March 29, 2024

Զինադադարը

  • by Archives.am
  • 106 Years ago
  • 0

Մշակ, 2 դեկտեմբերի 1917թ. թիվ 257

Զինադադարը արդեն կատարված փաստ է թե արևմտյան, թե ռուս-թուրքական ճակատների վրա: Եվ մինչև արևմտյան ճակատի վրա զինադադարը Գերմանիայի և Ավստրիայի հետ որոշվեց և կատարվեց Լենին-Տրոցկիի նախաձեռնությամբ, կովկասյան ճակատում զինադադարը Թուրքիայի հետ որոշվեց և կատարվեց Անդրկովկասյան կոմիսարիատի և երկրային կենտրոնի նախաձեռնությամբ և որոշմամբ, այսինքն օրգանների, որոնք մերժում էին բոլշևիկների կառավարությունը և համարում են Լենին-Տրոցկիին հափշտակիչներ:

Երևի դա ևս որոշ տակտիկա է — չճանաչել պաշտոնապես, դե jure բոլշևիկների իշխանությունը, բայց իրողապես, de facto, իրագործել նրանց ծրագիրները:

Ուրեմն, համենայնդեպս, մենք կանգնած ենք այն փաստի առաջ, որ կա զինադադար և ձեռնարկվել է անջատ, սեպարատ հաշտություն կնքելու Գերմանիայի և Թուրքիայի հետ, հակառակ դաշնակից պետությունների կամքի և հավանության:

Մի կողմ թողնենք, թե ինչ ապագա է խոստանում Ռուսաստանին — երջանիկ կամ թշվառ — սեպարատ հաշտությունը Գերմանիայի և Ավստրիայի հետ: Մենք զբաղվենք այն հարցով, որ ավելի մոտ է, ավելի կենսական է մեզ համար՝ Անդրկովկասի համար և, մանավանդ, հատկապես մեզ հայերիս համար՝ թե Թուրքիայի և թե Անդրկովկասի: Սեպարատ հաշտությունը Թուրքիայի հետ, նայելով ինչ տեսակ կկնքվի և ինչ պայմաններով, ամբողջ հայության համար կյանքի և մահի խնդիր է:

Ոչ մի տարակույս չկա, որ ինչպես Գերմանիան արդեն հայտարարեց, նա ընդունում է զինադադարի առաջարկը իբրև հաղթող՝ հաղթվողի կողմից, քանի որ զինադադար և հաշտություն կնքելու առաջարկող կողմը, ըստ միջազգային և ընդունված սովորության, համարվում է պարտված. նույնպես և Թուրքիան պետք է համարե իրեն հաղթող, որովհետև նա չէ, որ դիմել է զինադադարի և հաշտության առաջարկով, այլ դիմողը եղել է Ռուսաստանը: Բայց եթե նույնիսկ Թուրքիան առաջինը լիներ դիմող, դարձյալ նա չէ կարող նկատվել հաղթված, այլ իբրև դաշնակից Գերմանիայի՝ նա միշտ խոսելու է մեզ հետ իբրև հաղթող և ըստ այնմ թելադրելու է իր պայմանները: Եվ որովհետև ոչ մի տարակույս չկա, որ Գերմանիայի պայմանները լինելու են դժնդակ, ծանրագույն, պետք է սպասել նույնպես, որ Թուրքիայի պայմանները լինելու են դժնդակ, ծանրագույն: Եվ ոչ մի տարակույս չկա, որ ամենից առաջ Թուրքիան պահանջելու է ռուսական զորքի ձեռքով նվաճված բոլոր երկրները, ուրեմն բովանդակ Հայաստանը ետ տալ իրեն և ստեղծել նախկին դրությունը, status quo-ն:

Թե բոլշևիկների կառավարությունը և թե նրա ծրագիրը իրագործող Անդրկովկասյան իշխանությունները մխիթարում են մեզ այն հանգամանքով, թե ճիշտ է, անեքսիա, կցում չէ լինելու, ուրեմն Հայաստանը պետք է ետ տրվի, բայց պահանջվելու է, որ գործադրվի ազգերի ինքնորոշման իրավունքը, ուրեմն Հայաստանի բախտը, ապագան սահմանվելու է ինքնորոշման հիման վրա:

Մի կողմ թողնենք, որ այդ պահանջը անիրագործելի է և Թուրքիան միշտ հնարավորություն կգտնի խուսափել նրա իրագործումից: Բայց ընդունելով նույնիսկ լավագույն դեպքը, որ թույլ տրվի տեղական ազգաբնակչությանը արտահայտվել, դժվար թե այդ դեպքում մենք հայերս որևէ շոշափելի արդյունք ունենանք, որևէ նպատակի հասնենք, որովհետև այսօր Հայաստանը ամայացած է հայերից, երկրորդ, եթե կա մի որոշ քանակություն հայերի, դիցուք 150-200000, դրա դեմ կան նույնչափ մուսուլմաններ՝ քրդեր, թուրքեր, որոնց ձայնը նույնպես նկատողության կառնվի:

Մենք կատարյալ հոռետես ենք այդ կետի վերաբերմամբ և գտնում ենք, որ սեպարատ հաշտությունը Թուրքիայի հետ ներկա պայմաններում, երբ Գերմանիան և Թուրքիան իրավունք ունեն իրենց հաղթող համարելու, փորելու է հայկական հարցի գերեզմանը:

Մխիթարության համար ընդունենք պահ մի, որ մեր գուշակությունը սխալ է: Ընդունենք փաստը ինչպես կա, և քննենք, թե մենք հայերս ինչ պետք է անենք, ինչ դիրք պետք է բռնենք,  ինչպես պաշտպանենք մեր շահերը և իրավունքները:

Դեռ մի ամիս առաջ մենք պահանջեցինք, ահազանգ խփեցինք, թե անհրաժեշտ է գումարել ազգային ժողովը, որ համենայնդեպս, ունի ավելի ձեռնհասություն և իրավասություն լուծելու ազգային գործերը, քան Ազգային խորհուրդը, որ պետք է լինի միայն գործադիր մարմին, և որը, սակայն, ըստ երևույթին, իրան է սեփականացրել Ազգային ժողովի ֆունկցիաները: Եթե այդ ժողովը գումարված լիներ, այսօր նա կարտահայտեր իր կարծիքը, և այսօր մենք որոշած կլինեինք մեր դիրքը և ուղղությունը այն հարցի մասին, որ հայության գոյության հարցն է: Եվ որովհետև այդ չեղավ, մեր ձայնը մնաց «ձայն բարբառո հանապատի», ուստի և կրկնվեց նույն աղետալի երևույթը, որ տեղի ունեցավ 1914թ., երբ անպատասխանատու կուսակցություններ հանդես եկան և գործեցին հանուն ազգի ու տարան ազգը դեպի կործանումն:

Մեզ թվում է, որ զինադադարի և Թուրքիայի հետ անջատ հաշտություն կնքելու հարցում ամենից շատ շահագրգռված են թուրքահայերը, և նրանք պետք է հանդես գան, այլապես ուշ կլինի, և նրանք կտուժեն ավելի ահռելիորեն, քան տուժեցին մինչև օրս:

Հ. Ա.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives