October 23, 2020
  • Homepage
  • >
  • Books
  • >
  • Անբարոյական և մեծ պայքար է գնում իշխանության համար

Անբարոյական և մեծ պայքար է գնում իշխանության համար

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

-Պարոն վարչապետ, «Հայք» և «Հայաստանի Հանրապետություն» թերթերում հրապարակված ՀՀՇ խորհրդի հայտարարությունը տարակուսանք  է առաջացրել, հետաքրքիր է Ձեր կարծիքը այդ հայտարարության մասին:

-Այսօր արդեն Գերագույն խորհրդի նախագահության նիստում հայտարարություն արեցի այդ հարցի կապակցությամբ:

Վերջին երկու ամսիների ընթացքում հանրապետությունում ծայր են առել բամբասանքներ և բանսարկություններ՝ կապված իմ անվան հետ: Վարկաբեկում են ինձ, վարկաբեկում են կառավարությանը: Դա կազմակերպված գործ է, որով հիմնականում զբաղվում են ՀՀՇ-ի վարչության նախագահ Վանո Սիրադեղյանն ու վարչության որոշ անդամներ՝ ունենալով համապատասխան հովանավորություն: Բնականաբար ես չեմ կարող անտարբեր մնալ այն ամենի նկատմամբ, ինչ արատավորում է իմ անունը, վիրավորում արժանապատվությունս:

21 տարեկանից ես շարժման մեջ եմ և շուրջ քառորդ դար ծառայում եմ իմ ժողովրդին: Եղել եմ տարբեր կազմակերպություններում, ինքս ստեղծել եմ կազմակերպություններ, որոնց նպատակն է եղել իրականացնել մեր ազգային իղձը՝ ունենալ անկախ, ազատ Հայաստան, համախմբված հայություն: 1988թ. փետրվարից՝ ամենասկզբից ես մասնակցել եմ ղարաբաղյան շարժմանը:

Երբ «Ղարաբաղ» կոմիտեից դուրս եկան Իգոր Մուրադյանը, Գագիկ Սաֆարյանը և մյուսները, ես այդ կոմիտեի մեջ ներգրավեցի Լևոն Տեր-Պետրոսյանին, Բաբկեն Արարքցյանին, Դավիթ Վարդանյանին, և մենք գործում էինք միասնաբար՝ հույս ունենալով լուծել Ղարաբաղի հարցը: Միաժամանակ մենք առաջ քաշեցինք նաև ազգային այլ հարցեր, ստեղծվեց Հայոց համազգային շարժումը:

Նախորդ տարիների իմ ողջ փորձը, գիտելիքները ես ներդրեցի այդ շարժման մեջ: Նույնն էին անում նաև շարժման մյուս մասնակիցները: Հիմա ինձ համար դառն է, իհարկե, խոսել այդ  մասին, որովհետև մասնակիցների մի մասը քաղաքական առումով  իմ աշակերտներն են եղել: Եթե խոսքը վերաբերեր միայն ինձ, իբրև մասնավոր անձի, թերևս այդքան սուր չընդունեի անվանս շուրջ տարածված զրպարտանքները: Բայց չէ որ ես կառավարության նախագահն եմ, և այն ամենը, ինչ դիպչում է ինձ, դիպչում է նաև կառավարությանը, հարվածում այն բոլոր համակարգերին, որոնք մենք դժվարությամբ ստեղծել ու բարեփոխում ենք: Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ դիմեցի Գերագույն խորհրդի հանրապետական խմբի ներկայացուցիչներին՝ ի գիտություն, որ հանրապետությունով մեկ  բամբասանքներ են տարածվում, անստորագիր թռուցիկներ են տպվում, բանակցություններ վարվում: Ի վերջո հանրապետությունում քաոսային դրություն կստեղծվի: Ուստի ես առաջարկեցի, որ հանրապետական խումբը հավաքվի, և մենք միասին մեկ առ մեկ քննարկենք բոլոր ծառացած հարցերը:

Ինձ երեկոյան հեռախոսով հայտնեցին, որ այդ օրը հանրապետական խումբը հավաքվել չի կարող: Հաջորդ օրը տպվեց ՀՀՇ-ի հայտարարությունը: Դա անբարոյական հայտարարություն էր, գրեթե ազգադավ քայլ: Ես մանրամասն չեմ քննարկի հայտարարության բոլոր կետերը, բայց ուզում եմ նշել հետևյալը. վերջին 10-11 ամիսների ընթացքում պետական կառույցները չեն փոխվել, մինչդեռ Նախարարների խորհրդում կառուցվածքային մեծ փոփոխություններ են տեղի ունեցել: Ստեղծվել են նոր նախարարություններ, լուծարվել՝ մի քանիսը, փոխվել է տնտեսական վիճակը, հողի սեփականաշնորհումը գրեթե ավարտվել է. դա կառավարության ծրագիրն է, և կառավարությունը, զօրուգիշեր աշխատելով, իրականացրել է այդ ծրագիրը Գերագույն խորհրդի հետ միասին: Այնպես որ  ճիշտ չէ, թե կառուցվածքային փոփոխություններ չեն եղել: Եղել են, սեփականաշնորհումից հետո ավելի շատ կլինեն:

Երբ տնտեսության համակարգը նույնն է մնում, կառավարման համակարգի մեջ մեծ փոփոխություններ կատարելն իմաստ չունի: Այդպիսին է կառավարության մոտեցումը:

Կադրային քաղաքականության մասին: Հիմնական դժգոհությունը վերաբերում է այս կամ այն նախարարին: Սակայն այդ դժգոհությունը հաճախ չի փաստարկվում կամ թույլ է փաստարկվում: Եթե հիմնավոր, համոզիչ ապացույցներ կան նախարարի վատ աշխատանքի, պաշտոնական դիրքի չարաշահումների, ապա ես չեմ հապաղի ազատել նրան աշխատանքից: Դա դժվար չէ: Բայց հարցն այն է, որ սովորաբար նախարարին են վերագրվում պաշտոնյաների այն օղակի  թերություններն ու չարաշահումները, որի գոյության մասին կառավարությունում շատ անգամ տեղյակ էլ չեն լինում, կադրային բոլոր փոփոխությունների մասին չէ, որ մենք պարտավոր ենք իմանալ:

Ինչու՞ չի խոսվում տնտեսության զարգացման մեր ծրագրերի, ընտրած ուղու և ուղղությունների մասին, որը շատ ու շատ ավելի կարևոր է, քան այսինչ կամ այնինչ նախարարի ձեռնհասությունը:

Մենք բանակցություններ ենք վարում այլ երկրների հետ, շատ բանկեր արդեն համաձայնվում են ներդրումներ կատարել մեր տնտեսության մեջ: Դա ծանր, դժվարին, չերևացող աշխատանք է, ինչպես որ առհասարակ չերևացող է գործադիր մարմնի դրական աշխատանքը: Ես բնավ էլ այն մտքին չեմ, թե կառավարությունն անթերի է, սխալներ ու բացթողումներ չունի: Կարելի է և պետք է խոսել թերությունների մասին: Սակայն կադրային քաղաքականության մեջ թույլ տրված ինչ-ինչ սխալները կամ   տնտեսության բնագավառում առկա բացթողումները որքան էլ անցանկալի լինեն, ճակատագրական չեն կարող լինել մեր ժողովրդի համար: Եվ ես երբեմն սարսափով եմ մտածում, թե մեր քաղաքական ղեկավարությունը ինչ որոշումներ կընդունի, ինչ արձագանք կգտնի դա, ինչ կկորցնի կամ կշահի մեր ժողովուրդը այդ օրենքներից…

Առջևում մեծ արժեզրկում է սպասվում, մինչև այս տարվա վերջը՝ 100-150 տոկոս: Այս ծանր պայմաններում մենք աշխատում ենք տնտեսությունը տանել ճիշտ ուղիով՝ մտածելով և՛ այսօրվա, և՛ ապագայի մասին,  մանավանդ որ նորի ծիլերը երևում են: Մենք անում ենք ամեն ինչ ժողովրդի վիճակը փոքր-ինչ թեթևացնելու համար:

Նախագահության նիստերում մանրամասն քննում ենք՝ որտեղից ինչ, ինչքան և ինչպես: Բայց ինչ էլ անես, համատարած դեֆիցիտի, համընդհանուր ճգնաժամի պայմաններում բավարարել ժողովրդի բոլոր պահանջները հնարավոր չէ: Եվ այս դեպքում օգտվելով  առիթից, իհարկե, դժվար չէ խաղալ ժողովրդի զգացմունքների վրա, շատ հեշտ է քննադատել կառավարությանը: Բայց դա ազնիվ խաղ չէ: Ավելին՝ ազգադավ գործ է:

-Դուք ներկայացրիք իրավիճակը, իսկ ինչո՞վ բացատրել դա:

-Դուք նկատի ունեք բամբասանքներն ու բանսարկություննե՞րը: Ես ասեմ, որ անբարոյական և մեծ պայքար է գնում իշխանության համար: Կարծում եմ՝ բոլորն էլ տեսնում են դա և հասկանում: Փորձեր են արվում շարքից հանել և վարկաբեկել բոլոր նրանց, ովքեր կարող են հետագայում պրեզիդենտական թեկնածուներ լինել:

Ճիշտ քաղաքականությունը կարևոր բան է, տնտեսական ճիշտ ծրագրերը կարևոր են նույնպես, բայց շատ ավելի կարևոր մի բան կա՝ բարոյականությունը:

Մեր դրոշի վրա պետք է գրված լինի  բարոյականություն և պարկեշտություն, եթե մենք խախտենք դա, ապա կկորցնենք ինքներս մեզ, մեր ժողովրդին: Մենք ձեռքից բաց կթողնենք մեր ազգի աստեղային ժամը: Այն առճակատումները, որ ստեղծվում են կուսակցությունների միջև, անթույլատրելի են: Քաղաքական  պայքար պետք է, բայց մենք պետք է միշտ ունենանք նույն ձգտումը՝ ստեղծել անկախ հայկական պետություն՝ հզոր, և այդ հզորության երաշխիքներից մեկը մեր ժողովրդի բարոյականությունն ու ոգին պետք է լինի, և ոչ թե բանսարկությունները, որոնց մասին, ցավոք,  ստիպված ենք խոսել:

-Դուք խոսեցիք քաղաքական հարցերի մասին: Ի՞նչ կասեիք հանրաքվեի և միութենական պայմանագրի մասին ներկա իրավիճակում:

-Իմ կարծիքը հանրաքվեի մասին շատ առիթներ եմ ունեցել հայտնելու: Սեպտեմբերի 21-ին համոզված եմ, որ մեր ժողովուրդը կպատասխանի «այո», որովհետև «ոչ»-ի հետևանքները ահավոր են:  «Ոչ»-ը կնշանակի, որ մեր ժողովուրդը քաղաքական ասպարեզից երկար ժամանակով դուրս կշպրտվի, պատվազուրկ կլինի: Դա ազգային արժանապատվության հարց է, նաև՝ քաղաքական հարց: Թե ինչ պետք է անենք «այո» պատասխանից հետո, այլ խնդիր է: Երբեմն այնպես է ընկալվում, թե «այո» պատասխանը ձորի մի եզրից մյուսը թռչելն է, մինչդեռ դա սահուն ճանապարհ է դեպի ապագան:

Ինչ վերաբերում է պայմանագրին, այսօր Գերագույն խորհրդի նախագահության նիստում քննարկելիս եղան շատ արժեքավոր դիտողություններ, առաջարկություններ: Խոսքը Աշոտ Ոսկանյանի, Դավիթ Վարդանյանի, Ռաֆայել Ղազարյանի և մյուսների առաջարկությունների մասին է: Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը դիմել է վեց հանրապետություններին. բավական մեղմ և փաստորեն իր դռները բացելու մի ժեստ է անում, ըստ որում չի ասում՝ պայմանագիր կնքեք, ասում է՝ եկեք ճշտենք մեր հետագա կարգավիճակը:

Ես համաձայն եմ այն առաջարկություններին, որոնք  ասում են, թե պետք է պատասխանել այդ դիմումին՝ քաղաքավարի ասելով, որ և՛ մենք, և՛ մյուս հանրապետությունները,  նույնիսկ իննյակի, իհարկե, ձգտում ենք անկախության: Անշուշտ, տարբեր հանրապետություններում ինքնուրույնության ըմբռնումը տարբեր է, դա կորոշի ապագան, ինքը՝ ժողովուրդը, բայց մենք, կապված լինելով 14 հանրապետությունների հետ, ձգտում ենք անկախության: Բոլոր դեպքերում մենք շահագրգռված ենք երկարատև հարաբերություններ պահպանել այդ հանրապետությունների հետ, ճշտել մեր կարգավիճակը, որովհետև անկախության ճանապարհը սահուն պետք է լինի և կտևի տարիներ, իսկ տնտեսական առումով  գուցեև դեռ շատ ավելի երկար կապված լինենք այդ պետությունների հետ: Մենք պետք է փորձենք ներկայացուցիչ ուղարկել, ասենք, որպես դիտորդ մասնակցելու այդ աշխատանքներին, պետք է ակտիվ կոնսուլտացիաներ ունենանք իննյակի հանրապետությունների հետ, նշենք, որ մեր դիրքորոշման մեջ շատ մեծ նշանակություն ունի Արցախի ու նրա հետ կապված իրադարձությունների հարցը:

Ես կարծում եմ, որ նախաձեռնություն հանդես կբերենք՝ կապվելու այն հինգ հանրապետությունների հետ, որոնք մնացել են: Ընդհանրապես Խորհրդային Միությունում, իմ կարծիքով, հիմա այնպիսի ժամանակաշրջան է սկսվում, երբ քաղաքական առճակատումները, քաղաքական պայքարը փոխարինվելու են տնտեսական համագործակցության փորձերով: Նոր խմբավորումներ կառաջանան հիմնականում տնտեսական հիմքի վրա, որովհետև ինձ թվում է, թե բոլոր հանրապետություններն էլ հասկանում են, որ տարբեր ճանապարհներով անկախություն կստանան: Այնպես որ արժեքավոր մտքերը, որոնք ասվեցին նախագահության նիստում, սրանք էին, ես համակարծիք եմ դրանց: Կարելի է, իհարկե, հստակեցնել, որոշակի դարձնել որոշ գաղափարներ, արժե այդ ուղղությամբ մտածել, համենայն դեպս, ես կողմնակից եմ ակտիվ քաղաքականության, վիրավորված երեխայի կեցվածք ընդունելը ընդհանրապես իմաստ չունի: Ես կողմնակից չեմ պայմանագրի ստորագրմանը, մանավանդ այս պայմաններով, բայց արձագանքել պետք է. ակտիվ մասնակցել այդ աշխատանքներին: Կեցվածքը, որ մենք ընդունում ենք, չեմ կարծում, թե շահավետ է մեզ համար և համապատասխանում է մեր կշռին կամ հարիր է լուրջ քաղաքականությանը: Մի խոսքով, ակտիվ քաղաքականություն և անկախություն:

-Շնորհակալություն:

-Ես կուզենայի երկու խոսք էլ ավելացնել:

Ցավոք, ես պետք է խոստովանեմ՝ այն կազմակերպությունը, որն այժմ իրեն անվանում է ՀՀՇ, չկայացավ, ՀՀՇ-ում կան շատ գնահատելի մարդիկ: Եվ պետք է ստեղծել նոր միություն, ես արդեն գիտեմ, որ կան պատգամավորներ, կան Հայոց համազգային շարժման շատ անդամներ, որոնք համախմբվելով՝ ուզում են ստեղծել նոր միություն՝ ազգային ժողովրդավարական միություն, որը համախմբի ազգի առողջ ուժերը, ազգային ուժերը, որոնք վարակված չեն սոցիալ-դեմոկրատական հոսանքներին բնորոշ հատկանիշներով, այլ ազգային են, ազգային հողի վրա են, որոնք ձգտում են ազգային միասնության, որոնք ձգտում են ազգին բարձրացնել, ձգտում են բարոյականության: Դեռ այդ միությունը ստեղծված չէ, բայց ես ինձ համարում եմ նրա անդամ: Որքան ինձ հայտնի է, այդ միությունը պիտի թույլ տա, որ անդամակցեն ցանկացած կուսակցության ներկայացուցիչներ, այսինքն՝ պարտադիր չէ կուսակցությունից դուրս գալ: Եվ ես կարծում եմ, որ մեր ազգի ապագայի համար այդ միությունը մեծ նշանակություն կարող է ունենալ, եթե ճիշտ հիմքերի վրա դրվի, և այն անհատները, որոնք զբաղվում են այդ գործով, լինեն պարկեշտ, լինեն նվիրյալներ:

Մոտ օրերս հայտարարություն կլինի այդ միության մասին, և ես կոչ եմ անում մեր շարժման առողջ տարրերին, այն մարդկանց, որոնք ամեն ինչ թողնելով՝ նետվեցին այս շարժման մեջ, մտնեն այս միության մեջ և նպաստեն մեր ազգի ապագայի կերտմանը:

Մենք պետք է կարողանանք ստեղծել անկախ պետություն, կարողանանք գիտակցել, որ համաշխարհային ազգ ենք, որ ունենք առաքելություն և պիտի արժանի լինենք այդ առաքելությանը:

Շնորհակալություն:

Վարչապետ Վ. Մանուկյանի  հարցազրույցը հեռուստատեսությամբ, 1991թ., հուլիս
Վարեց Տիգրան Պասկևիչյանը

Վազգեն Մանուկյան: Հայկական երազանքը գոյատևման փակուղում: Ելույթներ և հոդվածների ժողովածու: Երևան, 2002թ.

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives