December 3, 2024

Թեհրանում աղմկում է Ադրբեջանի դեսպանը

  • by Archives.am
  • 32 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 6 ապրիլի, 61 (402)

Իրանում Ադրբեջանի դեսպան Նասիբ Նասիբզադեն ապրիլի 4-ին Թեհրանում տված մի հարցազրույցի ընթացքում Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի տարածքը գրավելու մեջ։ Իրանի ռադիոյի հաղորդած լուրի համաձայն, Նասիբզադեն հայտնել է, թե իբր Հայաստանը ամբողջական պատերազմ է սկսել Ադրբեջանի դեմ եւ «Մենք մեր երկրի հողային ամբողջականությունը պահպանելուն զուգընթաց կընդառաջենք հարեւան երկրների որեւէ միջնորդություն հակամարտության խաղաղ կարգավորման համար»։

Ադրբեջանի դեսպանը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի հետ համագործակցելու մեջ եւ շեշտել է, թե Մոսկվան զինական, մարդուժի եւ տեղեկատվական օգնություն է մատուցել հայերին: Նրա կարծիքով Ռուսաստանը չի հրաժարվում իր իմպերիալիստական նկրտումներից եւ Այսրկովկասում զինվորական ներկայություն ունի, որի ստրատեգիական զինակիցը Հայաստանն է։ Ադրբեջանի դեսպանը հայտնել է նաեւ, որ իր երկրում արտակարգ դրություն է մտցված, ապրիլի 3-ից որեւէ օտարերկրացու մուտքի հրավեր չի տրվելու։

Թեհրանի «Ջոմհուրի էսլամի» օրաթերթը եւս իր ապրիլի 5–ի համարում հաղորդում է, թե Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է քիմիական զենք օգտագործելու մեջ, որի «փաստերը գրանցված են առողջապահության նախարարությունում»։ Դեսպան Նասիբզադեն հայտնել է, թե Ադրբեջանը եւս քիմիական զենք ունի, բայց չի օգտագործելու հայ բնակիչների եւ զինվորականների դեմ։ Նա շեշտել է, որ Հայաստանի վերջին գործողությունները վտանգում են տարածաշրջանի ապահովությունը, եւ եթե հարեւան երկրները ու հատկապես Իրանը անմիջական հակազդեցություն չցուցաբերեն, տագնապի ծավալները կընդարձակվեն, ինչը շրջանի երկրների օգտին չէ։ Ադրբեջանի դեսպանը ասել է նաեւ, թե մի շարք երկրներ չեն ցանկանում, որ Իրանի ազդեցությունը տարածվի Այսրկովկասում, ուստի եւ փորձում են Իրանի միջնորդական առաքելությունը վիժեցնել։ Ըստ Նասիբզադեի, Ադրբեջանը քաղաքական օգնության կոչով դիմել է Ռուսաստանի եւ Ամերիկայի նախագահներին։

Տ. Դավթյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives