August 17, 2019

Համո Սահյան

  • by Archives.am
  • 1 Year ago
  • 0

«Հայաստանի Հանրապետություն», 21 հուլիսի 1993թ., թիվ 143 (747), չորեքշաբթի

Պիտի հասկանանք, վերջապես պիտի հասկանանք, որ մեր թշնամու համար չկա հարուստ հայ, տաղանդավոր հայ, իրեն նվիրված ու հավատացող հայ, աղքատ հայ, նրա համար կա հայ, հայություն, հայկականություն հասկացությունը և վերջ: Այսօր պիտի մոռանանք, թե ինչ շերտի ենք պատկանում, ինչ կուսակցության ենք պատկանում: Պիտի տեսնենք ու հիշենք` մենք հայ ենք, և մեր դեմ կանգնած է թուրքը: Մենք ուրիշ ճանապարհ չունենք: Մենք մեզ էլ պիտի լավ ճանաչենք, մեր թշնամուն էլ: Մենք ունենք գոյատևելու խնդիր, ապրել-չապրելու, լինել-չլինելու հարց: Հիշենք՝ հայ ենք և վերջ: Նախ մենք պետք է հասկանանք, որ մենք հայ ենք ու մեր գլխին նորից է կախված թուրքական վտանգը: Եթե մենք մեզ հասկանանք, հենց մենք մեզ կասենք՝ Սարդարապատի ժողովուրդ ենք: Թշնամին ինչքան էլ հզոր լինի, աշխարհն ինչքան էլ՝ անտարբեր, մենք պիտի հաղթենք…
Համո Սահյան

 

Ազգային կոթողի մաս

Ժամանակը շեշտակի հատվեց երեսնական թվականներին և շարունակվեց մի ուրիշ բարոյական բաղադրությամբ: Կյանքը պետք է տեղավորվեր նրա մեջ: Բայց ինչպես տեղավորվեր ճշմարտությունը ստի, անարդարությունը արդարության, ոճիրը օրինականության, շնորհքը անշնորհքության, երկնակենցաղը դիվաճենճերի և, վերջապես, Աստված՝ մարտնչող անաստվածության մեջ: Այդ տառապագին ադապտացիան, դիմայլակ հանդիսությունը հատկապես ծանր էր հոգևոր ոլորտում: Համո Սահյանը անցավ այդ գորշ ու ժանգառք, մգլած ու դաժան մսաղացի միջով: Պատմությունը քիչ գիտի ժամանակներ, երբ պատեհապաշտության և հավերժության միջև միայն մի լար էր թողնված անդունդի վրա քայլելու համար: Այդ լարով անցավ Համո Սահյանը` մի ոտքը միշտ հավերժականին և մարմնի ծանրությունը` այդ ոտքի վրա: Եվ ես դրա համար եմ խորին հարգանք տածում նրա նկատմամբ, նրա հոգեկանի, նրա մեծալուրջ, զուսպ գեղագիտության, նրա ոչ պոռոտախոս, ոչ կենցաղային հայրենասիրության նկատմամբ: Նա սովետական մարդու կենսագրություն ունեցավ և ամեն գնով պահպանեց մարդուն սովետականից: Ես խոնարհվում եմ նրա այդ տառապանքի առջև:

Նա շարունակական երկխոսության մեջ էր մահվան հետ, և աչքը անգոյության դռան ճեղքին՝ այն կողմում մեծ կյանքի շողոքորթը տեսնելու ձգտումով: Նա գնաց՝ տանելով բանաստեղծի ներշնչանքը, մտածողի իր փորձը, կյանքի իմացությունը, որ այնքան անհրաժեշտ է այսօրվա Հայաստանի անիմաստ կրքերի կեղտափրփուրում թիավարելու համար: Գրականության պատմությունը իր աշտարակը կառուցելիս մեծագույն ժլատությամբ է ընտրում աղյուսները: Համո Սահյան էր կոչվում այն աղյուսը, որ մշակույթի համար ամենաանբարենպաստ պայմաններում տեղ գրավեց ազգային մեր կոթողի մեջ:

Աղասի Այվազյան

Հազա՜ր ափսոս և հազա՜ր երանի

Աստվածային մի ճրագ մարեց: Աստղ մալ ան գնաց հավելույլ երկնին:

Աստվածային մի մարդ ընդմիշտ հեռացավ: Աշխարհի խիղճը իր մեջ ամբարած Աստվածային մի սիրտ ընդմիշտ դադարեց և ոչ ևս է Աստվածային մի հոգի, որ իմաստուն մանուկ էր, հարազատ եղբայր, մեր բնաշխարհի պես պարզ ու գեղեցիկ ու խորախորհուրդ, մեր հող ու ջրի, ծաղկաբույր զեփյուռի պես հոգեհարազատ… Ափսոս, հազար ափսոս…

Մեր մեծերի համաստեղության երկնակամարում մի աստղ էլ բռնեց հավիտենականության ճամփան, մի շենշող աստղ էլ սկսեց իր մշտնջենական շողարձակումը:

Երանի՜ նրան, հազա՜ր երանի, որովհետև սիրեց և սիրվեց ու ամբողջանվեր եղավ իր ժողովրդին:

Երանի՜ նրան, հազա՜ր երանի, որովհետև ստեղծագործական երկունքներ ապրեց, հրճվեց, տառապեց և բացարձակ ինքնադրսևորման բացարձակ երջանկությունն ունեցավ: Եղավ մարդ անարծաթ, եղավ անձ ու անհատականություն, անխարդախ բանաստեղծ, ժողովրդին, երկրին և Հայաստան աշխարհին ընդմիշտ համաձույլ, ինչպես այժմ համաձույլ են մեր թախիծն ու ակնածանքը, տխրություն ու խոնարհումը: Հազա՜ր ափսոս նրան ու հազա՜ր երանի:

Գոհար Գասպարյան

Թոնրից՝ մաքուր հաց, հացից՝ հայոց լեզու էիր բերում

Սիրելով հավատացինք Քեզ, վարպետ: Որովհետև Հավատի մեջ էիր ապրում ու այնտեղից՝ հավատացյալի խո՜ր լռության միջից Քո խոսքն էիր բերում՝ ծանր, անզարդ, ուղիղ:

Իբրև Աստծու տված բարձր պարգև, օդեղենիկ վերևներից ախորժելի բառեր էիր գտնում՝ իրենց մեկեղենության մեջ ապրող՝ անընդունակ տրոհվելու միջուկ-կեղևի:

Մաքուր թռչունի ու մաքուր խոտի, նաև ոսկու պես մաքուր բառեր էիր շշնջում աղոթքի պահին, ու բոլորս Քո աղոթքով էինք օրվա մեջ մտնում, ու մեր օրը լինում էր հավատի ու համբերության, խղճի անմեղ ամոթի օր:

Ինչպե՜ս չէիր հավատում բարձրադղորդ բառերի «թռիչքին»: Քո ճակատի ու աչքերի խորունկ տխրությունը… Մարդկային ամեն թուլություն ճանաչող Քո հեգնանքը միայն ու միայն լռությունով, միայն մեկ հայացքով սաստել գիտեր ամեն այդ տեսակ անպտուղ շարժում: Քո հայացքի տակ էին մեր հոգու ներսն ու դուրսը, գիտեիր մեզ: Նահապետ էիր՝ «շատ իմաստնության մեջ շատ տրտմություն» ունեցող:

Քո խստաբարո վարքի ու մտքի մեջ պահած ունեիր մեր անճարակությունները, սայթաքումները, միջամտությունները… Մարդերգակի Քո հայացքը, իհարկե, ժայռ ու մասրենուն էլ պիտի ուղղեիր, եզանն ու լորիկին էլ, որպեսզի մեզ կապեիր մեր հիշողության հետ, արմատների հետ:

Հիշո՞ւմ ես, մի օր ասում էիր՝ թոնրի վերանալու հետ հայերեն լեզվից դուրս է գալիս 120 բառ, ասում էիր՝ հաշվել եմ: Ու թվում էիր բառերն այդ: Դրանց վերանալու ահը Քո խորհինն ու գիշերվանն էր: Թոնրից՝ մաքուր հաց, հացից՝ հայոց լեզու էիր բերում, որ Հայրենիքով պահվենք: Ինչպես քո հիշած մամիկները, որոնց մասին ասում էիր. «Առանց հայրենիքի անուն տալու հայրենիք են պահել»: Ու ամեն անգամ, երբ այս բարձր ոլորտների ապրումը թատրոն ու բեմահարթակ ելավ, Քո աջ բուռը ճակատիդ վրա ամոթի ցավ հավաքեց՝ կնճիռ առ կնճիռ:

Դրան հակառակ, Քո պերճագրության չափագրումը սահմանեցիր, որ անճառելի իր փայլով լույս էր առնում Կոմիտասի, Թումանյանի ոլորտներից:

Ամենից շատ վախենում էիր այս աշխարհը թողնել պարտքերդ չմարած: Տիրոջ զգացումով էիր ապրում: Տեր էիր: Քո տիրությունն ահա, նոր բարձրացող մեր պետականության հիմքերին գրում է՝ ՀԱՎԱՏ, գրում է՝ ՍԵՐ, գրում է ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: Քո տիրությունը ամեն հայ մարդու հոգուն գրում է՝ ՏՈՒՆ, գրում է՝ ՀԱՅԱՍՏԱՆ:

Հավերժության մայրուղի մտած Քո տիրությունը հայոց բանաստեղծության դարերի ամրոցին գրում է՝ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ:

Տիգրան Մանսուրյան

Հեռացար՝ չսպառված

Տարիներ առաջ Հ. Սահյանը կամեցել էր, որ ես մասնակից դառնամ իրեն նվիրված հեռուստատեսային հաղորդմանը: Իր իսկ ցանկությամբ կարդացի «Տարիներս, տարիներս, ուր մնացին տարիներս» բանաստեղծությունը: Շնորհակալ հայացքը դարձրեց ինձ.

— Վարդուհի, կարդացիր այնպես, ինչ ես էի զգացել այս տողերս թղթին հանձնելիս,— ասաց ու առաջարկեց իր գործերից մի փունջ ընտրեմ բեմահարթակից կարդալու համար: «Ընտրել» հասկացությունը այնքան էլ տեղին չէ Սահյանի պարագային, քանզի նրա գործերում դժվար է հանդիպել ոչ ընտիր տողերի: Օրեր շարունակ ընթերցում էի մենությանս ժամերին և ամեն անգամ հայտնաբերում մի նոր բան, որ չէի տեսել նախորդ ընթերցումի ժամանակ… Հ. Սահյանի անզարդ, «հողոտ-մղեղոտ» բառերը, բառակոփ ժայռեղեն քանդակ-պատկերները հղկված ադամանդի արժեք ստացան իմ աչքում, տեսա հայրենի ու անդնդախոր ձորերից դեպի Անհունի խորքեր ճախրող միտքը, որին հասնելն անհնարին թվաց ինձ: Ըմբռնեցի, որ Սահյանի կերտած տաճարի խաչքար դռնից ներս մտնելը շատ էլ դյուրին չէ:

Ամեն անգամ ընթերցելիս նորովի էի հայտնաբերում աշխարհն ու մարդկանց, հայտնաբերում էի ինքս ինձ… Ու այս շարունակական ընթացքին հանգեցի այն մտքին, թե Համո Սահյանի բանաստեղծությունների խորհուրդը անկորուստ ունկնդիրներին հաղորդելը բարձրաձայն ընթերցմամբ  հնարավոր չէ պարզապես, որ դրանք պիտի մրմնջալ մոլեռանդ հավատացյալ քրմուհու նման, որը «ծալված ծունկերով» աղոթքի է իջել Հայաստան-Տիրամոր նկարի առաջ: Գուցե իմ այս զգացողությունը շատ է ենթակայական, բայց այս միտքը չի հեռանում ինձանից, ավելի է պայծառանում փիլիսոփա-բանաստեղծի անդարձության գիտակցությունից…

Սիրելի բանաստեղծ, տարիներդ, տարիներդ խլեցին մարմնական ուժերդ՝ բոցավառվելով մտքիդ ջահը: Նույն այս թերթում, կարծեմ, մեկ թե երկու ամիս առաջ նույնպիսի հիացմունքով կարդացի բանաստեղծություններիդ նոր շարքը, տեսա կրկին հետագա մտքիդ լույսը: Դու հեռացար չսպառված, բայց և պարտական չմնացիր քո Պաշտամունքին՝ Հայ ժողովրդին…

Գիշերային այս ուշ ժամին փորձում եմ տեսնել քո պատվանդանը մեր քերթողական արվեստում ու տեսնում եմ: Բազմել ես Թումանյանի խնջույքի սեղանի շուրջ, փռել «Իրիկնահացի» սուփրան ու բաժակ ես զարնում «Հանճարեղ լոռեցու» հետ…

Վարդուհի Վարդերեսյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives