Ազգ, 23 մարտի, 1993թ., թիվ 52(303), երեքշաբթի
Նախիջևանի կողմից խախտվել է Հայաստանի պետական սահմանը
Շաբաթ և կիրակի օրերին իրադրությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում մնում էր ծայրահեղ լարված: Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է մեր թղթակից Վահրամ Աղաջանյանը, վկայակոչելով ԼՂՀ ինքնապաշտպանության շտաբի տվյալները, շարունակվում էր ադրբեջանական ազգային բանակի խուճապահար նահանջը Մարտակերտի շրջանից: Մարտի 19-ին ԼՂՀ զինված ուժերը գրավել են Գյուլաթաղ գյուղից հյուսիս երկու կարևոր բարձունք: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Մարտի 20-ի երեկոյան և լույս 21-ի գիշերը հայկական կազմավորումները, հակագրոհի անցնելով, ազատագրել են ևս 3 գյուղ՝ Մաղավուզ, Հակոբ Կամարի և Մինգրելսկ: Մարտերի ընթացքում հայկական կողմից զոհվել են 7 մարտիկ, կան վիրավորներ: Ադրբեջանցիների կորուստների մասին տեղեկությունները ճշտվում են:
Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, մարտի 21-ի ուշ երեկոյան ազատագրվել է նաև Ներքին Հոռաթաղ գյուղը: Երկու կողմից կան զորհեր և վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է:
Ինչպես հաղորդում է Սնարք գործակալությունը, մարտի 22-ին հրթիռակոծվել է Լաչինի միջանցքի գոտին: Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Նոյյան տապան գործակալությունը հայտնում է, թե ԼՂՀ ԳԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լևոն Մելիք-Շահնազարյանը Ղարաբաղի խնդրի վերաբերյալ ռուս-ամերիկյան և ռուս-ֆրանսիական հայտարարությունների կապակցությամբ հայտնել է, թե ԼՂՀ-ում հասկանում են այդ հայտարարություններում առկա մտահոգությունները: ԼՂՀ-ն շարունակում է խնդրի խաղաղ, քաղաքակիրթ լուծման իր քաղաքականությունը: Պատերազմը մեր ընտրությունը չէ, այն պարտադրել է Ադրբեջանը, խախտելով ԵԱՀԽ շրջանակներում բոլոր համաձայնությունները: Ադրբեջանական կողմը շարունակում է ցույց տալ, թե կոնֆլիկտը Հայաստանի և Ադրբեջանի միջև է: Այս ենթատեքստում Ղարաբաղում խորին բավարարվածությամբ նշում են, որ այդ համատեղ հայտարարություններում որպես հակամարտ կողմ նշված է նաև ԼՂՀ-ն: ԼՂՀ-ն ողջունում է այդ հայտարարությունները և հայտնում իր պատրաստակամությունը խնդրի խաղաղ կարգավորման հարցում:
Շաբաթ և կիրակի օրերին իրադրությունը սրված էր նաև հայ-ադրբեջանական սահմանային գոտում: Ինչպես հաղորդում է Նոյյան տապան գործակալությունը, վկայակոչելով ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը, մարտի 20-ի երեկոյան Ադրբեջանի Կուբաթլուի շրջանի Սեյթազ գյուղի տարածքից հրաձգային զենքերից կրակ է բացվել Գորիսի շրջանի Շուռնուխ գյուղի ուղղությամբ: Գորիսից մեր թղթակից Հասմիկ Բաբաջանյանը հաղորդում է, թե ադրբեջանական բանակը մարտի 20-ին, հրետակոծությունից հետո լայնածավալ գրոհ է ձեռնարկել Շուռնուխ գյուղի ուղղությամբ: Ծավալվել է մերձամարտ, որի ժամանակ զոհվել են 5 հայ մարտիկներ, վիրավորվել 7 հոգի, 2-ը անհետ կորել են: Գրոհը հետ է մղվել:
Մարտի 21-ի կեսօրին փոխհրաձգություն է տեղի ունեցել նաև Կրասնոսելսկի շրջանի Վահան գյուղի սահմանագծին: Տուժածներ չկան:
Ինչպես հաղորդում է Նոյյան տապան գործակալությունը, մարտի 21-ի առավոտյան Նախիջևանի տարածքից գնդացրային կրակ է բացվել Եղեգնաձորի շրջանի դիրքերի ուղղությամբ: Փոխհրաձգություն է ծավալվել նաև Խաչիկ և Արենի գյուղերի հատվածում: Երեկոյան կողմ հակառակորդի շուրջ 50 հոգանոց մի ջոկատ զրահամեքենայի աջակցությամբ խախտել է Հայաստանի սահմանը Խաչիկ գյուղի ուղղությամբ և փորձել առաջ շարժվել: Հայ սահմանապահ մարտիկները կանգնեցրել են թշնամուն և ետ շպրտել: Հայկական կողմից տուժածներ չկան: