December 7, 2024

Հ. Չեթինը չի բացառում ՆԱՏՕ-ի միջամտությունը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • Comments Off

«Երկիր», 20 օգոստոսի, 1993թ., թիվ 157 (498)

Երկօրյա այցով Մոսկվայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը հանդիպեց ԱՊՀ տասը լրագրողների հետ, որոնց թվում էր «Հայլուրի» թղթակիցը: Նա տեղեկացրեց, որ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության գլխավոր քարտուղարության որոշմամբ այդ կազմակերպության պատվիրակությունը այցելում է ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրներ` տեղյակ պահելու Բոսնիայի և Հերցեգովինայի հարցով ՄԱԿ-ի անդամ 51 երկրների (դա ընդհանուր թվի 1/3-րդն է) ունեցած մոտեցումներին: Օգոստոսի 19-ին պատվիրակությունը հանդիպեց Ա. Կոզիրևի հետ: Ավելի վաղ հանդիպումներ են եղել Ֆրանսիայի, Անգլիայի և ԱՄՆ-ի իրենց գործընկերների հետ: Հիշյալ երկրների մոտեցումները հետևյալ ձևակերպումներն են ունեցել:

– Բոսնիա-Հերցեգովինան պետք է մնա անկախ, ինքիշխան պետություն,

– այն պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի անդամ,

– խաղաղ բանակցությաններին պետք է նախորդի Սարաևոյին իշխող բարձունքներից զորքերի դուրսբերումը, մարդասիրական օգնության անարգել մուտքը տուժած շրջաններ` այդ թվում` Տուզլեի օդանավակայանով:

Եթե այս ամենը չիրականացվի, ըստ Չեթինի, անհրաժեշտ կդառնա ՆԱՏՕ-ի միջամտությունը: Նա նշեց, որ Բոսնիայում և Հերցեգովինայում հիմնականում մահմեդականներ են ապրում, ինչն էլ դրդեց իրենց կազմակերպությանը խստորեն զբաղվել այս խնդրով: «Եվրոպայի հենց կենտրոնում զարգացող այս իրադարձությունները սև բիծ են թողնելու նրա վրա»,- ասաց նա:

Անդրեյ Կոզիրևի հետ նախօրեին տեղի ունեցած առանձին հանդիպման ժամանակ Չեթինը քննարկել է ռուս-թուրքական հարաբերություններին անռչվող հարցեր: Այս երկրներն, ըստ Չեթինի, կարևորագույններն են տարածաշրջանում և պետք է ակտիվորեն ներազդեն այստեղ նոր հարաբերությունների ձևավորման վրա: Քննարկվել են նաև տնտեսական համագործակցության հարցեր:

«Մենք քննարկեցինք նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրող լարվածության հարցերը, քանի որ այդ երկրները մեր հարևաններն են: Հայկական կողմի հարձակումները լրջորեն տարածաշրջանի անդորրը: Հայերն արգելակում են բոլոր խաղաղարար նախաձեռնություններին: Չնայած ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԵԱՀԽ-ի ընդունած որոշումներին, ադրբեջանական տարածքների գրավումը շարունակվում է, գրավված են Ֆիզուլին և Ջեբրայիլը: Եթե այդ հարձակումները շարունակվեն` օգտագործելով Ադրբեջանի ներքաղաքական անկայունությունը, ապա դրանց հակահարված կտրվի»,- հայտարարեց Թուրքիայի արտգործնախարարը:

Նրա կարծիքով, նախ պետք է հրադադար հաստատվի, ապա բանակցությունների սեղանի շուրջ ճշտվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Միաժամանակ նա համոզված է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է անձեռնմխելի լինի: Այս հարցում, ըստ Չեթինի, Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները համընկնում են:

Անդրադառնալով Ադրբեջանի ներքաղաքական իրադրությանն ու Ա. Էլչիբեյի կարգավիճակի հարցին, Հ. Չեթինը նշեց, որ Էլչիբեյն ընտրվել է ժողովրդի կողմից, ժողովրդավարական հիմնական սկզբունքների պահպանմամբ, և ժողովուրդն էլ կարող է զրկել նրան իշխանությունից: Մյուս կողմից` Հ. Ալիևը նույնպես իշխանությունը ստացել է սահմանադրությամբ նախատեսված կարգով: «Օգոստոսի 29-ին Ադրբեջանում կանցկացվի հանրաքվե և, կարծում եմ, ժողովուրդն ինքը կպատասխանի այս հարցին»,- ասաց նախարարը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives