September 29, 2020

Արցախի երեխաները:

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

«Երկիր», 23 հունիսի 1992թ.

Լուսանկարները` Անուշ Տեր-Թաուլյանի

Լուսանկարները` Անուշ Տեր-Թաուլյանի

Արցախի երեխաներն էլ են գոյության կռիվ մղում ադրբեջանական հարձակումների դեմ` իրենց պստլիկ մարմնով ու պստլիկ ուղեղով։ Նրանց մի մասը դեռ շատ է փոքր՝ հասկանալու համար, թե ինչ ասել է հայկական ազատագրական պայքար կամ ինչու են ադրբեջանական հրթիռները կրակ տեղում իրենց վրա, բայց նրանք բոլորն էլ մաշկի վրա են զգում պատերազմի սարսափն ու ադրբեջանական շրջափակման պատճառած ջեռուցման, ջրի, լույսի խիստ պակասությունը։

Հիմա նրանք հայացքները հառել են սննդի մեր սուղ պաշարներին։ Շատ կուզենայինք նրանց անուշ պաչիկների ամբողջ սարեր տալ, որոնք կարողանային հրաշքով հացի վերածվել։ Երբեմն, երբ մեր մեռնելն է գալիս այս բանն անելու անկարողությունից, նրանք են, որ նորից ու նորից փրկում են մեր կյանքը՝ մագլցելով մեր անհուսության պատերն ի վեր, որպեսզի դուրս քաշեն մեզ մեր այս մոլորված, շիվար գոյությունից։

Մարտունեցի մի ուսուցիչ պատմում էր. «Ազատագրական շարժումը սկսեցինք, որովհետեւ այս հողը հայկական հող է, այնինչ հայ երեխան աչքն ու ականջը բացվելու պահից հայերեն ոչ մի բառ չէր լսում ռադիոյով ու հեռուստատեսությամբ։ Մի անգամ մանկական երգի փառատոն էր անցկացվում Ստեփանակերտում։ Երբ մեր ուսուցչին հարցրինք, թե ինչու է նա հայ երեխաներին ադրբեջանական երգ սովորեցրել, ասաց, որ հրամանը վերեւից է։ Ինչպե՞ս կարող էինք դիմանալ այս ամենին։ Մի օր, երբ դասարան մտա, տեսա՝ աշակերտներս ճղել էին ադրբեջաներենի դասագրքերը։ Հաջորդ օրվանից ադրբեջաներենի դասատուն այլեւս չերեւաց դպրոցում։ Մեր աշակերտները պարզապես չէին կամենում ստիպողաբար ադրբեջաներենի դասեր առնել»։

Մենք փորձեցինք անկախության հասնելու բոլոր խաղաղ եղանակները, բայց ո՞ր նվաճողն է երբեւէ հեշտ ու հանգիստ հետ վերադարձրել մեկ ուրիշին պատկանող հողերը։ Մեր պաշտպանական բնազդը թույլ չի տա մեզ վերածվել ոչնչի։

Հայտնի է, թե մեր այս պայքարում որքա՜ն մեծ է երեխաների տառապանքի բաժինը։ Փոքր են, ուրեմն եւ շատ ավելին են կլանում, ընկալում։ Հադրութցի մի տատիկ վկայում էր. «Թոռնիկս, հրետակոծության ձայնն առնելուն պես, մտնում է մահճակալի տակ ու տերեւի նման դողում»։

Երեխաներն ապրում են սարսափի անկայուն մի աշխարհում, ուր չեն գործում ո՛չ օրենք, ո՛չ կարգ։ Մեր զավակները, մեզ հետ համաքայլ, անցնում են տխրության ու թախծի այս ճանապարհը՝ իրենց փոքրիկ ժպիտներով ու փոքրիկ արցունքներով զորացնելով մեր ուժը։ Նրանք հիշեցնում են մեզ նաեւ, թե որքան կարեւոր է լաց լինելը։ Պիտի մտահոգվենք այն մեծահասակների եւ երեխաների համար, որոնք լաց չեն լինում։

Արցախի երեխաները վիրավորվում են եւ սպանվում։ Ադրբեջանական հրթիռից վիրավորված մի տղա այնպես էր արնաքամ լինում վիրահատական սեղանին, որ բժիշկները ոչ թե այդ պահին, այլ շատ ավելի ուշ նկատեցին, որ նա կուրացել է։

Ստեփանակերտում տեսա Բաքվից փախստական վեցամյա մի աղջնակի, որի ոտքերի մեջ եւ ստամոքսում հայտնաբերվել էր «Գրադի» արկի 200 բեկոր։ Փողոցներից մեկում խենթացած հայրը կտոր–կտոր հավաքում էր իր «պայթեցված» որդու մարմնի մասերը։ Կարողանալո՞ւ էր, արդյոք, գտնել բոլորը։ Եվ այս սարսափն է իրականում պարզում, թե որտեղ եւ ինչպես է մեր ազատության փրկագինը ներառում ամենաթանկ արժեքը, որ մեր միս ու արյունն է։

Կենդանի մնացած երեխաները թռվռում-ցրվում են մեր շուրջբոլորը՝ լրացնելու եւ լցնելու այն թափուր տեղը, որ թողել են սպանված փոքրիկները։ Նրանք հաճախ են դեմ առնում իրերի ու առարկաների, որոնք հիշեցնում են իրենց քույրիկներին, ախպերիկներին։ Շատ երեխաներ իրենք են սփոփում ծնողներին։

Շատ երեխաներ օգնում են ազատամարտիկներին։ Հավաքում են դատարկ պարկուճները, որպեսզի զինվորները կրկին օգտագործեն դրանք։ Յուրատեսակ լրատվական ծառայություն են իրականացնում՝ հաղորդագրություններ տանել-բերելով։ Նաեւ էլեկտրոնային հաշվիչ մեքենայի ծառայություն են կատարում՝ ամբարելով ու մտապահելով բոլոր տեղեկությունները։ Փայտ են հավաքում, դույլերով ջուր են կրում։

Մեր երեխաներին շարունակ աղերսում ենք՝ համբերել։ Համբերի՛ր, նոր զգեստ կունենաս, երբ մենք ձեռք բերենք մեր ազատությունը։ Համբերի՛ր, քաղցրավենիք կունենաս, երբ մենք հասնենք մեր ինքնորոշմանը։ Ի՞նչ եք կարծում, այս երեխաները ժամանակից շո՞ւտ են մեծացել։ Մանկաթյո՞ւն չեն ունեցել։ Բոլորը քաղաքագետնե՞ր են դարձել։ Իսկ ի՞նչ կասեք այն երեխաների մասին, որոնք «նահանջել» են իրենց ներսը ու չեն կամենում երբեւէ դուրս գալ այնտեղից։ Տեղյակ ենք նրանց մղձավանջներին ու զգայախաբություններին։ Կարողանալո՞ւ ենք, արդյոք, դուրս քաշել նրանց այնտեղից։ Երբ լսում ենք, թե ինչպես են նրանք կմկմում կամ մեզ կոպիտ պատասխան տալիս, Աստված ենք կանչում, որ նրանց հոգեկանի խաթարումները շատ խոր չլինեն։

Փառք նախախնամությանը, երեխաները շատ են ճկուն, եւ հայ ազատամարտիկների պայքարով ազատագրված արցախյան գյուղերում ու քաղաքներում նրանք կարող են այլեւս ելնել մութ, խոնավ նկուղներից՝ դեպի արեւի լույսն ու նոր հավատը։ Մենք ակնդետ կհետեւենք նրանց աճին ու դեռ կխորհենք, թե մեր կյանքի, մեր քաղաքների ու գյուղերի ո՞ր մասն են նրանք կարողանալու վերաշինել, շատ ավելի վստահաբար եւ ազատ՝ արդեն իրենց երեխաների համար։

Անուշ Տեր-Թաուլյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives