September 28, 2020
  • Homepage
  • >
  • Maps
  • >
  • Հռոմում ներկայացվել է ժամանակացույցի նոր տարբերակ

Հռոմում ներկայացվել է ժամանակացույցի նոր տարբերակ

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off

«Երկիր», 19 օգոստոսի, 1993թ., թիվ 156 (497)

Երկու շաբաթ առաջ ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի ինը երկրները եւ նախագահությունը արցախյան հակամարտության մասնակից կողմերին ներկայացրել էին հակամարտության գոտում ռազմագործողությունների դադարեցման նոր ժամանակացույց։ Հռոմի հերթական հանդիպման երկրորդ կեսին (օգոստոսի 9-ին) այնտեղ հրավիրվեցին նաեւ Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի պատվիրակությունները։ Հռոմ ժամանելուն պես «9+1» խումբը առանձին-առանձին ոչ պաշտոնական հանդիպումներ ունեցավ ոչ պաշտոնական պատվիրակությունների հետ, լսեց նրանց կարծիքները մինչ այդ ներկայացված ժամանակացույցի վերաբերյալ։

Օգոստոսի 12–ին կողմերի մասնակցությամբ հրավիրվել է ոչ պաշտոնական նիստ։ Հաջորդ օրը պատվիրակություններին ներկայացվել է ժամանակացույցի նախնական տարբերակի վերաբերյալ վերջիններիս նկատառումների եւ առաջարկությունների հիման վրա մշակված նոր տաբերակը։ Այն կազմված է երկու առանձին փաստաթղթից, որոնցից մեկը սահմանում է հակամարտության գոտին, մյուսը վերաբերում է միացյալ համակարգիչ հանձնաժողովին:

Մեր խնդրանքով ներկայացնելով ժամանակացույցի այդ երկու փաստաթուղթը՝ ՀՀ ԱԳ  նախարարի առաջին տեղակալ, Հռոմում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ժիրայր Լիպարիտյանը հայտնեց, որ ժամանակացույցը հնարավոր եղավ բարեփոխել Հայաստանի պատվիրակության մի շարք առաջարկների ընդունման շնորհիվ։ Ըստ նրա՝ փաստաթուղթը, որին կողմերը իրենց պաշտոնական վերաբերմունքը պետք է հայտնեն այսօր, Հայաստանի համար ընդունելի է միացյալ համակարգիչ խորհրդին վերաբերող մասով, քանի որ այն հիմնականում կազմվել է Հայաստանի առաջարկների հիման վրա։

Ինչ վերաբերում է հակամարտության գոտու սահմանմանը, այդտեղ Հայաստանը որոշ տարակարծություններ ունի։ Այսպես, նախնական տարբերակում Հայաստան-Նախիջեւան սահմանն իր ողջ երկայնքով` յուրաքանչյուր կողմից 10-ական կիլոմետր խորությամբ, դիտարկվում էր որպես հակամարտության առաջին գոտի, այն դեպքում, երբ Հայաստան-Ադրբեջան սահմանը՝, 20-ական կիլոմետր խորությամբ, դիտվում էր որպես երկրորդ գոտի, իսկ Ադրբեջան-ԼՂՀ սահմանագիծը (ԼՂՀ-ն նկատի էր առնվում նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում)՝ երրորդ գոտի։ Վերջնական տարբերակում Նախիջեւան-Հայաստան գոտին մնացել է նույնը, Ադրբեջան-Հայաստան սահմանագծում Հայաստանի կողմից հակամարտության գոտու մեջ ընդգրկված են 20կմ խորության տարածքները, իսկ Ադրբեջանի կողմից, ընդլայնելով, հակամարտության գոտում ներառվել է հանրապետության ողջ արեւմտյան մասը, որը կազմում է Ադրբեջանի ողջ տարածքի երկու հինգերորդը (տես՝ քարտեզը)։ Այդ գոտու սահմանները Ադրբեջանում կանցնեն Վրաստանի սահմանից Քուռ գետով դեպի Մինգեչաուր, Աղջաբեդ եւ 48 միջօրեականով կիջնեն մինչեւ Իրանի եւ Հայաստանի սահմանները։ Այս տարբերակում արդեն խոսք չկա Ղարաբաղի մասին, եւ այն ամբողջապես ընդգրկված է հակամարտության գոտում։ Փաստորեն այս տարբերակում հակամարտության գոտին անցնում է ոչ թե սահմաններով, այլ աշխարհագրական գծերով։

Մեկնաբանելով փաստաթուղթը՝ Ժ.Լիպարիտյանը հատկապես կարեւորեց, որ այդ գոտին Ադրբեջանի կողմից ներառում է ռազմավարական մեծ կարեւորություն ունեցող Եվլախի երկաթգիծը։ Այն ռազմական նպատակներով օգտագործելը բացառելու դեպքում զգալիորեն մեծանում է Ղարաբաղի պաշտպանվածությունը։ Հակամարտության գոտի սահմանված այս տարածքներում ԵԱՀԽ-ի փաստաթղթով նախատեսվում է ռազմական գործողությունների դադարեցում, բանակի տեղաշարժերի արգելք, ծանր հրետանու եւ այլ ծանր զենքերի օգտագործման բացառում եւ դրանց վրա վերահսկողության հաստատում։

Ինչ վերաբերում է միացյալ հանձնաժողովի վերաբերյալ երկրորդ փաստաթղթին, դրա նպատակը պետք է լինի ԵԱՀԽ-ի դիտորդների խմբին ամենօրյա ռազմատեխնիկական եւ տեխնիկական հարցերի լուծման գործում օժանդակություն ցուցաբերելը։ Այդ հանձնաժողովի վերաբերյալ լուծման գործում օժանդակություն ցուցաբերելը։ Այդ հանձնաժողովի վերաբերյալ առաջարկված նախնական տարբերակի մեջ հստակ չեն եղել անդամների կազմը եւ գործունեության ձեւերը։

Այս հարցերի կապակցությամբ Հայաստանի պատվիրակության առաջարկներն ընդունելուց հետո վերջնական տարբերակում որոշվել է՝ հանձնաժողովին պետք է մասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի երկու շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները։ Հանձնաժողովը պետք է ղեկավարի ԵԱՀԽ-ի դիտորդների խմբի ղեկավարը։ Հենց նա էլ պետք է մշակի հանձնաժողովի քննարկելիք հարցերի օրակարգը եւ որոշի, թե ովքեր են մասնակցելու որոշակի հարցերի քննարկմանը։

Այսպես, եթե քննարկվող հարցը վերաբերի ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ռազմական ուժերի տարանջատմանը, նախագահողը կարող է քննարկման մասնակիցների քանակը սահմանափակել միայն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչներով։

Ներկայացված ժամանակացույցի ամբողջական եւ խոր վերլուծությունը թողնելով քաղաքագետներին՝ կցանկանայի, այնուամենայնիվ, ներկայացնել մի նկատառում, որը աչքի է զարնում փաստաթղթին կից ներկայացված քարտեզին թեկուզ թռուցիկ ծանոթանալու դեպքում։ Փաստորեն հակամարտության գոտու մեջ են ներառվում եւ ապառազմականացման ենթակա են հայտարարվում ինչպես ողջ Զանգեզուրը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը ամբողջությամբ, ինչը Ադրբեջանի նման անկանխատեսելի «գործընկերոջ պարագայում չի կարող մտահոգություն չհարուցհլ։

Նաիրի Բադալյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives