October 20, 2020

Ադրբեջանցիներն անկազմակերպ լքում են դիրքերը

  • by Archives.am
  • 27 Years ago
  • 0

«Երկիր», 27 օգոստոսի, 1993թ., թիվ 162 (503)

ԼՂՀ ռազմաճակատների ամբողջ գծի երկայնքով շարունակվում են մարտական գործողությունները։ Ինչպես հաղորդեցին ԼՂՀ պաշտպանական բանակի շտաբից, դրությունը նախորդ օրերի համեմատությամբ, կարծես կայունացել է։

Օգոստոսի լույս 26-ի գիշերը դիրքային փոխհրաձգություններ են գրանցվել ԼՂՀ սահմանագծի հարավում եւ հարավ-արեւմուտքում։ Ինչպես վկայում են մեր բանակի հետախուզության տվյալները, դասալքության ծավալը եւ տարբեր կուսակցությունների, ռազմական խմբավորումների միմյանց նկատմամբ անհաշտ վերաբերմունքը առիթ են դարձել, որպեսզի առանց լուրջ պատճառների ադրբեջանական ստորաբաժանումները լքեն ռազմաճակատի հարավային գիծը։ Նրանք, հակառակվելով միմյանց, ինքնակամ հեռացել են Հադրութի սահմանամերձ գոտու ռազմական հենակետերից, որոնք գրեթե 2 տարի է, ինչ իրենց ձեռքում են։ Դիրքերից աննկատ հեռացած ադրբեջանական բանակի զինվորները այնտեղ թողել են 1 ծանր հրասայլ, 2 մարտական մեքենա, 2 ծանր հրետանի, մեծ քանակությամբ զինամթերք։

Այժմ արդեն Հադրութի ամբողջ սահմանագիծը վերահսկվում է ղարաբաղցի մարտիկների կողմից։

Դրությունը Լաչինի մարդասիրական գոտում դարձյալ լարված է։ Դիվերսիոն հարձակումները, որ կատարվում են մեր պաշտպանական դիրքերի վրա, այլեւս անպատասխան չեն մնում մեր մարտիկների կողմից։

Ճակատային գծի մյուս հատվածներում էական փոփոխություններ չեն նկատվել։

Ադրբեջանական աղբյուրների հաղորդումներն այն մասին, թե ղարաբաղցիները շարժվում են դեպի Իրանի սահմանը, ԼՂՀ պաշտպանական բանակի շտաբում որակել են որպես սադրիչ եւ իրականությանը չհամապատասխանող։

Օգոստոսի 26-ի առավոտյան ադրբեջանական կազմավորումները վերսկսել են ռազմական գործողությունները վերոհիշյալ ուղղություններով։ Օգոստոսի 25-ի երեկոյան Ադրբեջանի Գետաբեկի շրջանից «Գրադ» կայանքներից ու զրահամեքենաներից հրետակոծվել է Կրասնոսելսկ շրջկենտրոնը։ Արձակված արկերից մեկն ընկնել է թիվ 1 դպրոցի վրա։

«Հայլուր»

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories

Archives