November 28, 2020
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Հայոց Համազգային Շարժում

Հայոց Համազգային Շարժում

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Պատմական ներկա ժամանակաշրջանում հայ ժողովուրդը անդամն է ժողովուրդների մի դաշնակցության, որը հռչակվել է որպես սուվերեն հանրապետությունների կամավոր միություն` հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա: Միության կենտրոնական իշխանությունը պարտավորված է իր ներքին և արտաքին քաղաքականության մեջ արտահայտել և պաշտպանել բազմազգ պետության բոլոր ազգերի և հանրապետությունների իրավունքները:

Ղարաբաղյան շարժումը, որն ունի իր նախապատմությունը և որին 1988-ի փետրվարից մասնակցում է ողջ հայ ժողովուրդը, գոյացել է Արցախի հայության ինքնորոշման բնական և արդար իրավունքի իրագործման նպատակով, իրավունք, որը ոտնահարվել է 1921 թվականին:

Նպատակ ունենալով Արցախի և Հայաստանի վերամիավորումը` Ղարաբաղյան շարժումը բնական եղանակով իր մեջ ընդգրկեց հայ ժողովրդի ճակատագրի հետ կապված բոլոր գլխավոր հարցերը, որոնք գուցե և առաջին հայացքից անմիջականորեն առնչված չթվան արցախյան խնդրին: Որևէ առանձին կենսական հարց լուծելու անհրաժեշտ պայմանը ժողովրդի զարթոնքն է, նրա ուժերի լիակատար համախմբումը: Ամեն խնդիր չէ, որ կարող է արթնացնել ժողովրդին, ազգը միավորել մի այնպիսի միասնական գաղափարի շուրջ, ինչպիսին հանդիսացավ Արցախի վերամիավորման հարցը: Զարթոնք ապրող ազգն արդեն սկսում է ավելի սուր զգալ նաև իր մյուս չլուծված խնդիրների ցավը, հասկանալ, որ այդ բոլոր խնդիրները կազմում են մեկ շղթա, և դրանցից յուրաքանչյուրի լուծումը պայման է ստեղծում առաջխաղացում կատարելու մյուս խնդիրների լուծման ուղղությամբ:

Շարժման ընթացքում առաջ քաշված խնդիրներից յուրաքանչյուրը սերտորեն կապված է մեր ժողովրդի գոյատևման հետ: Դրանց մի մասը առաջադրվել է դեռևս մինչև փետրվարյան օրերը, իսկ երբ շարժումն ստացավ հսկայական ծավալ և խորություն, այդ խնդիրները բնականորեն միահյուսվեցին Ղարաբաղյան շարժմանը: Վերջինս, աճելով, դուրս եկավ իր առջև դրված խնդրի լուծման շրջանակներից, բայց միշտ անշեղորեն պահպանեց հիմնական ուղղությունը` Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ, դառնալով իսկական համազգային շարժում` ինչպես ներգրավված մասնակիցների քանակով, այնպես էլ առաջ քաշված խնդիրների բազմազանությամբ:

Շարժման շրջանակների լայնացումը, նրանում նորանոր խնդիրների ընդգրկումը, ինչպես և բազմաթիվ մարդկանց գործուն մասնակցություն ունենալու պատրաստակամությունը մեզ բերել են այն համոզման, որ անհրաժեշտ է շարժմանը տալ կազմակերպական ավելի հստակ ձև: Այդ նպատակով Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն ձեռնարկում է Հայոց համազգային շարժում կազմակերպության ստեղծմանը, զուգահեռաբար, մինչև Հայաստանի և Արցախի վերամիավորումը, պահպանելով նախկին` Ղարաբաղյան շարժում անունը:

Մինչ կառուցվածքային հարցերին անդրադառնալը, ձևակերպենք մեր շարժման սկզբունքները, որոնք բխում են հայ ժողովրդի պատմական փորձից և առավել խորությամբ գիտակցվեցին վերջին վեց ամիսների իրադարձությունների ընթացքում: Ներկայացնենք նաև Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) նպատակները և դրանց իրականացման համար առաջարկվող գործելակերպը:

Հայոց համազգային շարժման գաղափարական սկզբունքները

1. Անժխտելի է, որ հայերը, ինչպես և ամեն մի ազգ, լավագույն ձևով կարող են դրսևորել իրենց ընդունակությունները և նպաստել համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը` ապրելով ազատ ժողովրդավարության պայմաններում., առանց արտաքին ճնշման, ինքնուրույն որոշելով իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի բնույթը: Ակնհայտ է նաև, որ միայն այդպիսի պայմաններում է հնարավոր պահպանել յուրաքանչյուր անհատի ի ծնե տրված իրավունքները, որոնցից կարևորագույններն են` կյանքի ապահովությունը, անձնական ազատությունը և երջանկության ձգտումը:

2. Պետական կազմավորման Գերագույն իշխանությյունը ժողովրդի կամքն է` արտահայտված համաժողովրդական հանրաքվեներով կամ ազատ ընտրություններով ստեղծված ներկայացուցչական խորհրդարանի վճիռներով: Ժողովրդի կամքի նկատմամբ գործադրված ցանկացած բռնություն միջազգային նորմերով սահմանված նրա ինքնորոշման իրավունքի խախտում է:

3. Մեր ազգի գոյատևման կարևորագույն երաշխիքը հայոց լեզուն է. այն հաղորդակցման միջոց լինելուց բացի, մտածելակերպ է, մշակույթ և քաղաքականություն:

4. Հայ ժողովուրդն իր ազգային ծրագրերն իրագործելիս պետք է ապավինի իր ուժերին, հույս չդնի հովանավորության վրա: Ամեն մի հակառակ պնդում ժխտվում է պատմական փորձով և ծառայում է մեր ժողովրդին հոգեկան ստրկության մեջ պահելու գործին: Ստրկամտության արտահայտություն է նաև այն մտայնությունը, ըստ որի` ազգն ունի մշտական բարեկամ և մշտական թշնամի:

5. Մենք մերժում են անբարոյական և մեր ազգի համար անպտուղ այն քաղաքականությունը, որը մի կողմից, իբրև «դիվանագիտություն», ենթադրում է հավատարմության անտեղի հավաստիացումներ և համաժողովրդական քծնանք այլ ժողովրդի նկատմամբ, մյուս կողմից` պահանջում է թշնամություն քարոզել մյուս ժողովուրդների կամ կրոնների դեմ:

6. Մեր շարժումն ուղղված չէ որևէ ժողովրդի դեմ: Մեր սկբունքն է` խաղաղ ու համերաշխ ապրել հարևան բոլոր ժողովուրդների հետ: Բայց մենք համոզված ենք, որ խաղաղությունը և համերաշխությունը ամուր են լինում միայն այն դեպքում, երբ հիմնվում են արդարության վրա, երբ չեն ոտնահարվում որևէ ժողովրդի իրավունքները:

7. Ներկայումս ժողովուրդների փոխհարաբերություններում ազգային և պետական շահերը շատ ավելի մեծ դեր են խաղում, քան կրոնական ընդհանրություններն ու տարբերությունները: Սրբազան պատերազմների ժամանակաշրջանը վաղուց անցել է: Կորցրել են իրենց քաղաքական ուժը նաև այն գաղափարախոսությունները, որոնց նպատակն է մեկ պետության մեջ միավորել միևնույն ծագումն ունեցող ժողովուրդներին (պանթուրքիզմ, արաբական միասնություն, պանիսլամիզմ և այլն), քանի որ այժմ միջպետական հարաբերություններում նկատելի է ոչ թե էթնիկական կամ կրոնական ընդհանրությունների, այլ տնտեսական, գաղափարախոսական և ռազմական շահերի գիտակցումը:

8. Ժողովրդի պատմության մեջ արտաքին գործոններն, անշուշտ, կարևոր դեր են խաղում, բայց վտանգավոր է, երբ ժողովուրդն իր հաջողությունների և անհաջողությունների պատճառը միայն իրենցից դուրս է որոնում: Դա կազմալուծում է նրան և տանում ազգային ինքնավերացման: Անբարենպաստ պայմանները, արտաքին ճնշումը ժողովրդին կարող են ստիպել դիմելու նահանջի, բայց այն ազգերը, որոնք իրեց մեջ ապագայի նկատմամբ հավատ, բարոյական ու հոգեկան ուժ են պահպանում և դրանք դրսևորում վճռական պահերին, ոչ միայն ապահովում են իրենց ազգային գոյությունը, այլև հասնում են իրենց իղձերի իրականացմանը:

9. Մենք համերաշխ ենք բոլոր այն շարժումների հետ, որոնք հիմնված են ինքնորոշման, ժողովրդավարության և սոցիալական արդարության սկզբունքների վրա: Մենք մերժում ենք ազգային խտրականության և ազգայնամոլության բոլոր դրսևորումները:

Հայոց համազգային շարժման մոտակա նպատակները

Մեր շարժման առաջնահերթ նպատակը եղել և մնում է Արցախի և Հայաստանի վերամիավորումը, որի իրականացումը սերտորեն կապված է հայ ժողովրդի մյուս չլուծված կենսական խնդիրների հետ: Այդ պատճառով Հայոց համազգային շարժումը, որպես մոտակա ծրագիր, հրատապ է համարում նաև հետևյալ նպատակների իրագործումը, որոնցից ամեն մեկն առանձին վերցրած կարևոր նշանակություն ունի հայ ժողովրդի գոյատևման և նրա դարավոր իղձերի իրականացման համար:

1. Ընդլայնել մեր հանրապետության սուվերենությունը, իրականացնելով հետևյալ անհրաժշետ միջոցառումները.

– Տնտհաշվարկի և ինքնաֆինանսավորման միջոցով ապահովել հանրապետության տնտեսական ինքնուրույնությունը.
– վերականգնել հայկական ազգային զորամիավորումները.
– Հիմնվելով ՍՍՀՄ Սահմանադրության 30-րդ հոդվածի վրա, դիվանագիտական կապեր հաստատել և հյուպատոսություններ փոխանակել այն երկրների հետ, որտեղ կան սփյուռքահայության խոշոր կենտրոններ:

2. Նպաստել ժողովրդավարության ամրապնդմանն ու խորացմանը մեր երկրում` ելնելով ժողովրդի շահերից և գիտակցելով, որ միայն ժողովրդավարության պայմաններում է հնարավոր լուծել այն խնդիրները, որոնք դրված են Հայոց համազգային շարժման առջև:

3. Խստորեն կիրառել Հայկական ՍՍՀ Սահմանադրության` հանրապետության պետական լեզվին վերաբերող 72-րդ հոդվածը:
Այդ նպատակով մշակել և ընդունել հայոց լեզվի պաշտպանությանն ուղղված օրենսդրական ակտերի համակարգ:

4. Հասնել այն բանին, որ Հայկական ՍՍՀ-ում բոլոր հայ երեխաները կրթություն ստանան մայրենի լեզվով, ձգտելով այդ հնարավորությունն ստեղծել նաև հանրապետությունից դուրս բնակվող հայության համար:

5. Անհաշտ պայքար ծավալել Հայաստանի բնության պահպանության և կենսոլորտի մաքրության ապահովման ուղղությամբ, գիտակցելով, որ հանրապետությունում ստեղծված էկոլոգիական ծանր վիճակը ոչ միայն սպառնում է ներկա սերնդի առողջությանը, այլև կարող է հանգեցնել հաջորդ սերունդների մտավոր և ֆիզիկական անլիարժեքության: Առաջնահերթ խնդիր դարձնել մանավանդ հայկական ատոմակայանի և «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման փակումը:

6. Հասնել այն բանին, որ Հայկական ՍՍՀ և ՍՍՀՄ Գերագույն սովետներն ընդունեն 1915թ. հայերի ցեղասպանության փաստը և դիմեն Միացյալ ազգերի կազմակերպությանը` այդ փաստը ճանաչելու պահանջով:

7. Ապրիլի 24-ը Հայաստանում հայտարարել Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր, այն համարելով ոչ աշխատանքային:

8. Մշտապես առաջ քաշել պատմականորեն Հայաստանի մաս կազմող, ինչպես նաև միջազգային փաստաթղթերով Հայկական ճանաչված տարածքների վերամիավորման պահանջը, գիտակցելով, որ այդ պահանջի իրականացումը հնարավոր է միայն այնպիսի ազգային քաղաքականության կիրառման շնորհիվ, որը հիմնված է մեր շարժման գաղափարական սկզբունքների վրա:

9. Վերանայել անցյալի հայ ազգային շարժումների և գործիչների քաղաքական գնահատականը:

10. Մայիսի 28-ը հայտարարել հայոց պետականության վերականգնման համազգային տոն, Հայկական Հանրապետության եռագույն դրոշն ընդունել որպես ազգային խորհրդանիշ:

11.Հայոց համազգային շարժման մեջ ընդգրկել համայն հայությանը:

12.Ապահովել հայոց եկեղեցու ազատ գործունեությունը, հավատացյալների պահանջով բացել նոր եկեղեցիներ, վերականգնել հայ ազգային-կրոնական տոներն ու սովորույթները:

13.Պայքար ծավալել Հայկական ՍՍՀ բնակավայրերի պատմական անվանումների վերականգնման ուղղությամբ:
Թվարկված նպատակները կարող են լրացվել շարժման մասնակիցների առաջարկությունների և դիտողությունների հիման վրա:

Հայոց համազգային շարժման գործելակերպը

Հայաստանի և Արցախի վերամիավորման համար հայ ժողովուրդը հենց սկզբից ընտրեց պայքարի սահմանադրական ուղին: Հայոց համազգային շարժումը, ծնվելով Ղարաբաղյան շարժումից, բնականորեն պետք է որդեգրի պայքարի նույն սահմանադրական ուղին, որը մենք հասկանում ենք հետևյալ կերպ.

1. Լիովին օգտվել գործող սահմանադրությամբ քաղաքացիներին տրված իրավունքներից, այն է` ակտիվորեն մասնակցել պետական և հասարակական մարմինների բոլոր կարգի ընտրություններին, հասնելով այն բանին, որ այդ ընտրություններում արտահայտվի ժողովրդի իրական կամքը, հետ կանչել այդ կամքը չարտահայտող կամ արհամարհող դեպուտատներին, անհրաժեշտության դեպքում ժողովրդի ձայնը լսելի դարձնել միտինգների, ցույցերի և գործադուլների միջոցով:

2. Հասնել գործող սահմանադրության այն հոդվածների վերանայմանը, որոնք կաշկանդում են ժողովրդավարությունը և մտցնել նոր հոդվածներ, որոնք համապատասխանում են ժողովրդավարության սկզբունքներին:

3. Գործել օրինականության սահմաններում, դրա հետ մեկտեղ պայքար մղելով սահմանադրության ոգուն և ժողովրդի շահերին հակասող օրենքների և հրահանգների վերանայման ուղղությամբ:

4. Ազգային խնդիրների լուծմանը հասնելու նպատակով Հայոց համազգային շարժումը անհրաժեշտության դեպքում կարող է համագործակցել ուրիշ ազգերի այն կազմակերպությունների հետ, որոնց գործելակերպը, քաղաքական սկզբունքները և նպատակները չեն հակասում մերին:

5. Ազգային ժողովրդավարական պայքարի ճանապարհին շարժումը պատրաստ է համագործակցել հանրապետության իշխանությունների հետ բոլոր այն դեպքերում, երբ վերջիններիս գործունեությունը համապատասխանի հայ ժողովրդի ազգային շահերին:

6. Բացի ցույցերից ու միտինգներից, ժողովրդական լայն զանգվածների հետ հաղորդակցվելու համար Հայոց Համազգային Շարժումը պետք է ունենա նաև իր գրավոր տեղեկատվական միջոցները` պարբերական հանդեսներ, փաստաթղթերի ժողովածուներ և այլն:

Հայոց համազգային շարժման կազմակերպչական ձևերը

Մենք կարծում ենք, որ ճիշտ չէ ժողովրդական շարժումը դնել մեկընդմիշտ որոշված կոշտ կաղապարի մեջ: Իր կառուցվածքով մեր կազմակերպությունը պետք է լինի մի կենդանի մարմին, որը կզարգանա և կփոփոխվի իր գործունեության ընթացքում` առաջադրվող խնդիրների լուծման տրամաբանությամբ: Դա յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն կտա լիովին դրսևորել մեր ժողովրդին բնորոշ ձեռներեցություն և հնարագիտություն: Ընդունելով շարժման սկզբունքները, նպատակները, գործելակերպը և դառնալով նրա անդամ, յուրաքանչյուր ոք ինքն է որոշում գործունեությանը իր մասնակցության կերպն ու չափը: Նշենք շարժման կառուցվածքի ստեղծման հիմնական ուղիները, դրան գործուն կերպով մասնակցելու հնարավոր ձևերը.

1. Հիմնարկ-ձեռնարկության աշխատակիցների ժողովում քննարկվում են Հայոց համազգային շարժման սկզբունքները, նպատակներն ու գործելակերպը, և դրանք ընդունող աշխատակիցները կազմում են մի խումբ` իրենց հայտարարելով շարժման խմբային անդամ: Այնուհետև ընտրում են խորհուրդ, որն այդ մասին տեղյակ է պահում կոմիտեի լիազոր ներկայացուցչին: Անհրաժեշտության կամ նպատակահարմարության դեպքում շարժման մասնակից հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները, կոմիտեի գիտությամբ կարող են կազմել տարածքային կամ ճյուղային-մասնագիտական միություններ:

2. Արդեն գոյություն ունեցող կամ ստեղծվելիք հասարակական կազմակերպությունները, որոնք ընդունում են ՀՀՇ-ի ծրագիրը և ցանկանում են մասնակցել շարժմանը, որոշում են ընդունում այդ մասին և կապ հաստատում լիազորի հետ:

3. Յուրաքանչյուր ոք կարող է դառնալ շարժման մասնակից, ընդգրկվելով վերոհիշյալ կազմակերպության մեջ:

4. Հայաստանի տարբեր քաղաքներում և շրջաններում, ինչպես նաև հանրապետությունից դուրս գտնվող հայաբնակ վայրերում նույն ձևով կարող են կազմավորվել ՀՀՇ խմբային անդամություններ և կազմակերպություններ, որոնք ստեղծում են իրենց խորհուրդները:

Շրջանային կոմիտեների և կազմակերպությունների ներկայացուցիչներից, կոմիտեի մասնակցությամբ և օգնությամբ, կկազմվի առաջին համազգային խորհուրդը, որն ավելի մանրամասն կմշակի կազմակերպության ծրագիրն ու կառուցվածքը և կղեկավարի շարժումը:

Մինչև համազգային խորհրդի ստեղծումը, կազմակերպության գործունեությունը կղեկավարի Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտեն:

Վազգեն Մանուկյան, Ղարաբաղյան շարժման Հայաստանի կոմիտե, «Ազատության» հրապարակ, 1988թ., օգոստոսի 19, Երևան
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives