December 7, 2024

Առանց ուրիշի հույսի

  • by Archives.am
  • 34 Years ago
  • Comments Off

Ինչ պայմաններում է գտնվում այս հսկա պետությունը՝ ԽՍՀՄ-ը: Քայքայումը շարունակվում է: Ե՛վ տնտեսական, և՛ քաղաքական կառուցվածքի փլուզումը շարունակվում է: Եվ վերջը չի երևում: Այդ վիճակը հարվածում է մեզ, որովհետև մեր տնտեսությունը էապես կախված է միութենական տնտեսությունից, և ամեն մի փոփոխություն, խոչընդոտ մեծ դժվարություններ է առաջացնում Հայաստանում: Քայքայմանը զուգընթաց քննարկվում են տարբերակներ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար: Առաջարկվում են տարբեր ծրագրեր. կա Շատալինի ծրագիրը, կա Ռիժկովի ծրագիրը: Ժամանակ առ ժամանակ Մոսկվա են հրավիրվում հանրապետությունների նախարարների խորհուրդների նախագահները:

Նման փոքր շրջանակներում քննարկվում են այս վիճակից դուրս գալու հնարավորությունները. առայժմ այդպիսի հնարավորություն չի երևում: Իսկ հիշյալ երկու ծրագրերը հիմնականում ինչո՞վ են իրարից տարբերվում: Ռիժկովի ծրագիրը (որի հեղինակը Աբալկինն է), ենթադրում է՝ կա մի միասնական պետություն, որը գտնվում է ծանր վիճակում, և այդ վիճակից դուրս բերելու համար պետք է անցնել տնտեսության նոր՝ շուկայական մեխանիզմների ու ողջ երկրի տարածքում իրականացնել որոշ բարեփոխումներ: Շատալինի ծրագիրը փոքր-ինչ տարբերվում է: Նա գտնում է, որ գոյություն ունեն ինքնավար, ինքնիշխան հանրապետություններ, որոնք, կնքելով պայմանագրեր, ձևավորում են միասնական տնտեսական համակարգ, որպեսզի ստեղծեն նոր տնտեսական միջավայր: Նախնական մոտեցումներն այս երկու նախագծերի առնչությամբ տարբեր են: Նախագծերի մեջ կան տարբերություններ: Հիմնական տարբերությունն ազատ փողը տնօրինելու միջոցն է: Ժողովրդի ձեռքին հսկայական գումար կա: Եվ երբ անցնենք շուկայական մեխանիզմին, ինֆլյացիան սարսափելի մեծ կլինի: Ես խոսում եմ հիմնական տարբերությունների մասին: Երկու ծրագրերն էլ, եթե իրականացվեն, Խորհրդային Միությունը կդառնա մի պետություն, որը նման կլինի Ցարական Ռուսաստանին: Այսինքն՝ կլինի մի տնտեսություն, ամբողջական մի շուկա, որը կթելադրի իր օրենքները, և ինքնուրույնության այն աստիճանը, որն այժմ տրվում է ինքնաբերաբար, այս կամ այն ձևով կվերանա: Որպեսզի երկիրը միասնական շուկա ունենա, պետք պաշտպանված լինի միասնական պարիսպով: Խոսքն առևտրի մասին է: Եթե մի հատվածում պարիսպը ցածր լինի (նկատի ունեմ մաքսատները և այլ ծառայություններ), ամեն ինչ կարող է այդտեղով հոսել: Եվ որքան էլ հաճելի բառեր գրված լինեն նախագծերում, որքան էլ մեծ ազատություններ տրվեն, պետք է գիտակցել, որ այդ պարագայում տեղական իշխանությունները կկատարեն նույն դերը, ինչ Ցարական Ռուսաստանում: Այսինքն՝ որոշ արտոնություններ կունենան և ընդամենը ոստիկանական գործառույթ կկատարեն:

Այսպիսով երկու ճանապարհ է սպասվում. կամ պետությունը տնտեսությունը  քայքայելով կառաջանա, տնտեսական առումով շատ դժվար կացության մեջ դնելով, մեզ կմոտեցնի քաղաքական անկախությանը, կամ այդ ծրագիրը կիրականանա (որն առայժմ քիչ հավանական է), տնտեսական վիճակը կբարելավվի, բայց մենք կհեռանանք անկախությունից: Այժմ մենք այդ խաչմերուկում ենք, պետք է վճռել, հանգել քաղաքական և տնտեսական որոշումների: Դժվար է ասել՝ որքան ժամանակ է մեզ տրված այդ որոշումներն ընդունելու համար: Այս ամենը հանգեցրել են նրան, որ մենք կենտրոնից որևէ տնտեսական օգնություն ստանալու  հույսն աստիճանաբար կորցնում ենք, որ մեր հայացքը պիտի շրջենք դեպի ներս և տնտեսությունը ներսից զարգացնելու համար պահպանենք բոլոր տնտեսական կապերը Խորհրդային Միության հետ, աշխատենք նոր տնտեսական կապեր ստեղծել ուրիշ երկրների հետ:

Մենք ստեղծում ենք նոր՝ արտաքին տնտեսական հարաբերությունների  նախարարություն, որը մեզ  հնարավորություն կտա տնտեսական կապեր հաստատել աշխարհի մյուս երկրների հետ: Երեկվա քննարկման ժամանակ առաջարկություն եղավ նոր նախարարություն ստեղծելու փոխարեն ընդլայնել արտաքին գործերի նախարարությունը, որպեսզի նա ստանձնի վերոնշյալ դերը: Դա, իհարկե, գործնականում կարելի է իրականացնել, բայց և կարող է հարուցել բարդություններ: Նշեմ միայն մեկը: Քաղաքական տեսանկյունց մենք բավական զգույշ քայլեր պետք է անենք Թուրքիայի նկատմամբ, մեզանից նուրբ քաղաքականություն է պահանջվում: Տնտեսական տեսանկյունից պիտի արագ քայլեր անենք և կապեր հաստատենք Թուրքիայի հետ: Դրա համար էլ երկու տարբեր նախարարություններ պետք է լինեն՝ տարբեր ֆունկցիաներով: Մենք արդեն Թուրքիայի որոշ ֆիրմաներից փոխանակման առաջարկություններ ենք ստացել: Նրանք մեզ կտան միս, կաշի, մենք նրանց՝ աղ, էլեկտրալամպեր: Այս առումով, պետք է ասեմ,  որքան էլ զարմանալի թվա, բավականին լավ աշխարհագրական դիրք ունենք: Ես քաղաքականությունը նկատի չունեմ: Մեր հարևանների որոշ մարզեր այնպիսի վիճակում են, որ այն ապրանքը, որը մենք չենք կարողանա վաճառել Եվրոպայում, կարող ենք վաճառել նրանց: Եվ դրանից պետք է օգտվել: Ուրեմն արտաքին տնտեսական կապեր ստեղծելու համար մենք պետք է ստեղծենք նոր նախարարություն:

Ներքին զարգացումը, ինչպես գիտենք, շուկայական հարաբերությունների ստեղծումն է: Ընդ որում երկու տարբեր մոտեցում կա. մեր մոտեցումը տարբերվում է միութենականից: Խոսքը որոշ հիմնարկ-ձեռնարկություններ մասնավոր դարձնելու մասին է: Շուկա ստեղծելու հիմնական ճանապարհը, որով ուզում է գնալ Խորհրդային Միությունը, հետևյալն է. հիմնարկ-ձեռնարկությունների կոլեկտիվներին տալ մեծ ազատություններ: Նախարարությունների դերը նվազեցնել, իսկ հիմնարկությունների դերը մեծացնել, որպեսզի նրանք ներգրավվեն շուկայական հարաբերությունների մեջ:   Այսինքն՝ դա նույն սոցիալիստական տնտեսությունն է, սակայն վերափոխված: Ունեցվածքը կրկին պետական է, բայց ղեկավարվում է ոչ թե կենտրոնացված ձևով, այլ յուրաքանչյուր հիմնարկություն ինքն է մտնում շուկայական հարաբերությունների մեջ: Հավանաբար դա անխուսափելի է Ռուսաստանի համար, կարծում եմ՝ անընդունելի Հայաստանի համար:

Մենք շուկայական հարաբերությունների անցնելու մյուս ճանապարհը պետք է ընտրենք. անցնենք մասնավոր սեփականության, իսկապես վաճառենք: Այս դեպքում էլ մեր սկզբունքն այլ է: Կենտրոնն աշխատում է պետական օրենքներով ձեռնարկություններին մեծ ազատություն տալ: Իսկ մենք, կարծում եմ, պետք է գնանք հակառակ ուղղությամբ և որոշենք՝ վաճառե՞լ, թե՞ չվաճառել պետական ունեցվածքը: Տարբերություններ կարող են լինել հետագայում ընդունվելիք օրենքների և Խորհրդային Միության օրենքների միջև: Շուկա ստեղծելու համար ձեռնարկություններին ազատություն տալու կարիք կա, իսկ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է մասնավոր սեփականություն ստեղծել, կենտրոնացման: Թեև մենք ներկայացնելու ենք օրենքները, որոնք կքննարկվեն, կընդունվեն կամ չեն ընդունվի, ուզում եմ նախապես մեր աշխատանքային խմբի նկատառումներն ասել: Մասնավոր սեփականություն կդառնան հողը, փոքր հիմնարկ-ձեռնարկությունները, խոշորները  կդառնան բաժնետիրական ընկերություններ: Բաժնետոմսերի 30 տոկոսը վաճառքի դուրս կբերվի ազատ շուկա, իսկ 20 տոկոսը կմնա կառավարությանը: Սա ընդունված ձև է, որը գործում է ողջ աշխարհում:

Ինչպես ասացի, մեզ բավական ծանր քաղաքական-տնտեսական վիճակ է սպասում, բայց գիտակցելով, որ մենք ապրում ենք մեր ժողովրդի համար բախտորոշ ժամանակաշրջանում, նաև պետք է հասկանանք, որ այս ընթացքում ապրողներիս յուրաքանչյուրի գործողությունը մնալու է սերունդների հիշողության մեջ: Հարցերը կարելի է լուծել այն դեպքում, երբ ողջ ժողովուրդը գիտակցաբար համախմբված լինի: Եթե ներգրավենք լավագույն մասնագետների, ստեղծենք հանձնաժողովներ և փորձենք իրականացնել ծրագրեր, իսկ ժողովուրդը միայն հանդիսատես լինի, ոչինչ չի ստացվի: Ուստի պետք է կարողանանք մեկնաբանել մեր ծրագրերը, որպեսզի ժողովուրդը համախմբված լինի այս գործում:

 

ՀՀ  վարչապետ Վ. Մանուկյանի ելույթը ՀՀ ԳԽ-ում, 1990թ., սեպտեմբերի 13
«Հայք» 20 սեպտեմբերի 1990թ.
Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives