October 16, 2024

Ղարաբաղի դեպքերը

  • by Archives.am
  • 105 Years ago
  • 0
Հառաջ, Երևան

Հառաջ, 1 ապրիլի, 1920թ., թիվ 68

Խմբագրական

Չնայած Ադրբեջանի կառավարության ձեռք առած բոլոր արտակարգ միջոցների՝ հետզհետե պարզվում է պատկերը այն դժոխքի, որ խաներն ու բեկերը ստեղծել են հայկական Ղարաբաղում և Զանգեզուրի շուրջը։ Ղարաբաղի դեպքերը հետևյալ կերպով են զարգացել։

Շաբաթների ընթացքում հավաքելով մեծ քանակությամբ զորք ու խուժան Ղարաբաղի և Զանգեզուրի սահմանների մոտ, այլև հատուկ գործակալների ձեռքով սարքած ապստամբություններով Կարսի և Բոյուք-Վեդիի շրջաններում՝ զբաղեցնելով հայ զորքերին՝ ադրբեջանյան հրամանատարությունը հրաման է տվել ընդհանուր հարձակման, որ և սկսվել է մարտի 22-ի գիշերը։ Թուրք ասկյարներն ու զինված հրոսակախմբերը զանազան գծերով առաջ են շարժվել Վարանդայի, Խաչենի և Զանգեզուրի վրա, բայց, բարեբախտաբար, հանդիպել են հայ գյուղացիների ուժեղ դիմադրության։ Ըստ երևույթին, Սուլթանովի պատրաստություններն անհայտ չեն մնացել ղարաբաղցի հայերից, որոնք իրենց հերթին միջոցներ են ձեռք առել պաշտպանելու։ Հայ գյուղացիները հենց սկզբից վիժեցրել են Սուլթանովի ծրագիրը, և այդ բորենին, որ դեռ մի քանի օր առաջ այնպես հոխորտանքով սպառնացել է հայերի դիակների վրայով գրավել Զանգեզուրը, ամոթահար նահանջել է։ Ղարաբաղցի գյուղացիները ոչ միայն հետ են մղել թուրքերի գրոհը, այլև գրավել են մի շարք կարևոր ռազմական կետեր և ծանր հարվածներ հասցրել հակառակորդին։ Նման հակահարվածի են հանդիպել և Օրդուբադի կողմից Զանգեզուրի վրա արշավող թուրքերը, այնտեղ էլ ղափանցի գյուղացիությունն է դուրս եկել և փախուստի մատնել տաճիկ ադրբեջանական հորդաները։

Ղարաբաղցի և զանգեզուրցի գյուղացիների հաջողություններն անբնական չեն, քանի որ նրանք կռվում են ոչ թե ուրիշի հողերն ու ստացվածքը նվաճելու, այլ իրենց կյանքն ու պատիվը պաշտպանելու համար։ Նրանց քաջ հայտնի են արյունոտ Սուլթանովի ծրագիրներն ու սպառնալիքները՝ բնաջնջելու ըմբոստ զանգեզուրցիներին։ Նրանք գիտեն, որ իրենց համար ուրիշ փրկություն չկա, բայց եթե մինչև արյան վերջին կաթիլը պաշտպանվելը։ Ճիշտ է, սարսափելի է այդ անհավասար կռիվը — նրանք մենակ են, կտրված դրսի աշխարհից,— բայց ավելի սարսափելի է անձնատուր լինելը, որովհետև այդ դեպքում չի խնայվի ոչ ոքի կյանքը։

Պարզ է, որ Ադրբեջանի վարիչները չեն հաշտվի անհաջողության հետ, նրանք ամեն միջոց ձեռք կառնեն ընկճելու Ղարաբաղն ու Զանգեզուրը։ Եվ արդեն թուրք ասկյարների էշելոնները շարժվել են Բաքվից՝ ջախջախված Սուլթանովին շտապ օգնություն հասցնելու նպատակով։ Ինչքան էլ մեծ լինի ղարաբաղցի ու զանգեզուրցի քաջերի վճռականությունը, նյութապես, տեխնիկապես, ռազմաթերքով ու զինվորական ուժով Ղարաբաղի գյուղացիներից գերազանցող Ադրբեջանյան կառավարությունը կարող է Ղարաբաղում էլ առաջ բերել ջարդ և ավերածություն, ինչպես երկու տարի առաջ Բաքվում։ Եվ ընկճելով Ղարաբաղն ու Զանգեզուրը, Ադրբեջանի խաները և կանգ չեն առնի Հայաստանի և մյուս մասերի առջև, նրանք առաջ կխաղան ամբողջ Հայաստանն էլ սրածության ենթարկելու հաշվով։ Այսպիսով, Ղարաբաղի ու Զանգեզուրի տագնապը միայն տեղական գործ չէ։ Սկսելով պատերազմ այդ երկու գավառների դեմ՝ Ադրբեջանը մարտահրավեր է ուղղում ամբողջ Հայաստանին։ Ինչպես և պետք էր ենթադրել, թուրք-տաճկական բլոկը, օգտվելով ձնհալքից ու Եվրոպայում տիրող մտքերի շփոթից, կամենում է մաքրել իր հաշիվը այնքան ատելի համարված Հայաստանի հետ։ Եվ այս բանը պետք է հասկանան Հայաստանի բոլոր քաղաքացիները. նրանք պետք է գիտենան, որ եթե Ղարաբաղի ու Զանգեզուրի պատնեշը խորտակվի, վաղը թուրք զորքերը կերևան և Ղազախում, և Դարալագյազում, և՛ ուրիշ վայրերում։ Չօրորենք մեզ սին հույսերով — Ադրբեջանը ոտքի է ելել և տաճիկ փաշաների օգնությամբ ուզում է մեզ կուլ տալ։ Եթե չենք ցանկանում ոչխարի պես կուլ գնալ և չպետք է մնանք քնած և անտարբեր. թշնամին կանգնած է Հայաստանի դռների առջև — աչալուրջ և պատրաստ եղեք։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives