September 29, 2020
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Արցախը հայ ազգի գոյատևման բանալին է

Արցախը հայ ազգի գոյատևման բանալին է

  • by Archives.am
  • 28 Years ago
  • Comments Off

Երեկ ԳԽ նիստերի դահլիճում տեղի ունեցավ պաշտպանության հարցերի գծով պետական նախարարի պաշտոնակատար Վազգեն Մանուկյանի մամլո ասուլիսը: Հանդես գալով կարճ նախաբանով, նա հայտնեց, որ իր աշխատանքի երեք հիմնական կողմերը լինելու են Արցախի խնդիրը, պաշտպանական համակարգն՝ իր կառույցներով, և ռազմարդյունաբերական համալիրը: Խոսելով Արցախի խնդրի շուրջ` Վ.Մանուկյանը շեշտեց, որ, իր կարծիքով, Արցախը հայ ազգի հետագա գոյատևման բանալին է, և եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե Արցախը տալով՝ կարող են խաղաղություն ձեռք բերել, չարաչար սխալվում են, բայց նշեց նաև, որ արդյունքի հասնելու համար կիրառելի է նաև փոխզիջումների տարբերակը:

Այնուհետև ձայնը տրվեց լրագրողներին: Այն հարցին, թե կարելի՞ է արդյոք մի տարի առաջ վարչապետի պաշտոնից հրաժարական տալը և կրկին պետական կառույց վերադառնալը դիտարկել որպես Լ.Տեր-Պետրոսյան – Վ.Մանուկյան քաղաքական խաղ, պետնախարարը միանշանակ ժխտական պատասխան տվեց: Զբաղեցրած պաշտոնում ռազմավարական որոշումներ կայացնելու իրավասության վերաբերյալ հարցին Վ. Մանուկյանը պատասխանեց.«Ռազմավարական որոշումները կայացվելու են կոլեգիալ ձևով, և ես մասնակցելու եմ դրանց»: Ներքին գործերի նախարարության և ԱԱՊՎ-ի գերատեսչությանը չենթարկվելու մասին տրված հարցին նա պատասխանեց, որ ինքն իրավունք կունենա պատերազմական իրավիճակում ՆԳՆ ռազմական ստորաբաժանումները օգտագործել, իսկ ԱԱՊՎ-ից իրեն տրվում են հետախուզական տեղեկություններն ամբողջությամբ:

Հարց եղավ նաև ԱԺՄ-ի մասին: Վ. Մանուկյանը տեղեկացրեց, որ ԱԺՄ-ում ոչ միայն իր համախոհներն են, այլև մտերիմ ընկերները, և նրանք չեն ողջունել իր այս պաշտոնը ստանձնելու որոշումը: «Բացի դրանից,– ասաց նա – պաշտոնական կառույցները ապակուսակցականացված են, և ես գոնե ֆորմալ ձևով պետք է հեռանայի ԱԺՄ-ից»:

Անդրադառնալով Պոլ Հոբլի ծրագրին` պետնախարարի պաշտոնակատարը կտրուկ հայտարարեց, որ նման ծրագրերի կազմումը առանձին անհատների երևակայության գործն է, իսկ հայ ազգի գործը իր հողը ամբողջական պահելն ու նման բաները անուշադրության մատնելն է:

Թղթակցի այն հարցին, թե իր` ռազմական կառույցներում ընդգրկվելը նշանակու՞մ է արդյոք Հայաստանի ռազմական դոկտրինայի փոփոխություն, Վ. Մանուկյանը մատնանշեց, որ մինչև հիմա լուրջ մշակված դոկտրին առանձնապես չի եղել:

Խոսելով Ղազախստանի նախագահ Նազարբաևի՝ վերջերս հայտնած այն մտքի մասին, որ նպատակահարմար կլիներ ԱՊՀ-ի մեջ մտնող երկրներին միավորել կոնֆեդերատիվ պետության տեսքով, Մանուկյանը ասաց, որ դա միգուցե բխում է Ղազախստանի շահերից, բայց ինքը կտրուկ դեմ կլինի Հայաստանի անկախ կարգավիճակը կորցնելուն. «Որովհետև, – շեշտեց նա, – ցանկացած հարց հնարավոր է լուծել միմիայն անկախ պետականություն ունենալու դեպքում»:

Լրատվական պատերազմում մեր կրած պարտությունների պատճառները պետնախարարը համարեց շատ լուրջ խնդիր և առաջարկեց բոլոր լրագրողների հետ քննարկել խնդիրը` համատեղ ուժերով լուծումներ գտնելու նպատակով:

«Երկիր», 1992, 19 սեպտեմբերի

Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives