May 16, 2021

Ելցինը ամրացնում է սահմանները

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 11 հունիսի, 1992թ., թիվ 109 (198)

Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը «Ինտերֆաքսի» թղթակցի հետ հարցազրույցում Մերձբալթիկայի հետ պետական սահման ստեղծելու հաստատ մտադրությունը պատճառաբանել է առաջին հերթին արտասահմանյան երկրների հետախուզական անարգել գործունեությանը վերջ տալու անհրաժեշտությամբ: Բանն այն է, որ օտարերկրյա ռեզիդենտները ներկայումս ազատորեն Ռուսաստան են ներթափանցում Մերձբալթիկայի հետ ունեցած չհսկվող սահմանով:

Նախագահը Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի հետ ունեցած սահմաններին մաքսատների և «իսկական սահմանների» ստեղծման կարևորությունը բացատրել է նաև Ռուսաստանից դեպի Մերձբալթյան երկրներ, իսկ այնուհետև ավելի հեռու «ապրանքների անօրինական հոսքը դադարեցնելու ձգտումով»:

Ելցինի ասելով այդ աշխատանքները պետք է շտապ կատարվեն: Շուտով կսկսվի սահմանանշումը, կստեղծվեն հատուկ օպերատիվ խմբեր:

Ելցինը նաև հայտարարել է, որ համանման պատճառները ստիպում են խիստ սահմանային ռեժիմ ստեղծել Ադրբեջանի հետ ունեցած սահմանների վրա ևս, որտեղ վերջերս սահմանվել է «փաստորեն առանց վիզայի ելումուտ Իրանի և Թուրքիայի հետ»: Ինչ վերաբերում է Վրաստանին, ռուսական կողմը մտադիր է հետևել, թե «ինչպես կընթանան այնտեղ գործընթացները»: «Եթե դադարի պատերազմը, ռազմական ճնշումը Հարավային Օսիայի վրա, ապա մենք կարող ենք… դեռևս կիսաթափանցիկ սահմաններ թողնել, որոնք կհսկվեն սահմանապահ շրջիկ խմբերի կողմից»:

Ղազախստանի հետ սահմանները Ելցինն անվանել է «բարդ», նշելով, որ այդ երկրի հետ Ռուսաստանն ունի ռազմաքաղաքական պայմանագիր: Ռուսաստանն ու Ղազախստանը պետք է մտածեն, թե «ինչպե՞ս փակեն Միջին Ասիայի հանրապետությունների հարավային սահմանները և արգելեն Համագործակցության մեջ չմտնող պետությունների քաղաքացիների առանց վիզայի մուտքը Ռուսաստան»: Այսպիսի համաձայնագրեր, նախագահի ասելով, պետք է ստորագրվեն Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ:

«Ամենաբարդը,- գտնում է Ելցինը,- Ուկրաինայի հետ սահմանի հիմնահարցն է: Ուկրաինական ղեկավարության բացահայտ ձգտումը` անցնել ազգային արժույթի, մեզ իրավունք է տալիս զբաղվել պետական սահմանով: Առայժմ մենք մաքսակետեր ենք դնում բոլոր անցումների վրա: Այնուհետև, հենց որ Ուկրաինան ազգային արժույթ մտցնի, մենք ձեռնամուխ կլինենք իսկակական պետական սահմանի ստեղծմանը»: Եթե ռուս-ուկրաինական սահմանների հարցը այդպես լուծվի, դա կկիրառվի նաև Մոլդովայի նկատմամբ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives