March 2, 2021

Հիքմեթ Չեթինը` Բաքվում

  • by Archives.am
  • 27 Years ago
  • Comments Off

«Երկիր», 18 սեպտեմբերի, 1993թ., թիվ 178 (519)

Բաքվում է գտնվում Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը: Նա երեկ հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար, ԳԽ նախագահ Հեյդար Ալիևի հետ: Հանդիպումը տևել է չորս ժամ, որից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Հ. Ալիևն ընդգծել է Չեթինի այցի կարևորությունը, որը կնպաստի Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա հարաբերությունների սերտացմանը: Նա մեկ անգամ ևս հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ առանձին երկրների` մասնավորապես Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ:

Այն հարցին, թե հնարավո՞ր է Իրանի միջնորդական առաքելությունը, Հ. Ալիևը պատասխանել է, որ եթե Իրանը նման ցանկություն հայտնի, ինքը միայն կողջունի դա: Լրագրողները փորձել են պարզել նաև, թե Ալիևի կարծիքով Ադրբեջանի մուտքը ԱՊՀ որքանով կնպաստի պատերազմի դադարեցմանը: Ալիևն այս առնչությամբ նշել է, որ ԱՊՀ մտնելը չի թելադրված «Հայաստանի ագրեսիան դադարեցնելու ցանկությամբ: Դրա համար այլ քայլեր պետք է ձեռնարկվեն»:

Հիքմեթ Չեթինը Ադրբեջանի մուտքն ԱՊՀ համարել է այդ երկրի ներքին գործը` ընդգծելով, որ Թուրքիան լավ հարաբերություններ է պահպանում ԱՊՀ անդամ պետությունների հետ: Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպությունների մասնակցությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա, Չեթինի կարծիքով, առայժմ որևէ շոշափելի արդյունք չի արձանագրվել: «Թուրքիան սահմանների անխախտելիության կողմնակից է, ինչը վերաբերում է նաև Ադրբեջանի սահմաններին: Եվ հիմա այն ժամանակները չեն, որ հաջողվի ուժով խնդիրներ լուծել»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը:

Ասուլիսից հետո Չեթին-Ալիև հանդիպումը շարունակվել է:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives