March 5, 2021
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • Ղարաբաղի իրադարձություններն անհանգստացնում են միջազգային հանրությանը

Ղարաբաղի իրադարձություններն անհանգստացնում են միջազգային հանրությանը

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 29 հունվարի, 1992թ., թիվ 18 (363)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շարունակվող չհայտարարված պատերազմը, Ադրբեջանի իշխանությունների վարած ռազմական քաղաքականությանը և մարդու իրավունքները ոտնահարող բազմաթիվ փաստերը, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում տարածքաշրջանում ժողովրդավարության զարգացման, իրադրության ապակայունացման համար, շարունակում են անհանգստացնել միջազգային հանրությանը։

Ինչպես մեզ տեղեկացրին Ամերիկայի Հայկական համագումարի Երևանի գրասենյակից, Ամերիկայի Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Կլեյբորն Փելը նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշին, որում իր անհանգստությունն արտահայտելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, նախագահին կոչ է արել միջամտել Ղարաբաղի հիմնահարցի լուծմանը և քանի դեռ Ադրբեջանը չի դադարեցրել Հայաստանի ամբողջական շրջափակումը և Ղարաբաղ առաքվող մարդասիրական օգնաթյունը տեղ հասցնելուն խոչընդոտելը, ձեռնպահ մնալ Ադրբեջանին օժանդակելուց, Կլեյբորն Փելի կարծիքով, Ադրբեջանը մաս չպետք է ունենա նախկին Խորհրդային Միության հանրապետություններին տրվող օգնությունից։ Իր նամակում սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահը մասնավորապես նշել է, որ վերջերս ինքը շրջագայել Է նախկին Խորհրդային Միության հանրապետություններում, այդ թվում նաև Հայաստանում և իր դիտարկումների և Հայաստանի իշխանությունների հետ ունեցած հանդիպումների արդյունքում համոզվել, որ Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի նաև միջազգային հանրության աջակցությամբ։

Նա նշել է, որ անցյալ տարի նախագահներ Ելցինի և Նազարբաևի սկսած միջնորդական առաքելությունը պետք է շարունակվի, և հույս է հայտնել, որ Ղարաբաղում կտեղակայվեն խաղաղարար ուժեր, որոնք կկազմավորվեն Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների գործադրած ջանքերով։ Հիշատակելով նախագահներ Բուշի և Ելցինի առաջիկա հանդիպումը, սենատոր Կլեյբորն Փելը նախագահ Բուշին կոչ է արել միջնորդել, որպեսզի Ռուսաստանի նախագահը և նրա գործընկերները շարունակեն իրենց առաքելությունը։ Նամակի վերջում նշելով, որ Միավորված ազգերի կազմակերպությունը կարող է դրական դեր խաղալ հիմնահարցի կարգավորման խնդրում, Փելը կարծիք է հայտնել, որ այդ միջամտությունն առավել արդյունավետ կարող է լինել, երբ Հայաստանն իր տեղն ունենա գլխավոր ասամբլեայում, և նախագահ Բուշին կոչ է արել աջակցել ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությանը։

Ղարաբաղի իրադարձություններին անդրադարձել են նաև եվրոպական երկրների Անվտանգության խորհրդի նախագահ Ստենի Հոերը և նախագահի տեղակալ Դենիս դե Կոնսինին, որոնք նամակներ են հղել Միացյալ Նահանգների պետական քարտուղար Ջեյմս Բեյքըրին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիին և Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելին։

Պետական քարտուղար Ջեյմս Բեյքըրին հղած նամակում նրանք իրենց տագնապն արտահայտելով Ղարաբաղում կատարվող իրադարձությունների առնչությամն, նշել են, որ նման կոնֆլիկտը կարող է խոչընդոտ հանդիսանալ նախկին Խորհրդային Միությունում սկսված ժողովրդավարական շարժման զարգացման համար, և ժամանակն է, որ միջազգային համայնքի մասնակցությամբ արդյունավետ միջոցներ ձեռնարկվեն՝ կարգավորելու համար իրադրությունը Ղարաբաղում։ Նրանք պետական քարտուղարին կոչ են արել Ղարաբաղի խնդիրը քննարկել Պրագայի ներկայացուցչական հավաքում և, հիշատակելով, որ պետական քարտուղարը 47 երկրների ներկայացուցիչների հավաք է հրավիրել քննարկելու համար նախկին ԽՍՀՄ հանրապետություններին տրամադրվող օգնության հարցը, առաջարկել են նմանատիպ միջոցառում ձեռնարկել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրով։

Դիմելով ՄԱԿ-ի քարտուղար Բուտրոս Ղալիին, եվրոպական երկրների Անվտանգության խորհրդի նախագահը և փոխնախագահը նշել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր պատերազմը կանխելու ուղղությամբ ՄԱԿ-ի ձեռնարկելիք միջոցառումների անհրաժեշտությանը և կոչ են, որպեսզի անվտանգության խորհուրդն անհապաղ քննարկի ՄԱԿ-ի խաղաղարար ուժերը Ղարաբաղում տեղակայելու հարցը։

Թուրքիայի վարչապետին հղած նամակում Ստենի Հոերը և Դենիս դե Կոնսինին նշելով, որ իրենք հետևում են Թուրքիայի ջանքերին՝ կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ, կոչ են արել օգտագործել բոլոր հնարավորություններն Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հիմնահարցերը բանակցությունների միջոցով լուծելու ուղղությամբ։

Պատրաստեց Արայիկ Մանուկյանը

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives