February 28, 2021

Ադրբեջանը և… բարեսիրությո՞ւն

  • by Archives.am
  • 29 Years ago
  • Comments Off

«Երկիր», 31 հուլիսի, 1992, 145 (234)

Հուլիսի 29-ին Ռուսաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության բոլոր ծրագրերը թմբկահարում էին Ադրբեջանի «բարեսիրական քայլը՝ կապված 19 հայերի ազատ արձակման հետ, որոնք, պատանդ էին վերցվել ԼՂՀ-ի Շահումյանի շրջանը զավթելիս։ Լրագրողները նախկին գերիներին հարցնում էին բանտային պայմանների մասին՝ մոռացության մատնելով պարզագույն հարցը. ինչո՞ւ էին այդ զառամյալ ծերունիներին ու կանանց պահում քրեական հանցագործների համար նախատեսված բանտում, երբ նրանց միակ «մեղքն» այն է, որ նրանք հայեր են եւ չեն կարողացել ժամանակին հեռանալ իրենց հարազատ գյուղերից, որոնք գրավվել ու թալանվել են ադրբեջանցի ավազակների կողմից։ Հարկ է նաեւ նշել, որ այդ օրերին ԼՂՀ-ի Շահումյանի շրջանից պատանդ է տարվել առնվազն 116 հայ։

Ահա ադրբեջանական «բարեգթության» մեկ ուրիշ օրինակ։ Հունիսի 9-ին Բաքու քաղաքի բանտում, իբր թե պերետոնիտից, վախճանվել է Յուրի Հովսեփի Ջանգիրյանը, որը ապրիլի 2-ին դատապարտվել էր մահապատժի: Այդ մասին տեղյակ չեն պահվել ոչ Ջանգիրյանի հարազատները, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները։ Տեղեկությունը ստացվել է միայն հուլիսի 23–ին, պատահականորեն, լենինգրադցի փաստաբան Վ. Տյուլաեւից, որը կալանված հայերի դատապաշտպանն էր։ Ավելի ուշ, Հայաստանի դատախազի հետ հեռախոսազրույցի ժամանակ, այդ տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի դատախազը: Ջանգիրյանը, որը երեք երեխաների հայր է, ադրբեջանական օմօնականների կողմից ձերբակալվել եւ դաժանաբար ծեծվել է 1991 թվականի ամռանը, ԼՂՀ-ի Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղում։ Ձերբակալության ժամանակ անգթաբար ծեծվել է նաեւ Ջանգիրյանի կինը։

Հ. Ջանգիրյանի «մեղքն» այն էր, որ նա ղեկավարել է մի խումբ շինարարների, որոնք տնակներ են տեղադրել Սումգայիթի եւ Բաքվի փախստականների համար։ Սակայն նրան սկզբում մեղադրեցին քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածով՝ ազգամիջյան թշնամանք հրահրելու համար, իսկ ավելի ուշ, փաստորեն առանց ապացուցման, մեղադրեցին սպանության մեջ։ Նույն բանտի մյուս կալանավորների տեղեկությունների համաձայն, Ջանգիրյանը ենթարկվել է դաժան տանջանքների: Շարադրվածի վավերական ապացույցները ժամանակին հանձնվել են «Amnisty International»-ին եւ միջազգային այլ կազմակերպությունների, ինչը, ավաղ, Ջանգիրյանի ողբերգական ճակատագրի վրա ազդեցություն չունեցավ։

  • facebook
  • googleplus
  • twitter
  • linkedin
  • linkedin
Previous «
Next »

Categories

Archives