June 21, 2021

ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարությունը միակողմանի է

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 21 օգոստոսի, 1993թ., թիվ 158 (499)

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահողի անունից օգոստոսի 18-ին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերի վերաբերյալ հայտարարությունը միակողմանի է եւ կազմված է միայն ադրբեջանական աղբյուրների տեղեկատվության հիման վրա։ Այս էր հերթական բրիֆինգում ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արամ Աբրահամյանի գնահատականը այդ հայտարարությանը։ Անվտանգության խորհուրդը հայտարարության տեքստը մշակելիս անուշադրության է մատնել ադրբեջանական օդուժի կողմից Հայաստանի Կապան քաղաքի ռմբակոծության՝ բազմաթիվ խաղաղ բնակիչների կյանքեր արժեցած փաստը։ Ընդհանուր ձեւով հայտարարության մեջ խոսելով ռազմական գործողություններում օդուժի օգտագործման անթույլատրելիության մասին՝ հայտարարության հեղինակներր «մոռացել» էին թեկուզ մատնանշել, անվանել դրանց դիմողին՝ չխոսելով արդեն դատապարտելու մասին։

Անհամաձայնություն հայտնելով իրավիճակի նման կողմնակալ ընկալմանը՝ ՀՀ իշխանությունները Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար Թելմա Օ’կոն Սոլոր-Սանոյին առաջարկել են տեղում ռմբակոծությունների հետեւանքներն ուսումնասիրելու համար այցելել Կապան։ ՄԱԿ-ի ներկայացուցիչը համաձայնել է մեկնել կիրակի օրը։

Դատապարտելով հանդերձ ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարության միակողմանիությանը՝ ՀՀ նախագահի խոսնակը, այնուամենայնիվ, խուսափեց այն Հայաստանի դիվանագիտական անհաջողություն համարելուց եւ հայտնեց, որ Հայաստանը կիսում է ՄԱԿ-ի, ԵԱՀԽ–ի եւ մի շարք առանձին երկրների արտահայտած մտահոգությունը ԼՂՀ-ին՝ Ադրբեջանի սահմաններում ռազմական գործողությունների սաստկացման կապակցությամբ։

«Այսօր մենք գտնվում ենք այն փուլում, երբ ցանկացած ռազմական գործողություն, ում կողմից էլ այն ձեռնարկվի, իրապես սպառնում է տարածաշրջանի երկրների եւ առաջին հերթին՝ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի անվտանգությանը»,– նշեց նա՝ ավելացնելով, որ վերջին իրադարձություններին Հայաստանի մոտեցումները շարունակում են մնալ ՀՀ նախագահի օգոստոսի 7-ի հայտարարության շրջանակներում։ Այդ մասին ՀՀ նախագահը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարներին միանշանակ կերպով հասկացրել է նախորդ օրը նրանց հետ ունեցած հեռախոսազրույցների ժամանակ։ Ի դեպ, ելնելով Հ.Ալիեւի հետ Լ.Տեր–Պետրոսյանի հեռախոսազրույցի բովանդակությունից՝ նախագահի խոսնակը հույս հայտնեց, որ Ադրբեջանը կդադարեցնի Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու իր փորձերը։

Ըստ նրա, նման լավատեսության հիմքեր են ստեղծում նաեւ վերջին օրերին իրար հաջորդած այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի սահմաններում 5-օրյա զինադադարի հաստատման պայմանավորվածությունը, կրակի դադարեցման մասին ԵԱՀԽ-ի վերջին ժամանակացույցին Հայաստանի տված դրական պատասխանը, Վ.Փափազյան–Հ.Չեթին Մոսկվայում կայացած հանդիպումը, երկու կողմերի միջեւ անմիջական շփումների վերսկսումը եւ… Աբխազիայում ձեռք բերված զինադադարի համաձայնությունը։

Բրիֆինգում ՀՀ նախագահի մամլո քարտուղարը անդրադարձավ նաեւ մեր հանրապետության էներգետիկ համակարգի բարեփոխման շուրջ հայաստանյան եւ արտասահմանյան մամուլի միջոցներում առաջարկվող բազմաբնույթ վարկածներին եւ նախագծերին։ Նշելով, որ այդ ծրագրերի մի մասը մասնագետների կոդմից ուսումնասիրվելուց հետո նկատվել է որպես տեսականորեն իրագործելի, դրանց կյանքի կոչման գործում գլխավոր խոչընդոտներ հայտարարեց տարածաշրջանային անկայուն վիճակը եւ երկրների միջեւ գոյություն ունեցող քաղաքական հակասությունները։ «Մինչեւ այդ հակասությունները չգտնեն իրենց լուծումը եւ չհաստատվեն քաղաքակիրթ, բնականոն հարաբերություններ, ինչին մենք ենք ձգտում, դժվար է հավատալ այդ ծրագրերի իրականացմանը»։

Խոսելով ատոմակայանի վերագործարկման աշխատանքների ընթացքի մասին՝ հայտնեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Հայաստան կժամանի ՄԱԳԱՏԵ-ի բարձրաստիճան անձանցից կազմված պատվիրակությունը, որի նպատակներից մեկն էլ միջազգային այդ հեղինակավոր մարմնի փորձագետների կողմից Մեծամորի ատոմակայանի անվտանգության աստիճանի որոշումն է։ Բացի այդ, պատվիրակությունը Երեւանում կքննարկի նաեւ ՄԱԳԱՏԵ-ին Հայաստանի անդամակցության հարցը։ (Այլ աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ միջազգային ընկերակցությանը Հայկական ատոմակայանի վերագործարկումը պայմանավորում է բացառապես ՄԱԳԱՏԵ-ին Հայաստանի անդամակցությամբ, քանի որ այս դեպքում Հայաստանը կպարտավորվի ատոմային էներգիան չօգտագործել ռազմական նպատակներով)։

Ն.Բ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives