November 5, 2024

Հայաստանի արտգործնախարարի մամուլի ասուլիս

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

Հայաստանի Հանրապետություն, 2 հոկտեմբերի, 1992 թ., թիվ 195 (540)

Թուրքիան պետք է վերադառնա Ղարաբաղի կոնֆլիկտում չեզոքության քաղաքականությանը և կոնստրուկտիվ դեր խաղա Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման գործում: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, չորեքշաբթի օրը ՄԱԿ-ում կայացած մամուլի ասուլիսում:

Հայաստանի արտաքին քաղաքականության կենտրոնում, հայտարարել է նախարարը, տարածաշրջանում «հաշտություն, ներդաշնակություն և կայունություն» հաստատելու ձգտումն է: Հայաստանը «շատ գոհ է» Վրաստանի և Իրանի հետ հաստատված հարաբերություններից: Բացի դրանից, չնայած «պատմության հետ կապված դժվարություններին» Հայաստանը և Թուրքիան առաջ են շարժվում երկկողմ բարեկամական հարաբերություններ հաստատման ուղղությամբ:

Հայաստանում ստեղծվել է կայուն քաղաքական իրադրություն, շարունակել է նախարարը: Սակայն Հայաստանի սահմաններից դուրս կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի առնչությամբ: «Ադրբեջանի կառավարությունը չի ցանկանում բանակցությունների սեղանի շուրջ նստել այդ բարդ խնդրի լուծումը գտնելու համար: Վերջի երեք ամսում Ադրբեջանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի տարածքի 25 տոկոսը»:

Ղարաբաղյան կոնֆլիկտի նկատմամբ, հայտարարել է նախարարը, Հայաստանի դիրքորոշումն հետևյալն է. «Միջազգային օրենքի համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի ինքնորոշվելու, տնօրինելու իր քաղաքական ճակատագիրը: Հայաստանը կուզենար, որ Ադրբեջանը ուղղակի երկխոսության մեջ մտներ Լեռնային Ղարաբաղի հետ, նրա հետ բանակցություններ սկսեր, որպեսզի լուծվի այդ միջտարածքային քաղաքական կարգավիճակի հարցը»:

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի դադարեցման համար խթան կարող է դառնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, այնուհետև նշել է Ր. Հովհաննիսյանը: Հայաստանը ունեցել է «Թուրքիայի հետ կապված ողբերգական անցյալ, և ոչ մի ազգ լիովին չի մոռանում իր անցյալը: Այդուհանդերձ, Հայաստանը որոշել է Թուրքիայի հետ իր հարաբերությունները կառուցել առանց որևէ նախարարական պայմանի»:

Ընդգծվել է, որ Թուրքիան կարող է բացառիկ կոնստրուկտիվ դեր խաղալ ղարաբաղյան կոնֆլիկտում: «Հանդես գալով Ադրբեջանի գլխավոր գործակից, Թուրքիան նրա հետ ունի էթնիկական, տնտեսական և քաղաքական սերտ կապեր: Ուստի և Թուրքիայի վրա մեծ պատասխանատվություն է ընկած տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Նա պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս համաձայնի կրակի դադարեցմանը և Լեռնային Ղարաբաղի հետ երկխոսությանը»:

Նախարարը ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ «Թուրքիան վերջին ամիսներին հեռացել է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ չեզոքություն պահպանելու իր սկզբունքային դիրքից: Նա սկսել է օգնել կոնֆլիկտի կողմերից մեկին, նախ՝ քաղաքականապես և տնտեսապես, իսկ վերջին ամիսներին նաև ռազմական բնագավառում, իր սպաներին ուղարկելով Ադրբեջանի կառավարությանը ծառայելու: Վերջին հաղորդումները նաև վկայում են այն մասին, որ Թուրքիան սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին»:

Հայաստանը Թուրքիային կոչ է անում վերադառնալ չեզոքության իր սկզբնական դիրքորոշմանը և կոնստրուկտիվ դեր խաղա Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման գործում», ընդգծել է նախարարը:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives