July 24, 2021

Կարզախը Արցախում

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402)

Եվ ստացվեց այնպես, որ 1992-ի ամառը Արցախի քաջարի ազատամարտիկները ստիպված էին թշնամուն զիջել Շահումյանն ու Մարտակերտի բազմաթիվ բնակավայրեր։ Աղասի Վարդերեսյանը մի քանի անգամ դիմեց զինվորական ծառայության անցնելու համար. 55-ամյա ինժեներին մերժեցին՝ պատճառաբանելով տարիքը։ Ելքը գտնվեց. կամավորական ջոկատի գլուխ անցած՝ Աղասին հայտնվեց Մարտակերտի ռազմաճակատում։ Կռվում էր եւ սրտի ցավով տեսնում, թե ինչպես ոմանք, ընկնելով ու տեղի տալով, թողնում էին տուն ու տեղ, հող ու հայրենիք եւ հեռանում Արցախից։

Խմբագրությանը հասցեագրած «Ժամն է օրհասական, վաղը ուշ կլինի…» կոչ-նամակում Աղասին ռազմաճակատից դիմում էր նրանց. «Դու խուսափում ես զենք վերցնելուց, թաքնվում ես քո նոր հանգրվանում, ինչպե՞ս ես նայում կնոջդ, զավակներիդ, քույրերիդ աչքերին, երբ այստեղ՝ Մարտակերտի անտառներում եւ դաշտերում, արհամարհելով մահը, կռվում են մի բուռ հայորդիներ՝ եկած Երեւանից, Գյումրիից, Լոռիից, Զանգեզուրից, Ջավախքից, Սեւանից, Արարատյան դաշտից եւ այլ տեղերից…»։

Մարտերից մեկում ծանր վիրավորված Աղասուն տեղափոխեցին Երեւան։ Ապաքինումը երկար տեւեց։

Ամռանը հայրենի Կարզախ գյուղում՝ Ջավախքի ամենահեռավոր բնակավայրում, պետք է տեղի ունենար հայ նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի բացումը, որը Աղասու եւ «Ջիվանի» միության իր ընկերների 3 տարվա քրտնաջան աշխատանքի արգասիքն է։ Անհամբեր ու ոգեւորված սպասում էր այդ օրվան։

Սակայն Արցախ հայրենիքում նորից հնչեց ռազմի փողը։ Դեռ նոր ապաքինված՝ Աղասին իր կամավորական ջոկատով նորից մարտակերտյան ճակատի թեժ բովում էր։ Այս անգամ ջոկատին էր միացել նրա համագյուղացին՝ Գառնիկ Աբրահամյանը։ Քաջարի երիտասարդը թողեց ընտանիքը, երեք անչափահաս երեխաներին եւ զենքը ձեռքին հասավ կռվի դաշտ… Ազատագրում էին գյուղ գյուղի հետեւից. ոգեւորությունը մեծ էր, շուտով կհասնեն Մարտակերտի մատույցներին…

Կռվում էին կողք–կողքի՝ հաղթանակի անսասան հավատով։ Հիշատակված նամակում Աղասին գրում է. «Ամեն մեկը ինքն է իր պարտքը տալու հայրենիքին, իր բաժին կռիվն անելու հայրենիքի համար։ Հանուն մեր նահատակված ընկերների, հանուն մեր սրբազան հողի՝ ովքեր կարող են զենք վերցնել՝ եկեք միացեք մեզ, տանք մեր կռիվը սրբազան, ժամն է օրհասական, վաղը ուշ կլինի…»։

Ու մի օր էլ, հերթական գործողությունը կատարելիս, Աղասին, Գառնիկը ու եւս երեք արցախցի հավետ կորան մռայլ մշուշում՝ զինակից ընկերներին ժառանգություն թողնելով հաղթանակի անսասան հավատն ու կամքը։

Ամռանը Կարզախում կբացվի հայ նահատակների հուշարձանը, որին Աղասին ու Գառնիկը կմասնակցեն որպես սուրբ անուններ՝ հարյուրավոր սրբացուցակների չփակված անվանացանկում, եւ այդ սուրբ անուններից կճառագայթի Աղասու հավատո հանգանակը. «Եվ դու, հայաստանաբնակ հայ, եւ դո՛ւ, երեւանցի, լավ իմացիր. Ղարաբաղի կռիվը միայն ղարաբաղցունը չէ, այն կռիվն է համայն հայության՝ մեր սրբազան հողի եւ հայրենիքի համար»։

Հայկազուն Ալվրցյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives