November 2, 2024

Ահազանգը: Hannibal ad portas!

  • by Archives.am
  • 5 Years ago
  • 0

Մշակ, 16 դեկտեմբերի, 1917թ., թիվ 263

Հայ ժողովուրդ, ես քեզ եմ ասում:

Պատրանք է, պատրանք է այս փխրուն անդորրությունը, թշվառական կյանքի այս ճղճիմ թոհ ու բոհը, այս գռեհիկ եռ ու զեռը, անձնական հող ու վայելքի, պճնության ու պչրանքի, զեխության ու զազիր տարփանքի այս ախտավոր ծովը, որի մեջ օրորվում են բիրտ ու գոսացած հոգիները:

Եվ առաջին անգամ իմ կյանքում ես ատում եմ պատրանքը. ես, որ միշտ այնպես երազը սիրեցի, դյութական ծաղիկը մեր ցավոտ պատերազմների: Երազները մեռան, ծաղիկները տրորվեցին բիրտ ոտների տակ և ցավը մնաց խոպան ու այրի պատերազմներում:

Եվ այժմ ձեզ եմ ասում, բոլոր դասալիքներ:

Հատուցման ժամն է հասել:

Ետ քաշենք այս վատ քողը, որ ծածկում է մեր թուլամորթ ու խորթացած մտավորականի, մեր շփացած ու ցուրտ ունևորի, մեր անհրապույր ու վանող առևտրականի հոգևոր պղծությունը, զգացմունքի ամլությունը: Անապատ է այս, ուր ընչաքաղց կատաղությունը միայն վատ վաստակի ստոր ու արտառոց տենչը ցուցադրեց մեր այս ծանր ու դժնդակ օրերին:

Նայեցեք մեր այս գնդերին, որոնցով հպարտ ենք, որոնց վրա է մեր բովանդակ հույսը, որոնք մեր հավատի աղբյուրն են, մեր միակ ապավենը. նայեցեք մեկիկ-մեկիկ այս թխադեմ, մի փոքր մռայլ, միշտ խոհուն, զգաստ, բրդ-բրդոտ տղաներին. ողջ գյուղերից են, քրտինքի և ակոսի զավակներ, մաճն ու բահը, մուրճն ու սալը թողած հրացան են բռնել հայրենիքի և ազատության համար: Ղարաբաղի սեգ լեռների կուրծքերը չանգռող կորովի ու համառ, երկաթակամ տղաներ, Արարատյան դաշտի հուռթի կուրծքը պատռող երազուն ու խաղ ասող շինականներ, և՛ մռայլ Զանգեզուրը, և՛ պարզամիտ Ապարանը, և՛ միշտ կարոտ Նոր Բայազետը, և՛ խղճուկ ու հողազուրկ Շիրակը, և՛ հեռավոր Վարանդան ու Դիզակը, և՛ հայկական Տարասկոնը — Լոռին, ամենքը, ամենքը ղրկել են իրենց զավակները, որոնք թողած հարկ, տուն, բնակություն, սիրելիներ ու մերձավորներ, լքած համատարած քաղցին, ավազակների կատաղությանը, և հրացանն ուսերինկուռ շարքերով դիմել են դեպի հայրենի երկրի վտանգված սահմանները:

Ո՞ւր են հայ քաղաքները, մեր շեն ու ճոխ բազմահազարյան ոստանները, ուր հայ միտքն ու գանձն է ապաստանել և ուր ամենից բարձր են հնչում միշտ «հայրենիքի պաշտպանության» մարտակոչերը:

Չկա՜ն, չկա՜ն, դասալիք են հայ քաղաքները. վատորեն, խայտառակաբար լուծվել են, չքացել, հայ հայրենիքի այս ահավոր ժամին: Զավակները դասալիք, և հայրերը պատերազմի բացած ավարի շուկաներում կուտել են հարյուր հազարներ ու միլիոններ, թողնելով, որ վաստակավոր ձեռքերից որբացած գյուղը, թպրտա հողի, թշվառության, անտերության ճիրաններում:

Դժվար է երևակայել ավելի զզվելի անիրավություն, ավելի աղաղակող անարդարություն. հանցանք է այս՝ որ համբուրվում է ոճիրի հետ:

Ետ քաշենք այս վատ քողը, որովհետև ահազանգն է հնչում հեռուներից, և Հաննիբալը մեր դռներն է խորտակում  շառաչյունով:

Հատուցման ժամն է հասել:

Դեպի ճակատ, դեպի ճակատ դրամի ու ռազմի, մտքի ու զգացմունքի բոլոր դասալիքներ:

Ավետիս Ահարոնյան

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives