May 16, 2021

Երեւան-ԼՂՀ համագործակցության քայլեր

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 1993թ., 23 մարտի 51 (392)

Մեր թղթակից Ա. Դոխոլյանը երեկ Ստեփանակերտում հանդիպեց Հադրութ մեկնող Երեւանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Վահագն Խաչատրյանին։ Պատասխանելով թղթակցի այն հարցին, թե ո՞րն է դուրս գալու նպատակը, Վ. Խաչատրյանը մասնավորապես ասաց.

— Ցանկություն ունենք Երեւանի եւ Հադրութի շրջանի միջեւ տնտեսական համագործակցություն հաստատել։ Մեզ հիմնականում հետաքրքրում է շրջանից փայտանյութ ձեռք բերելու հնարավորության հարցը։ Այդ մասին համաձայնություն ձեռք է բերվել դեռ ձմռանը, եւ այժմ Հադրութի շրջանի ղեկավարության հետ կճշտվի այն ապրանքների ցանկը, որը նրանց կտրամադրվի փայտանյութի դիմաց։

Մենք տնտեսական կապի մեջ ենք Շուշիի շրջանի հետ։ Հադրութը կլինի երկրորդ շրջանը։ Ցանկության ունենք նման կապեր հաստատել նաեւ ԼՂՀ մյուս շրջանների հետ եւս։ Կարծում եմ, այսօր օգնելու, ավելի ճիշտ, արդեն հավասարապես համագործակցելու հնարավորություն ունի եւ Արցախը։

Լինելով Ստեփանակերտում, համոզվեցի, որ կյանքն այստեղ ավելի աշխույժ է, քան Երեւանում։ Ժողովուրդն ամուր է, այլապես չէր դիմանա պատերազմի դժվարություններին։ Բայց երեւանցին էլ է ամուր, քանի որ նման ձմեռ անցկացրեց։

Ցավոք, ձմեռվա ընթացքում Երեւանում շատ ծառեր հատվեցին, իսկ այստեղ նման բան տեղի չի ունեցել, քանի որ մարդիկ նախօրոք պատրաստվել էին ձմռանը։ Իմ այցելությունը ունի նաեւ փորձի փոխանակման նպատակ։ Արցախից ձեռք բերված փայտանյութը կօգտագործվի ե՛ւ որպես վառելանյութ, ե՛ւ որպես շինանյութ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives