September 29, 2020

Գանձակում

  • by Archives.am
  • 2 Years ago
  • 0

Մշակ, 5 հունիսի, 1918թ., թիվ 104

Մայիսի 29-ին մի քանի ժամ հայ և մուսուլման թաղերի միջև տեղի ուներ հրաձգություն:

Երեկոյան դեմ հրաձգությունը դադարեց: Դրա պատճառը պարզելու համար հայկական թաղը գնացին ավտոմոբիլով Նազիմ փաշան և Նուրի փաշան: Մայիսի 30-ին Նուրի փաշայի հրամանով մուսուլմանական կորպուսի մի բատարեա ուղարկվեց Եվլախ՝ Աղդամ գնալու համար. նա իր հետ տարավ 4 թնդանոթ, որ անհրաժեշտ է այն կողմը շարժվող թուրք զինվորներին: Կորպուսի շտաբի հրամանի համաձայն այդ թնդանոթները ղրկելուց առաջ ռուս օֆիցերների ձեռքով լավ մաքրվեցին ու կարգի բերվեցին:

Գեներալ Շիխլինսկին՝ մուսուլմանական կորպուսի հրամանատարը՝ ստացել է փաշա տիտղոսը և համաձայն օսմանցիների սովորության հիմա կոչվում է Ալի աղա փաշա: Գանձակում սպասվում է օսմանցիների՝ թվով երրորդ գեներալը — Թուրխան փաշան, որ Թավրիզից, Աղդամի վրայով գալիս է Եվլախ: Ինչպես Նազիմ և Նուրի փաշաները, այնպես և Թուրխան փաշան Կ.Պոլսից դուրս է եկել երկու ամիս առաջ:

Ըստ երևույթին Գանձակին վիճակված է լինել ապագա Ատրպատականի մայրաքաղաքը, իսկ մինչ այդ նա հանդիսանում է օսմանցիների ազդեցության վայրը, ուր դիտավորություններ են մշակվում Բաքուն նվաճելու: Գանձակում այժմ կատարվում են խոշոր աշխատանքներ Գանձակի նահանգը և նրան կից Բաքվի գավառը նվաճելու:

Մեծ հանդիսով, երաժշտությամբ և պատվով ընդունվեց Կ.Պոլսից եկած երկրորդ հյուրը՝ Նուրի փաշան (Էնվերի եղբայրը):

Արդեն մի քանի օր է՝ օսմանցի գեներալներ Նուրի և Նազիմ փաշաները իրենց շտաբի հետ կատարում են զուտ գործնական աշխատանքներ, սպասելով եկող զորքերին: Նրանք իրենց իսկական նպատակի մասին չեն հաղորդել տեղական մուսուլմանների ազդեցիկ ղեկավարներին: Իսկ հարկ եղած դեպքում փաշաները խորհրդավոր բացատրում են. «Եկել ենք իբրև հյուրեր…»: Նրանք երկուսն էլ միշտ ընդգծում են, որ Թուրքիան ցանկանում է Անդրկովկասում լիակատար խաղաղության մեջ ապրել հայերի հետ և հայկական կոմիտեի ներկայացուցիչներին, որ կայարանում դիմավորեցին Նուրի փաշային, վերջինս խոստացավ ամեն միջոց ձեռք առնել քաղաքի հայ և մուսուլման թաղերի բարի դրացիական հարաբերությունները բարելավելու համար:

Հենց Նուրի փաշայի գալուց մի քանի օր առաջ ազգային կոմիտեների ներկայացուցիչները մշակել են համաձայնության պայմանագիր, որը արդեն պետք է կյանք մտցվեր:

Բայց այդ պայմանագիրը այնուամենայնիվ մնաց թղթի վրա և քաղաքի կյանքի կենցաղական պայմանները ոչնչով չեն փոխվել: Առաջվա պես ոչ մի մուսուլման և ոչ մի հայ չի համարձակվում անցնել կամուրջից:

Գանձակից դեպի արևելք տանող երկաթուղին վերջին ժամանակներս պահպանվում է օսմանցի ասկյարների ձեռքով: Այժմ նկատվում է փոքր-ինչ կարգ ու կանոն: Կողոպուտները գրեթե դադարել են: Գնացքների մեջ կարելի է տեսնել և ռուս կանանց: Երկաթուղին այն տպավորությունն է թողնում, թե նա արդեն գրավված է օսմանցիներից: Կայարանների գլխին ծածանվում են օսմանյան դրոշակներ:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives