February 28, 2021

Ո՞րն է իշխանությունների հիմքը

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 հունիսի, 1992թ., թիվ 114 (203)

Մեզանում քար-քար սերմանում են մի մտայնություն, ըստ որի ընդդիմությունը հակակառուցողական ուժ է, որի բարձրագույն նպատակը ժողովրդի միասնության մեջ սեպ խրելն է և ամեն գնով իշխանություններին սևացնելը: Այս պատճառով էլ վերջիններիս դուր չեկող ցանկացած քայլ կամ խոսք ընդունվում է սվիններով, անմիջապես որակվում որպես հակաժողովրդական:

Զանգվածային լրատվության պետական միջոցներով, մանավանդ հեռուստատեսությամբ այսօր չեն դադարում ընդդիմությանն ուղղված «հարուստ» մեղադրանքները` թե առանց հաշվի առնելու պատերազմական իրավիճակը, մեծ քաղաքականության նրբությունները, միասնական բռունցքի անհրաժեշտությունը, ընդդիմությունը, միջոցների մեջ խտրություն չդնելով, զբաղվում է իշխանություններին վարկաբեկելով: Բավական է մատնացույց անել իշխանությունների կողմից արված անհեռատես քաղաքական մի քայլ, ընդդիմությունն անմիջապես որակվում է որպես քաղաքացիական պատերազմ հրահրող ապազգային ուժ:

Ծանոթ ոճ է, որը սակայն, ժողովրդավարական պետության մեջ ընդամենը նշանակում է իշխանությունը հանկարծ չկորցնելու վախ, թեկուզ քաղաքական շահերի «սեփականաշնորհման» գնով` այն ամեն կերպ պահպանելու ձգտում: Իսկ այս երևույթն արդեն էությամբ ապազգային է:

Ընդդիմությունը, որպես քաղաքական ուժ, անհրաժեշտորեն գոյություն ունի ժողովրդավարական զարգացման ուղի ընտրած բոլոր երկրներում, և նրա ազատ գործունեության իրավունքը այդ ժողովրդավարության առանցքային երաշխիքն է: Սակայն մեր պայմաններում քաղաքական բոլոր ուժերը ընդդիմության անվան տակ մի կողմ դնելը, ամեն կերպ նրա դեմ պայքարելը և մեկ-երկու պատճենված-բազմացված գոյականազուրկ նախադասությամբ անհամ-անդեմ «ջախջախելը» «նոր դարաշրջանի»   անհերքելի   նվաճում, հատկանիշ է հրամցվում։

Հիմա արդեն գրեթե ամեն ոք հասկացել է`  նախորդ ընտրությունները միայն հարաբերականորեն կարելի է համարել ժողովրդավարական։ 70 տարի բռնապետության ճիրաններում եղած ժողովուրդը, բնականաբար, նախ եւ առաջ քվեարկում էր բռնապետության դեմ («միայն թե անցյալը անվերադարձ հեռանա»)։ Այս պայմաններում անխուսափելիորեն երկրորդ պլան մղվեցին նոր ընտրյալներից շատերի քաղաքական ըմբռնումները (կարեւորն այն էր, որ կոմունիստական չէին), երկրի հետագա զարգացման եւ անկախ պետականության կերտման ուղիների նրանց պատկերացումները։ Փաստորեն, ընտրությունները դարձան ոչ թե քաղաքական, միջկուսակցական պայքարի տրամաբանական ավարտ, այլ միայն դրանց սկիզբ։ Դրա վկայությունն է այն, որ նախապես գրեթե միակարծիք խորհրդարանը (ի բացառյալ կոմունիստների) հետագայում տարանջատվեց. ստեղծվեցին պատգամավորական խմբեր, հոսանքներ։ Վերջիններս   առանց հապաղման «մտցվեցին» ընդդիմության մեջ: Ընդդիմությունը, այսպիսով, մեզանում խիստ հարաբերական հասկացողություն է: Եվ եթե, քաղաքական առումով, պառակտվեց նաև միաձույլ խորհրդարանը, ո՞րն է, այլևս, իշխանությունների ժողովրդավարականության հիմքը:

Այս իսկ պատճառով, ընդդիմությունը որպես հակակառուցողական ուժ ներկայացնելու՝ ներկայիս իշխանությունների ձգտումն է հենց ուղղված մեր միասնության դեմ, կապ չունի ազգային շահերի հետ եւ պայմանավորված է հավերժական իշխանության մարմաջով։ Իշխանությունների սխալները մատնացույց անելը բնավ չի նշանակում սեպ խրել ժողովրդի միասնության մեջ. իշխանությունը ժողովուրդ չէ. իսկ ժողովրդի անունից խոսելու բոլշեւիկյան մոդելը այլեւ ոչ եւս է։

Արցախահայության   պայքարին սատար լինելու պատրաստակամությունը իշխանության վերին ոլորտներ   տանող   ամենակարճ սանդուղքը դարձավ, որը, սակայն, բարձրանալուց հետո անմիջապես վեր քաշվեց։ Ոմանք ցայսօր էլ շարունակում են իրենց «քաղաքական համոզմունքներին»  հավատարիմ՝ Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարությամբ բավարարվելու կոչեր անել, եւ Շահումյանի անկումը նրանց   «իմաստնության»   մունետիկն էր…

Արցախը  փորձաքար  էր  ոչ միայն Գորբաչովի, այլեւ է Հայաստանի ներկայիս իշխանությունների համար։  Արցախին պետական մակարդակով լիարժեք օգնություն չկազմակերպելը, պայքարը դադարեցնելու կոչերը բառիս ամենալիարժեք   իմաստով   դավաճանություն են ողջ հայ ժողովրդի հանդեպ, քանի որ ստեղծված իրադրության մեջ այդպիսով Արցախը պարզապես մատնում են կործանման։

Ընդդիմությունը խոսեց նաեւ ոչ հեռավոր անցյալում տարփողված նեոթրքասիրության դեմ՝ այն համարելով վտանգավոր ու կարճատես քաղաքականություն։ Ժամանակը ցույց տվեց, որ իշխանությունները դարձյալ սխալվեցին իրենց հաշիվների մեջ։ Սխալվեցին, որովհետեւ հեռացան ժողովոդից, իրենց   պայքարի    ակունքներից, կրակոտ ելույթները փոխարինվեցին անատամ քաղաքական վեճերով, որովհետեւ գործը մոռացվեց։

Այլ (եւ ժամանակի, փաստերի վկայությամբ՝ շատ ավելի արգասաբեր) մոտեցումներ անողների հասցեին հերթապահ լուտանքներ թափելուց առաջ պիտի մտածել, հետո իմանալ, որ հիմա արդեն, մաֆիայի տնօրինությանը հանձնված երկրի օրեցօր խորացող սոցիալական ճգնաժամի ու լարվածության պայմաններում, խիստ կասկածելի է ընդդիմության հանդեպ՝ իշխանությունների համակիրների նույնիսկ թվական գերակշռությունը։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives