December 7, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Սեյրան Բաղդասարյան. «ԵԱՀԽ հայտարարությունը ադրբեջանական գրոհի ինդուլգենցիան է»

Սեյրան Բաղդասարյան. «ԵԱՀԽ հայտարարությունը ադրբեջանական գրոհի ինդուլգենցիան է»

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», 28 հուլիսի, 1993թ., 142(393), չորեքշաբթի

Ինչպես հայտնի է, Լեռնային Ղարաբաղի խնդրով ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահը մի քանի օր առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կրակի դադարեցման ժամանակացույցի համահեղինակ 9 պետությունների ներկայացուցիչների հետ մեկտեղ վճռականորեն դատապարտում է Աղդամ քաղաքի գրավումն ու պահանջում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու զորքերը դուրս բերել զավթված տարածքներից: Հայտարարությունը տարակուսանք է հարուցում արդեն այն առումով, որ այնտեղ խոսվում է «Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի» մասին, որոնց ղեկավարներն իբր Մինսկի համաժողովի նախագահի առաջ պարտավորություն են ստանձնել չգրավել Աղդամը, սակայն խախտել են այն: Ընդհանրապես, տեքստում երեք անգամ օգտագործվում է «Ղարաբաղի հայկական համայնք» արտահայտությունը, ինչը, «հին, երանելի ժամանակները» հիշեցնելուց զատ նաև ենթադրվում է, թե Ղարաբաղում այլ համայնք ևս գոյություն ունի: Մտահոգությունների տեղիք է տալիս նաև հետևյալ նապադասությունը՝ «Նրանք, ովքեր Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքին ոգեշնչում են շարունակել մարտերը և հարձակվել շրջակա տարածքների վրա, նրա հետ բաժանում են հայերի նոր զոհերի և հայկական տնտեսության ավերման պատասխանատվությունը»: Ինչևէ: Ամենայն հավանականությամբ ԼՂՀ իշխանություններն առաջիկայում հանդես կգան համապատասխան հայտարարությամբ, իսկ առայժմ որոշեցինք Մինսկի խմբի նախագահի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքով դիմել ՀՀ Գերագույն խորհրդի Արցախի հանձնաժողովի նապագահ Սեյրան Բաղդասարյանին, որը վերջերս է վերադարձել Ղարաբաղից, ուր գտնվում էր Գերագույն խորհրդի մի խումբ պատգամավորների հետ:

«Նախ Աղդամի գրավման մասին. այդ քաղաքը վեր էր ածվել մի ռազմական որջի, որտեղից խաղաղ բնակչությունը դուրս էր բերվել դեռևս ամիս-ամիսուկես առաջ: Այնտեղից ոչ միայն ուղիղ նշանառությամբ հրետակոծվում էին Ստեփանակերտն ու մերձակա գյուղերը, այլև պարբերաբար ձեռնարկվում էին լայնածավալ գրոհներ: Բնական է, որ ղարաբաղյան ուժերը ստիպված էին դիմել պատասխան գործողությունների, որոնց ընթացքում նրանք երկու կողմից շրջանցեցին քաղաքը և գրավեցին ռազմական հենակետի վերածված գյուղերը, որից հետո ադրբեջանական ուժերը ինքնակամ լքեցին քաղաքը: Նրանք ինքնակամ են հանձնել Աղդամը: Այլ կերպ ասած՝ ղարաբաղյան ուժերի կողմից Աղդամի վրա ճակատային հարձակում, փողոցային մարտեր և այլն չի եղել: Ի դեպ, սա շատ նման է Լաչինի հանձնմանը, որը նույնպես ուղղակի գրոհով չի գրավվել: Այնպես որ, հայտարարության այս կետը չի համապատասխանում իրականությանը:

Ինչ վերաբերում է շարունակ կրկնվող «Ղարաբաղի հայկական համայնք» արտահայտությանը, ապա հենց միայն այդ պատճառով հայտարարությունը ոչ միայն ընդունելի չէ, այլև մեկ-երկու տարով հետ է տանում ժամանակը և ի չիք դարձնում այն արդյունքները, որոնք ստացվել էին: Մենք գիտենք, որ կոնֆլիկտի լուծման հիմնական խոչընդոտն այն է, որ բանակցությունների ընթացքում Ղարաբաղը չի դիտվում որպես ռազմաքաղաքական կողմ: Մարիո Ռաֆայելին Ղարաբաղում հանդիպում է ԼՂՀ ղեկավարության հետ, իսկ հետո հանդես գալիս նման հայտարարությամբ, որից այնպես է ստացվում, թե Ղարաբաղում գոյություն ունեն հայկական և ադրբեջանական համայնքներ, և հակամարտությունը նրանց միջև է, իսկ հայկական համայնքը դուրս է գալիս սահմաններից և շարժվում Ադրբեջանի խորքը: Իմ կարծիքով, հենց դա է հայտարարության աղը:

Ինչպես ինձ, այնպես էլ կարծում եմ, Ղարաբաղի համար անընդունելի է նաև հայտարարության այն մասը, որտեղ խոսվում է «Ղարաբաղի հայկական համայնքին ոգեշնչողների» մասին: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ բացահայտ մեկնաբանում, որ հետևելու է ադրբեջանական լայնածավալ հարձակում, և Ռաֆայելին փաստորեն այդ հարձակման համար ինդուլգենցիա տվեց: Ինչ է, նա չգիտի՞, որ հայերը 3000 զոհ են տվել, որ ԼՂՀ տարածքի մի զգալի մասն ավերված է, մի մասն առ այսօր զավթված է մնում և այլն: Ո՞ւր է համանման հայտարարությունը ուղղված Ադրբեջանի իշխանություններին: Ինչևէ: «Ոգեշնչվողների» մասին բավականին թափանցիկ ակնարկը երկու ուղղվածություն ունի և հարվածում է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Հայաստանին: Իսկ դա Ադրբեջանին հիմք է տալիս հետագա լայնածավալ հարձակման համար, այդ թվում՝ Հայաստանի խաղաղ բնակավայրերի ռմբակոծումը: Այլ կերպ ասած՝ հայտարարության տեքստը կարելի է կարդալ այսպես. հայեր, դեռ կտեսնեք, թե ինչ եք ստանալու:

Ընդհանուր առմամբ կրկնվում է նույնը, ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ, երբ ադրբեջանցիներն ինքնակամ թողեցին Լաչինը: Դրան հաջորդած Շահումյանի շրջանի և Մարտակերտի շրջանի մեծ մասի գրավումը որևէ պետության կամ միջազգային կազմակերպության կողմից չդատապարտվեց: Եվ ընդհանրապես, այս փաստաթուղթը ժամանակի հետ համաշունչ չէ, ուշացած է: Այն ժամանակ, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարն անձամբ դիմել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարին և առաջարկել եռօրյա զինադադար, որի նպատակը Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների հանդիպումն է (զինադադարը պետք է շարունակվի մինչև հանդիպման օրվա ժամը 24-ը, եթե հանդիպման ընթացքում այլ համաձայնություն չկայանա), Մարիո Ռաֆայելինի խոսում է Ղարաբաղի հայկական համայնքի մասին: Մինչդեռ այս անգամ նա կարող է հարցնել Ադրբեջանի ղեկավարներին: Վերջին հաշվով գոյություն ունի Ադրբեջանի իշխանությունների ուղարկած պաշտոնական փաստաթուղթը Ղարաբաղի իշխանություններին, և սա, իմ կարծիքով, կարևոր դրական քայլ է: Այդ փաստաթուղթը ԵԱՀԽ-ի համար վառ ուղեցույց պետք է լինի:

Ի դեպ, ականատեսների վկայությամբ, Աղդամի շրջանում հայկական ուժերը չեն ոչնչացնում ադրբեջանական գյուղերը: Ադրբեջանական ուժերն իրենք էինք շաբաթ և կիրակի օրերին հրետակոծում Աղդամը՝ կարծելով, թե հայերը զբաղված են թալանով, սակայն իրականում հայերը չեն մտել քաղաք: Իսկապես, ԵԱՀԽ Մինսկի խմբի նախագահի հայտարարությունը բավականին մտահոգիչ է հատկապես այն առումով, որ դրանից օգտվելով Ադրբեջանն առաջիկայում կարող է լայնածավալ գրոհ ձեռնարկել, ընդ որում ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի դեմ: Իսկ այդ դեպքում սխալված չենք լինի, եթե ասենք, որ հետագա գործողությունների պատասխանատվության մի մասն էլ թերևս ընկնում է ԵԱՀԽ Մինսկի խմբի վրա, և սա այն դեպքում, երբ խումբը կոչված է իրականացնել հակամարտության խաղաղ կարգավորումը:

Արմեն Բաղդասարյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives