November 5, 2024

Բաքուն շարունակում է խախտել հրադադարը

  • by Archives.am
  • 31 Years ago
  • 0

«Ազգ», օգոստոսի 4, չորեքշաբթի, 1993թ.

Հայաստանի սահմանները ուժգին հրետակոծվում են

Չնայած ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածությանը, որի ժամկետը լրանում է այսօր, օգոստոսի 4-ին, իրադրությունը Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատներում օրեցօր բարդանում է: Այդ մասին երեկ Ստեփանակերտից հաղորդեց մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը: Ըստ Լեռնային Ղարաբաղի  պաշտպանության բանակի շտաբից ստացած տեղեկությունների, օգոստոսի 2-ի ամբողջ օրը ադրբեջանական ռազմական հենակետերից անընդհատ հրթիռակոծվել են ԼՂՀ պաշտպանության դիրքերը:

Նույն օրը ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հարձակվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի պաշտպանական դիրքերի վրա, ինչպես Ֆիզուլու շրջանի սահմանային գոտում, այնպես էլ Քելբաջարի շրջանի հյուսիսային հատվածում Օմարի լեռնաշղթայի ուղղությամբ: Նույն աղբյուրի համաձայն, թշնամու բոլոր գրոհները հետ են մղվել: Մարտերի ընթացքում հայ ազատամարտիկները գերի են վերցրել ադրբեջանցի մի խումբ զինյալների: Երկու կողմի տուժածների մասին առայժմ տեղեկություններ չկան: Մյուս կողմից, օգոստոսի 3-ի գիշերը և առավոտյան ռազմաճակատներում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Ինչպես հայտնեց ԼՂՀ պաշտպանության բանակի գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանը, բանակի ստորաբաժանումներին հրաման է տրվել խստագույն պահպանել զինադադարի բոլոր պայմանները և ցուցաբերել առավելագույն զսպվածություն: Սակայն նրա խոսքերով, եթե ադրբեջանական կողմը շարունակի խախտել զինադադարը և բարդացնի իրադրությունը, ապա Արցախի զինված ուժերն ստիպված կլինեն վճռական միջոցներ ձեռնարկել թշնամու կրակակետերը լռեցնելու ուղղությամբ: ԼՂՀ մամուլի և լրատվության դեպարտամենտից հաղորդել են, որ օգոստոսի 3-ի գիշերը հրետակոծել են ենթարկվել են նաև Մարտունու և Հադրութի շրջանների պաշտպանական դիրքերը, ինչպես նաև Ասկերան-Աղդամ սահմանագիծը: Սնարքի հաղորդման համաձայն, զոհվածներ չեն եղել:

Միաժամանակ, օգոստոսի 3-ի գիշերը ուժեղ հրթիռահրետանային գնդակոծության են ենթարկել Հայաստանի Կրասնոսելսկի շրջանի Վերին Ճամբարակ և Վահան գյուղերը: Գնդակոծությունը շարունակվել է 3 ժամ, տուժածների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Նույն գիշերը ավելի ուժգին հրետակոծության են ենթարկել Գորիսի շրջանի Տեղ, Կոռնիձոր և Արավուզ գյուղերը: Տանկերից ու հրանոթներից բացի օգտագործվել են նաև «Գրադ» կայանքները: Նախնական տեղեկությունների համաձայն, կան ոչ մեծ ավերվածություններ, տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են: Պարբերաբար հրթիռակոծության են ենթարկվել Տավուշի շրջանի սահմանային գոտին:

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives