November 13, 2024
  • Homepage
  • >
  • Media
  • >
  • Armenian media
  • >
  • «Հայաստանն առաջինն էր, որ այդքան ջանք թափեց ժողովրդավարացման համար»

«Հայաստանն առաջինն էր, որ այդքան ջանք թափեց ժողովրդավարացման համար»

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 10 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 201 (546)

Ընդունելություն ՀՀ Գերագույն խորհրդում

Հոկտեմբերի 9-ին Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության, իսկ հավատարմագրերը հանձնելուց հետո նաև Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆրիդրիխ Բաուերին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքների համար, դեսպանը նշեց, որ Ավստրիայում ուշադրությամբ հետևում են նախկին ԽՍՀՄ հանրապետություններից առաջին ժողովրդավարական բարեփոխումների ուղին որդեգրած Հայաստանի քայլերին, միաժամանակ քաջ գիտակցելով, որքան դժվարություններ կան այդ ճանապարհին թե՛ հանրապետությունում, թե՛ նրա շուրջ:

Իր հերթին երախտագիտություն արտահայտելով երկրաշարժից հետո ցուցաբերված օգնության համար, Բաբկեն Արարքցյանը բարձր գնահատեց Ավստրիայի ժողովրդի և կառավարության մարդասիրական վերաբերմունքը:

Այնուհետև խորհրդարանի նախագահը ներկայացրեց քաղաքական և տնտեսական ոլորտներում իրականցվող բարեփոխումների ընթացքը, տեղեկացրեց այդ ուղղությամբ, մասնավորապես օրենսդրական աշխատանքի առանձնահատկությունների, առաջիկա անելիքների մասին:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, տարածաշրջանի կայունությանը և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա դրա ազդեցության հարցերին, Բաբկեն Արարքցյանը մտահոգություն հայտնեց առճակատման խորացման և այդ անցանկալի գործընթացը կանխելուն ուղղված միջազգային կազմակերպությունների ոչ բավարար ակտիվության առթիվ, ընդգծեց խնդրի կարգավորման գործում մեխանիզմների մշակման և գործադրման անհրաժեշտությունը: Կիսելով հակամարտության փուլային հաղթահարման Հայաստանի դիրքորոշումը, դեսպանը տեղեկացրեց, որ իր երկրի կառավարությունը աջակցում է զինադադարի պայմանների վերահսկողությանը ռազմական դիտորդներ ներգրավվելու գաղափարին:

Երկուստեք ընդգծվեց, որ քաղաքական բանակցություններում առաջընթացի գրավականը համապատասխան վստահության մթնոլորտի ստեղծումն է, որի նախապայմանը կայուն զինադադարն է: Զրույցի մասնակիցները շեշտեցին նաև Հայաստանի և Ավստրիային միջև համագործակցության, այդ թվում միջխորհրդարանական կապերն ընդլայնելու, հետագա հարաբերությունները պետական մակարդակով խորացնելու կարևորությունը:

Ընդունելությանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գևորգ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Գերագույն խորհուրդի մամուլի կենտրոն

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives