ նախարարության առջև դրված են մեծ խնդիրներ՝ ԵԱՀԽ-ի շրջանակներում Մինսկի խորհրդաժողովի բանակցությունների ու փաստաթղթերի մշակման ու ներկայացման, միջազգային այլ կազմակերպությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, դիվանագիտական ճանապարհով ԼՂՀ բնակչության խաղաղության ապահովման, նրա քաղաքական մակարդակի բարձրացման և այլ հարցերի կարգավորումը»:

Անդրադառնալով ԼՂՀ ԱԳՆ հետագա անելիքներին, Ա. Ղուկասյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հիմնական կետերի վրա, որոնք նախանշված են նոր նախարարության ստեղծման հիմնակազմիչ նախագծում: Այն արդեն ուղարկվել է միջազգային շատ դիվանագիտական հաստատությունների: Այնուհետև արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց հարցերի ու տարբերակների այն խումբը, որն ուղղված է ՄԱԿ-ի ԱԽ 822 բանաձևի շրջանակներում «Անհապաղ միջոցառումների ժամանակացույցի» կատարմանը:

«Այս ժամանակացույցը ընդունվել է Հայաստանի ու Ադրբեջանի հանրապետությունների կողմից,- շարունակեց պրն Ղուկասյանը,- իսկ ղարաբաղյան իշխանությունները դրա կատարման ուղղությամբ արդեն հանդես են եկել կտրուկ առաջարկությամբ՝ իրենք Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանի շուրջ կնստեն միայն այն դեպքում, երբ փոփոխություններ կմտցվեն ժամանակացույցում»:

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives