March 4, 2021

ԼՂՀ Գերագույն խորհրդի նստաշրջանն աշխատում է

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Հայաստանի Հանրապետություն», 8 հունվարի, 1992թ., չորեքշաբթի, թիվ 3 (348)

Հունվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը շարունակում էր աշխատանքը: Նստաշրջանի օրակարգն ընդգրկում է մեկ տասնյակից ավելի հարցեր: Պատգամավորները պետք է ընդունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը, ընտրեն Գերագույն խորհրդի նախագահ և տեղակալներ, ստեղծեն ԼՂՀ-ի նախարարների խորհուրդ, նշանակեն վարչապետ:

Օրակարգի հրատապ հարցերից է նաև մի շարք կարևոր օրինագծերի քննարկումն ու ընդունումը, ինչպիսիք են ԼՂՀ-ի պետական անկախության սահմանադրական հիմունքների, սեփականության, Գերագույն խորհրդի, գերագույն դատարանի և դատախազության մասին և այլ օրենքներ:

Ստացված տեղեկությունների համաձայն, պատգամավորներն այսօր ձեռնամուխ են եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի թեկնածությունների քննարկմանը: Առաջադրված հինգ թեկնածուներից` Օլեգ Եսայան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Մելիք-Շահնազարյան, Լեոնարդ Պետրոսյան, Արթուր Մկրտչյան, աժմ մնացել են վերջին երկուսը:

Մինչդեռ պատերազմական գործողությունները հանրապետության և Շահումյանի շրջանի տարածքում շարունակվում են: Ստացված վերջին տվյալներով հայկական ինքնապաշտպանական ուժերը Շահումյանի շրջանի Բուզլուխ, Մանաշիդ և Էրքեջ գյուղերի մոտակա բարձունքների կարևոր դիրքերից մարտերով ետ են մղել ադրբեջանական օմոնականներին, որոնցից 12-ը սպանվել է, կան վիրավորներ: Գտնվել են անցյալ տարվա վերջին օրերին մարտի ժամանակ անհետ կորած վեց հայերի դիակները: Հունվարի 6-ի և 7-ի ամբողջ օրը գնդակոծվում էին Կարաչինար և Մանաշիդ գյուղերը:

Մարտունու շրջանի Ճարտար գյուղի շրջակայքում փոխադարձ հրաձգություն է տեղի ունենում, իսկ Քարաքենդ հայկական գյուղից ավազակները հափշտակել են 260 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում այս գիշեր հարաբերական անդորր էր, եթե չհաշվենք Կրկժանում հնչած կրակոցները:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives